Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՎԵՑԻ «ԱՆՆԱ ՖՐԱՆԿԻ» ԱՆՍՈՎՈՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ



ԲԱՔՎԵՑԻ «ԱՆՆԱ ՖՐԱՆԿԻ» ԱՆՍՈՎՈՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸԱմերիկահայ գրող, դասախոս, իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոթը ծնվել է Բաքվում 1978թ.: Նրան անվանում են Բաքվի «Աննա Ֆրանկ»: Այնտեղ իրագործված հայերի ջարդերի ժամանակ Աննան 12 տարեկան է եղել. իր մանկական հիշողություններն ու զգացողություններն այդ իրադարձությունների մասին շարադրել է օրագրերում, որոնք հետագայում՝ 2012թ., տպագրվել են «Ոչ մի տեղ արտաքսման մի պատմություն» վերնագրով: Սովորել է Հյուսիսային Դաքոտայի համալսարանում և ստացել որակավորում անգլիական գրականության, փիլիսոփայության և կրոնի բնագավառներում։ Իրավագետի որակավորում էլ ստացել է 2003 թվականին Մեն նահանգի իրավաբանական համալսարանում, որն ավարտելուց հետո դարձել է ամերիկյան առաջին քարտուղարներից մեկը Հաագայի միջազգային քրեական դատարանում։ Նա կարևոր դեր է խաղացել Մեն նահանգի կողմից 2013 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ Վերջին տասնամյակում Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի և Արցախի կարիքավոր բնակիչների համար նախաձեռնել է մի շարք մարդասիրական նախագծեր։ Աննան ակտիվորեն աջակցում է վիրավոր հայ զինվորներին և նրանց ընտանիքներին։ Զորամասերին տրամադրել է դաշտային խոհանոցներ և լոգարաններ, առաջին օգնության փաթեթներ և արևային մարտկոցներ: 2020 թ. սկզբին Աննան հիմնել է «Աննա Աստվածատուրյան հիմնադրամ» հասարակական բարեգործական կազմակերպությունը, որի նախաձեռնություններից է նաև վերջերս մեկնարկած «Սեր Արցախ» ծրագիրը, որի շնորհիվ Արցախում ծնված երեխաների ընտանիքներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրերով հագեցած արկղեր: Աննա Աստվածատուրյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» և «Լեռնային Ղարաբաղի երախտագիտություն» մեդալներով։

 

Աննան հայրական արմատներով Սյունիքից է, Խնձորեսկին մոտ գտնվող Քարաշեն փոքրիկ գյուղից: Այժմ էլ Քարաշենում բարեկամներ ունի: Մայրական կողմի արմատները տանում են Նախիջևան ու Գանձակ.

-Միակ բանը, որ գիտենք այս կողմի նախնիներիս մասին, այն է,- պատմում է Աննան,- որ նրանց տեղահանել են, ամայացրել են Նախիջևանը հայերից՝ նրանց բնակարան տալով Բաքվում: Մայրս և նրա հայրը ծնվել են Բաքվում: Ինքս էլ Բաքվում եմ ծնվել՝ 1978 թ.: Գանձակից (Կիրովաբադ), ինձ միայն տատերիս պատմություններն են հասել՝ նաև այն մասին, որ ադրբեջանցիները գորգեր էին գնում իրենցից, որ ընդօրինակեն դրանք: Այսպես են հայտնվել «ադրբեջանական գորգերը»:

ԲԱՔՎԵՑԻ «ԱՆՆԱ ՖՐԱՆԿԻ» ԱՆՍՈՎՈՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸՄինչև 12 տարեկան դառնալը Աննան բնակվել է Բաքվում:

-Ամենաջերմ հիշողություններս կապված են մեր բարեկամների ու հարազատների հետ, որոնք կա՛մ բնիկ բաքվեցի էին, կա՛մ էլ մեզ պես տեղահանվածներ: Ծննդյան օրեր, լողափնյա հանգիստ՝ ընտանիքներով… Ծնողներս զարգացած մարդիկ էին, բարձրաշխարհիկ շատ ընկերներ ունեին՝ ռուս, հրեա, երբեմն նույնիսկ ադրբեջանցի: Այնպիսի տպավորություն էր, որ Բաքուն ինտելեկտուալ, միջազգային քաղաք է: Բայց ծնողներիցս միշտ լսում էի, որ ես Մոսկվայում պետք է սովորեմ: 1970-ական թվականներին բոլոր հայկական դպրոցները փակված էին: Ես անգլիական թեքումով ռուսական դպրոց էի հաճախում: Լավ համալսարանները քիչ էին, և շատ մեծ գումարներ պետք է վճարեր հայը, որ այնտեղ հայտնվեր: Մինչև Արցախյան շարժումն էլ սա միշտ զգացվում էր…

Աննայի պապը՝ Եղիշե Աստվածատուրյանը, վերապրել է թե՛ 1915 և թե՛ 1918 թվականների հայերի ջարդերը: Նրա ընտանիքը 1915 թ. ցեղասպանության ընթացքում սովամահ էր եղել: Նա քրոջ հետ գնացքով Բաքու էր մեկնել՝ ապահով տեղ գտնելու, սակայն կարճ ժամանակ անց այնտեղից էլ ստիպված էին եղել փախչել:

-Բաքվում 1918 թ. 30000 հայ է կոտորվել. իմ պապին և նրա քրոջը ռուսներն են փրկել, նավով տեղափոխել են Թուրքմենիա: Այնուհետև տեղափոխվել են Երևան: Հիշում եմ՝ թե՛ պապս, թե՛ տատս միշտ մարդկանց հետ իրենց հարաբերությունները կառուցում էին ըստ ռուսական «Վստահի՛ր, բայց ստուգի՛ր» խոսքի: Ատելությունը միշտ էլ կար հայերիս հանդեպ, սակայն Խորհրդային Միությունն այդ ամենը վերահսկում էր, և հարաբերականորեն անվտանգություն կար: Հայ երեխաները Բաքվում միշտ էլ վախենում էին իրենց հայ լինելը ցույց տալուց: Մեզ թույլատրված չէր խոսել հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի թեմայով: Երբ այդ մասին հարցեր էի տալիս ծնողներիս, նյարդայնանում էին. վախենում էին, որ հանկարծ այդ հարցերը կտայի նաև դպրոցում: Մեծերը մեզ հետ խոսում էին ցեղասպանության մասին, բայց մանրամասներ չէին պատմում: Ինձնից փորձում էին թաքցնել հայ լինելու իրական վտանգները այս երկրում: Ես ինքս դպրոցում, համենայն դեպս, կասկածելի ոչինչ չէի զգում, մինչև Սումգայիթը: Սումգայիթյան դեպքերից հետո ադրբեջանցի երեխաների, անգամ ուսուցիչների վերաբերմունքը մեր հանդեպ կտրուկ փոխվեց: Ծնողներս ինձ հորդորում էին փողոցով անցնելիս դեմքս թաքցնել, քանի որ տիպիկ հայուհի էի, կամ ասել, որ հրեա եմ: Լրատվությունում Սումգայիթյան իրադարձությունների մասին ոչինչ չկար. ասես, ոչինչ չէր կատարվում: Այս ամենի մասին իմացանք, երբ Սումգայիթում աշխատող մեր բարեկամներից մեկը, ականատես լինելով հայերի ջարդերին, օրերի ընթացքում վաճառեց տունը, վերցրեց ընտանիքն ու Մոսկվա մեկնեց: Հասկանում էինք, որ շատ վատ բան է կատարվել, բայց թե՝ կոնկրետ ինչ, չգիտեինք: Հետո թե՛ ռադիոյով, թե՛ հեռուստատեսությամբ, ամենուր լուրեր էին տարածում, իբր հայերը ագրեսիվ են, որ փորձում են ինչ-որ սադրանքների դիմել, հորդորում էին շատ զգույշ լինել: Կիրովաբադի՝ Գանձակի ջարդերն արդեն եղել էին: Սովետական տանկերը մտան Բաքու: 1988 թ.՝ Սպիտակի երկրաշարժից հետո, երբ աղիողորմ լալիս էինք, սգում, և ամբողջ աշխարհը ցավակցում էր հայերիս, օգնություն էր ուղարկում Հայաստան, մենք այդ նույն ժամանակ Բաքվում շնորհավորական բացիկներ էինք ստանում ադրբեջանցիներից: Իմ մորաքույրն էր ականատես եղել՝ փուչիկներով, տորթով եկել էին դպրոց՝ տոնելու երկրաշարժի առիթը. «Աստված ձեզ պատժում է Ղարաբաղյան շարժման համար»,- ասում էին: Հետո արդեն ընդգծված նախանձ սկսվեց հայերիս հանդեպ. ինչո՞ւ է ամբողջ աշխարհը օգնում սրանց: Ինչո՞ւ են այդքան լավ վերաբերվում հայերին: Շատ տարօրինակ ժամանակներ էին: Ամեն անգամ, երբ իրադրությունը թեժանում էր, ռուսական տանկեր էին մտնում Բաքու: Հենց գնում էին, կրկնվում էր նույնը: Հետո եղավ ամենասարսափելին: Միլիոնանոց հանրահավաքներ էին լինում Լենինի հրապարակում: Մարդկանց հոսքը ճիշտ մեր տան մոտով էր անցնում: Ագրեսիվ տրամադրված, թմրանյութերի ազդեցության տակ հրոսակներ… Ես տատիկիս անընդհատ հարցնում էի՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ինձ դպրոցում այդքան վատ նայում:

ԲԱՔՎԵՑԻ «ԱՆՆԱ ՖՐԱՆԿԻ» ԱՆՍՈՎՈՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ…1989 թ. գարնանն էր. ես այդ ժամանակ 11 տարեկան էի: Մի օր մեր 30-32-ամյա հարևանը փողոցում հարձակվեց վրաս: Նա ինձ անընդհատ հետևում էր փողոցում, տարօրինակ նայում: Փորձեց ինձ բռնել: Այն ժամանակ դեռ չէի հասկանում՝ ինչն ինչոց է, բայց թափ տվեցի ինձ, ազատվեցի նրա գրկից. նրան հաջողվեց միայն թեթև ճանկռել ինձ: Ինձ փրկեց այն, որ ուժեղ հարբած էր: Վազելով եկա տուն, պատմեցի տատիկիս: Նա խնդրում, աղաչում էր, որ հորս հանկարծ չասեմ: Եթե հայրս իմանար, գուցե սպաներ այդ մարդուն, և մեր ամբողջ ընտանիքը հաստատ կոչնչանար: Տատիկս ռուսերենի ուսուցչուհի էր՝ շատ կիրթ ու խելացի մի կին: Ինձ խորհուրդ տվեց. «Գրի՛ր, որ չմոռանաս այս ամենը…»: Նա գիտեր, որ դա ինձ հոգեբանորեն կհանգստացնի: Սկսեցի գրել Բաքվում, շարունակեցի Երևանում:

1989 թ. ամռանը հայ ընտանիքների մեծ մասն արդեն հեռացել էր Բաքվից: Մայրս դեռ չէր հավատում, որ ինտերնացիոնալ քաղաք Բաքվում մի շատ սարսափելի բան կարող է պատահել: Բայց մի օր ինչ-որ բան էր պատահել նրան, որի մասին մենք երբեք ոչինչ չիմացանք: Նա հանկարծ կտրուկ փոխվեց, տուն եկավ, ասաց, որ մեկնում ենք: Սեպտեմբերի վերջին հեռացանք Բաքվից: Մեր բախտը բերեց. փրկվեցինք: Մեր բարեկամներից ու հարևաններից շատերինը՝ ոչ… Հայրս չէր կարող մեզ հետ գալ, նախ՝ չէր ուզում մեզ այդ օրը վտանգի ենթարկել. արտաքինով նա տիպիկ հայ է, բացի այդ, նրան ահաբեկում էին, չէին տալիս նրա աշխատանքային գրքույկը, թույլ չէին տալիս հեռանալ, մինչև չվերջացներ ինչ-որ նախագիծ: Միայն հոկտեմբերին մի կերպ նրան հաջողվել էր դուրս գալ Ադրբեջանից:

Մենք չէինք մտածում, որ էլ չենք վերադառնալու: Մտածում էինք՝ Խորհրդային Միությունը մի բան կանի, կշտկվի իրավիճակը: Երբ հունվարին Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը, հասկացանք, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա…

Ամեն ինչից զրկված փախստականի կարգավիճակում Հայաստան գալուց և այստեղ էլ ծանր պայմաններում երկու տարի ապրելուց հետո Աննայի ընտանիքը ԱՄՆ մեկնեց: Նա այդ ժամանակ 14 տարեկան էր:

