Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ԽՈՍՔԸ



Հայոց մեծերի համար Ամանորի տոնը միշտ էլ մի գեղեցիկ առիթ է եղել նորից խոսելու հարազատ ժողովրդի հետ, իմաստավորելու կյանքը, խորհրդածելու անցած եւ գալիք ճանապարհների շուրջ։ Եվ ծնվել են խոսքեր, գրվել տողեր, որոնք այսօր էլ հնչում են նույն իմաստնությամբ՝ ճանաչել տալով ոչ միայն մեծերին, այլեւ ինքներս մեզ։
Հետաքրքիր է, ի՞նչ են մտածել, ինչպե՞ս են Ամանորը տեսել մեր մեծերը երկրի, ժողովրդի եւ իրենց իսկ կյանքի տարբեր ժամանակահատվածներում։

Համո Սահյան

Նոր տարի է գալիս։ Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել իմ տոհմ ու տակի ավագների եւ կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար։
Ուզում եմ հետ նայել, հետ գնալ, վերապրել անցածը, մեկ տարվա անցածը։ Ուզում եմ շնորհակալության ու շնորհավորանքի խոսքեր գտնել իմ ժողովրդի փետրվարյան խիստ ու խելոք ընդվզումների համար, դարավոր ստրկության վախից ձերբազատվելու նրա աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության եւ միաբանության նրա աստեղային ժամի համար, իր ինքնաճանաչման գիտակցությունը դարի ճակատին արձանագրելու համար, իր երդաշեն վաստակի եւ երդանվեր ոգու համար, կորցրածը ետ բերելու իր առաջին հանդուգն փորձի համար։
Մենք տոկալու եւ ապրելու ենք, քանի աշխարհը կա, քանի աշխարհում մարդկություն կա եւ մարդկության մեջ՝ մարդկայնություն։
Այս հավատով էլ ոտք դնենք Նոր տարվա շեմին եւ բոլոր սրտով բոլորին մաղթենք՝ շնորհավո՜ր Նոր տարի։
1988թ. դեկտեմբերի 31

Նոր տարի է գալիս։ Դառնանք ու մաղթենք, որ այս տարին իրենց տուն ու տեղից քշված հայերի համար գաղթականության վերջին տարին լինի, որ նրանք իրենց հող դարձած պապերի հողի վրա տիրաբար քայլեն, ծաղկեցնեն այդ հողը եւ ապահովեն իրենց սերունդների ծաղկումը։ Նոր տարի է բացվում, բարով է բացվում ու բացվում է բարի□
1989թ. դեկտեմբերի 31

Նոր տարի է գալիս։ Ոչ մի օրհաս, ոչ մի հոգեվարք, ոչ մի կործանում, մենք նոր ենք կայանում որպես ազգ ու պետություն, այդ կայանալու կենացը մաղթենք։
1992թ. դեկտեմբերի 30

Ավետիք Իսահակյան

…Ժամը 12-ին։ Հնչեց 12 ժամը։ Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ, նորն սկսվեց։
Լուսամուտը բացել, նայում եմ։ Լուսնյակ գիշեր, լիալուսին, թեթեւ, կապույտ ամպեր։ Լսում եմ… գնացքը գնում է՝ սուլելով… Հանկարծ նավերի շչակները սուլում են, սուլում են, սուլում են… Հրացաններ են արձակում, անթիվ… Հեռվից՝ մարդկանց ձայներ, երգեր, ծիծաղներ…
15 վայրկյան…
Պառկել, վերհիշում եմ բոլոր Նոր տարիները, որ դիմավորել եմ, ի՞նչ կերպ, ի՞նչ սրտով, ո՞ւր, ինչպե՞ս…
Սուլում են նավերը, մեկը՝ կտրում, մյուսը՝ սկսում…
Մարդկությունն ուրախանում է… ինչո՞ւ, ի՞նչ հույսեր է սպասում, երբ դժգոհ հնից՝ դիմում է անծանոթին… մահին, վերջին, ապագային, որի ծոցում ո՜վ գիտե ինչ դաշույններ կան… Գուցե մեզնից ոմանք չեն հասնելու մյուս տարուն, եւ շատերս չենք հասնելու անշուշտ, բայց ուրախանում ենք… Ի՜նչ բնազդ է…
1926թ. դեկտեմբերի 31,
Վենետիկ («Հիշատակարանից»)

Նոր տարվա առիթով ցանկանում եմ, որ մեր զոհված մարտիկների եւ կենդանի մնացածների արդար փափագները՝ թշնամու ոչնչացումը, արագ կատարվի։
Ցանկանում եմ մեր քաջարի զինվորներին աննկուն հավատ եւ համոզմունք վերջնական հաղթանակի հանդեպ։
Բարեմաղթում եմ ավելի տոկունություն, կորով եւ խիզախություն։
Համոզված ենք, որ շուտով մեր հերոսական եղբայրների արյունով ազատագրված հողերի վրա նորից կծավալվի ընդհատված խաղաղ եւ ստեղծագործ աշխատանքը։
1942թ. հունվարի 1, Երեւան

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Հոգևոր-մշակութային


20/01/2011