Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը հաստատել է 2011-2012թթ. ռազմական բյուջեի 4,9 միլիարդ դոլար չափը: Նախորդ տարվա հետ համեմատած աճը կազմել է ավելի քան 10%: Ընդհանուր գումարի կեսից քիչ պակաս չափով կֆինանսավորվեն զինծառայողների դրամական բավարարումն ու նրանց հետ կապված այլ ծրագրերը: Մնացածը կուղղվի սպառազինության ձեռքբերմանը կամ արդիականացմանը:

Lockheed Martin F-22 Raptor

ԱՄՆ օդուժը Lockheed Martin F-22 Raptor կործանիչի փորձարկում է իրականացրել, որի ընթացքում ինքնաթիռի վառելիքի բաքերը լիցքավորվել են բիովառելիքով: Ինքնաթիռը կարողացել է հաղթահարել ձայնի արագությունը: Փորձարկումների ծրագիրը ներառում է տարբեր գործողություններ` շարժիչի անջատում- միացում, ինքնաթիռի կառավարում տարբեր ռեժիմների, արագության, բարձրության պայմաններում:
Այժմ ԱՄՆ օդուժը սովորական վառելիքի օգտագործման ծավալները երկու անգամ կրճատելու ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում փորձարկումներն ավարտելուց հետո բոլոր ինքնաթիռները բիովառելիք օգտագործելու հավաստագիր կստանան:

ԳՆԴԱՑԻՐՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հնդկաստանի ռազմածովային ուժերը մրցույթ են հայտարարել ծանր գնդացիրների մատակարարման համար, որոնք նախատեսվում է օգտագործել բոլոր տեսակի նավերի վրա, նաև՝ ցամաքային զորքերում: Զինվորականների պահանջների համաձայն՝ գնդացիրները պետք է ունենան կրակի` 1800 մետր արդյունավետ հեռավորություն, լինեն դժվար նկատելի, պատված հատուկ քողարկող ներկով և ունենան կրակմարիչ: Բոլոր նմուշների վրա պետք է տեղադրված լինի ջերմափնտրիչ էկրան: Փողի ծառայության ժամկետը սահմանվել է առնվազն 10000 կրակոց՝ րոպեում առնվազն 450 կրակոց կրակային տեմպի դեպքում:

ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔՆ ԶԳՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկյան TeaLinx ընկերությունը ԱՄՆ բանակի ֆինանսավորմամբ ստեղծել է Phoenix40-A փոքր անօդաչու թռչող ապարատը, որի վրա տեղադրված սենսորային համակարգը թույլ է տալիս զգալ շնչառությունը և հայտնաբերել նույնիսկ անշարժ մարդկանց՝ բետոնե կոնստրուկցիաների հետևում: Թռչող սարքը համալրված է ռադիոհաղորդիչով և տեսախցիկներով: Այն կարող է թռիչքի ուղղահայաց մեկնարկ և վայրէջք կատարել, թռչել նախապես սահմանված երթուղով: Ընկերությունը թողարկում է նաև գետնի վրա գործող ռոբոտներ նույն սենսորային հնարավորություններով:

Dassault Rafale

Չորրորդ սերնդի ֆրանսիական բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը ստեղծվել է Dassault aviation ընկերության կողմից՝ ACX (Advanced Combat Experimental) ծրագրի շրջանակներում, նոր տեխնոլոգիաներ կիրառելու միջոցով և իր ունակություններով առավել մոտ է հինգերորդ սերնդի կործանիչներին: Այն եկել է փոխարինելու Ֆրանսիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերում գտնվող «Mirage Ֆ-1», «Սուպեր Էտանդեր, Ֆ-8», իսկ հետագայում նաև «Միրաժ-2000» կործանիչներին: Ունի բավականին կատարելագործված ռադիոլակացիոն համակարգ, նոր էլեկտրոնային սարքավորումներ, ստեղծվել է «բադ» սխեմայով, ունի հիանալի թռիչքատեխնիկական հնարավորություններ:

Ինքնաշեն պայթուցիկ սարքերը չեզոքացնելու համակարգչային խաղ

Ամերիկյան «Picatinny» ընկերությունը արտոնագիր է ստացել` Իրաքում և Աֆղանստանում ինքնաշեն պայթուցիկ սարքերը չեզոքացնելու նպատակով կիրառվող ռոբոտների ղեկավարումը զինվորներին ուսուցանելու համար: Ուսուցումն իրականացվելու է հատուկ այդ նպատակով ստեղծված համակարգչային խաղի միջոցով:
Վարժասարքի ղեկավարման վահանակը իսկական ռոբոտների ղեկավարման վահանակի պատճենն է, իսկ էկրանի վրա արտապատկերվում է իրական մարտադաշտը` բոլոր «անակնկալներով»:

Ատոմային սուզանավ

Մինչև այս տարվա հոկտեմբեր Ռուսաստանը Հնդկաստանին 900 մլն դոլարի դիմաց 10 տարով վարձակալությամբ կտրամադրի K-152 ատոմային սուզանավ: Ներկայում ռուս հրահանգիչները ուսուցանում են հնդկական անձնակազմին: Դասընթացը ներառում է նաև թևավոր հրթիռների արձակում:
2008թ. նոյեմբերին այս սուզանավի վրա հրդեհ էր բռնկվել և թունավոր գազերի արտահոսքի հետևանքով Ճապոնական ծավում զոհվել էր 20 նավաստի: Նորոգումից հետո սուզանավը պատրաստ է շահագործման: