Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»



ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի հայ իրականության ամենաերեւելի դեմքերից էր Թորոս Թորամանյանը։ Նա հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն էր, մի եռանդաշատ եւ բազմահմուտ մարդ, որը շուրջ 30 տարի շրջելով պատմական Հայաստանի տարածքում՝ չափագրեց, լուսանկարեց եւ նկարագրեց հարյուրավոր հուշարձաններ, վերակազմեց դրանցից շատերը՝ փրկելով մոռացությունից, առաջինը դասակարգեց եւ բնութագրեց ազգային  ճարտարապետության զարգացման շրջանները՝ աշխարհին ի ցույց հանելով նրա ինքնատիպությունն ու անկրկնելիությունը։  Թորամանյանի շնորհիվ էր, որ հայկական ճարտարապետությունը միջազգային ճանաչում ստացավ, որպես ինքնուրույն ճարտարապետական ոճ, որն իր ազդեցությունն է թողել եվրոպական ճարտարապետության վրա։

Թորամանյանի ուսումնասիրությունները, որպես ամբողջական եւ կուռ տեսություն, լայն արձագանք գտան ռուսական եւ եվրոպական ճարտարագիտության ու պատմագիտության մեջ։ «Կայսերական հնագիտական հանձնաժողովի տեղեկատու» հանդեսը 1912 թ. գրեց. «Ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանն առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում։ Մինչեւ նրա աշխատանքների երեւան գալը, եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը։ Շնորհիվ Թորամանյանի աշխատությունների, որոնք արեւելյան գեղարվեստի պատմության մեջ մի առանձին շրջան են կազմում, եվրոպական գիտությունը ճշտում է իր սխալը, եւ նրանում բացվում է ինքնուրույն էջ հին հայ ճարտարապետության համար»։

Թորամանյանը, այդպիսով, «ռմբահարեց» ու փլուզեց եվրոպացիների կարծրացած տեսակետը ճարտարապետության պատմության մի կարեւոր իրողության մասին, եւ պատահական չէր, որ հայ ճարտարապետի ուսումնասիրությունները եվրոպական նշանավոր գիտնականներից մեկը համեմատեց թնդանոթների հետ։ Բացատրությունը տալիս է Հովհաննես Թումանյանն իր «Թորամանյանի թնդանոթները»  հոդվածում. «Հարգելի գիտնականը թնդանոթներ անվանում է Թորամանյանի ուսումնասիրած եւ հավաքած հայկական ճարտարապետության էն նմուշները, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանություններով լույս պետք է տեսնեն Եվրոպայում։ Ասում են, դրանք «նորություններ են Եվրոպայի մասին», եւ առայժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»։

Սքանչելի են Թումանյանի հետագա տողերը՝ Թորամանյանի գործի բարձրագույն գնահատականը. «Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, եւ թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբեւիցե հնարել է մարդը. իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը»։

Թումանյանն իրեն հատուկ իմաստնությամբ լայն հայացքով է նայում ինչպես Թորամանյանի գործին, այնպես էլ անձին. «Հիրավի, գործիչները նման են զորավարների, եւ նրանց գործերը թնդանոթներ են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ եւ ժամանակներ։ Բայց ինչպես ամեն մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք է ունենա մի ոգեւորված ու հավատարիմ բազմություն, էնպես էլ ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը»։

Թումանյանը խոսում էր ազգային երեւելիներին սատար կանգնելու, ոչ միայն նրանց հարգելու եւ մեծարելու, այլեւ նրանց շուրջը համախմբվելու, միասնական ուժ դառնալու մասին։ Դա ժողովրդի համախմբվածության եւ միասնականության կոչ էր։

Բանաստեղծն իր հոդվածը գրել է 1914 թ.՝ Առաջին աշխարհամարտի սկսման տարում, եւ շուտով պետք է որոտային իսկական թնդանոթները՝ սփռելով մահ եւ արյուն։ Հայ ժողովուրդը պետք է կանգներ կործանման վիհի եզրին, եւ ավելի ուժգին պետք է հնչեր համախմբվածության եւ միասնական թումանյանական կոչը։ Այդ կոչի տակ, անկասկած, կարող էր դրվել նաեւ Թորամանյանի ստորագրությունը։

Պատերազմը նրան էլ հասավ եւ այն էլ՝ անողոքաբար։ Արհավիրքը դեռ չէր սկսվել, 1914-ին մեկնեց Վիեննա՝ հրատարակելու իր հիմնարար աշխատությունը հայ ճարտարապետության մասին։ Դա հենց այն աշխատությունն էր, որ 1913-ին արժանացել էր Վիեննայի արվեստի պատմության ինստիտուտի լավագույն ուսումնասիրության մրցանակին։ Հետը տարել էր ամեն ինչ՝ հազար թերթից ավելի գծագրեր, չափագրություններ ու վերակազմության նախագծեր, լուսանկարներ։ Գործն ընթացքի մեջ էր, երբ պարզվեց, որ որոշ լրացումներ անելու անհրաժեշտություն կա։ Կարճ ժամանակով վերադարձավ հայրենիք եւ… Վիեննա մեկնել չկարողացավ՝ սկսվեց պատերազմը։ Նրա փոխարեն «գործի անցավ» վերոհիշյալ ինստիտուտի պրոֆեսոր Յո. Ստրժիգովսկին՝ միանձնյա իրեն վերապահելով Թորամանյանի գրքի հրատարակության իրավունքը, նա հայ ճարտարապետի հավաքած գիտական նյութերի հիման վրա 1918 թ. տպագրում է «Հայկական ճարտարապետությունը եւ Եվրոպան»  վերնագրով երկհատոր գիրքը գերմաներեն, միայն իր ստորագրությամբ, սոսկ հիշատակելով, որ գծագրական նյութերի հեղինակը Թ. Թորամանյանն է։

1918-20 թթ. գաղթի ժամանակ Թորամանյանը կորցնում է իր արխիվը, հրատարակության պատրաստ ինն աշխատությունների ձեռագրերը, օրագրերն ու կարեւոր փաստաթղթեր, հազվագյուտ գրքեր։ Անբասիր գիտնականի համար սրանք ողբերգություն էին…

Եվ, այնուամենայնիվ, գերխնդիրը կատարված էր՝ Թորամանյանի «թնդանոթները» նպատակակետին խփել էին ուղիղ նշանառությամբ, եւ քաղաքակիրթ Եվրոպան ընդունել էր հայկական ճարտարվեստի՝ որպես ինքնուրույն ճարտարապետական ոճի գոյության փաստը։ Դա մեծագույն հաղթանակ էր, որ մի այլ ճակատամարտում տարել էր Զորավար Անդրանիկի հայրենակից, շապինգարահիսարցի Թորոս Թորամանյանը։

 

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (1447) 31.08.2022 - 06.09.2022, Պատմության էջերից


02/09/2022