-Ինձ Ամերիկայում շրջապատում էին հարազատներս, որոնց մի մասը Նորվեգիայից էր եկել ԱՄՆ, մյուսները՝ Գերմանիայից, Շվեդիայից: Նրանց երեխաները, թոռները արդեն ամերիկացիներ էին, որ չէին խոսում իրենց ծագման մասին, չգիտեին իրենց նախնիների պատմությունը… Առաջին օրերին ես շոկի մեջ էի. մտածում էի, որ իմ երեխաները, թոռներն էլ կարող են մոռանալ, թե իրենք ով են, որտեղից են գալիս, մոռանալ իրենց պատմությունը: Մտածում էի, որ իմ հետնորդերը չեն կարողանա կարդալ օրագրերս, և սկսեցի դրանք անգլերեն թարգմանել: Մինչև 16 տարեկանս այդ գործով էի զբաղված: Թարգմանելիս նոր մանրամասներ էի ավելացնում՝ հարազատներիս, մեր պարտեզի մասին, հարաբերություններս մայրիկիս հետ: Այդպես օրագիրս վիպակի տեսք ստացավ:

Մինչև իրավաբանական ֆակուլտետ ընդունվելս սովորում էի անգլիական գրականություն, փիլիսոփայություն և կրոն: Երբ գեղարվեստական գրականության դասախոսին ներկայացրի գիրքս, նա ասաց. «Դու սա պետք է անպայման հրատարակե՛ս»: Այն ժամանակ մտածում էի՝ ախր, ինչո՞ւ հրատարակել. այնտեղ այնպիսի մանրամասներ կան, որ շատ անձնական են: 20-25 տարի անց ես փոքր-ինչ հեռացել էի այդ գրքից, զգացի, որ աղջիկը, որ գրել է այդ օրագիրը, արդեն ես չեմ, և հեշտ եղավ այն ինձնից «առանձին» տեսնելը: Գիրքը լույս տեսավ անգլերենով՝ 2012 թ., հրապարակվեց ռուսերենով, այս տարի հոկտեմբերին լույս կտեսնի նաև հայերեն:

ԲԱՔՎԵՑԻ «ԱՆՆԱ ՖՐԱՆԿԻ» ԱՆՍՈՎՈՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸԱննա Աստվածատուրյան Թերքոթը մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և հակահայկականության դրսևորումների թեմաներով դասախոսել է ամբողջ ԱՄՆ-ում, ներառյալ՝ Կապիտոլիումում։

-Ինձ համար արդարադատությունը շատ կարևոր կատեգորիա էր: Մի բան, որ չէր եղել ո՛չ ցեղասպանության ապրած իմ պապերի ժամանակ, ո՛չ 1918 թ. Բաքվի ջարդերի, ո՛չ էլ 1988 թ. իրադարձությունների ժամանակ: Մեր նորագույն պատմության մեջ արդարադատության և արդարության այս հսկայական բացը, որ զգում էի, ինձ ստիպեց ընտրել երկրորդ մասնագիտությունս՝ իրավագիտությունը: Շատ կարևոր էր այդ արդարադատությանն իմ մասնակցությունն ունենալը:

Աննան Մենի համալսարանում իրավագետի որակավորում ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Հաագայի միջազգային դատարանում: Դա նրա մեծ երազանքն էր: Բավականին ծանր էր թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկական առումով: Պիտի շարունակեր այդ ուղղությամբ աշխատանքները, եթե այդ ընթացքում չծագեր առողջական մի լուրջ խնդիր: Ոտքերի կաթված. մի ամբողջ տարի չէր կարողանում քայլել: Դա հետևանք էր դեռ Երևանում՝ բարեկամներից մեկի տանը երկու տարի հողե հատակով նկուղային հարկում առանց ջրի, ջերմության ապրելու: Հանկարծակի ոտքերն սկսեցին չենթարկվել իրեն: Վիրահատություն տարավ, մեկ տարի շարունակ սայլակի վրա էր, հետո… նորից սկսեց քայլել սովորել: Այժմ էլ խնդիրը դեռ բոլորովին չի անցել. չի զգում ձախ ոտքը, մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Բժիշկներն ասել էին, որ այլևս չի կարողանա քայլել, բացառվում է, որ երեխա ունենա: «Ինձ դուր չի գալիս ձեր ախտորոշումը»,- ասել է Աննան ինքն իրեն: Ինքն իրեն ստիպել է քայլել, իր ուժերով՝ առանց կեսարյան հատման, երկու երեխա է ունեցել: Հաագայի դատարանում աշխատանքից ստիպված էր հրաժարվել: Վերադարձավ Ամերիկա, սկսեց աշխատել՝ որպես բանկի իրավաբան: Վերջին 20 տարվա ընթացքում ֆինանսական ոլորտի իրավաբան է: Իր ազատ ժամանակը կարողանում է օգտագործել Հայաստանին օգտակար լինելու համար:

Արդեն 10 տարի է, ինչ Աննան տարբեր մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում: Տարբեր միջազգային հարթակներում անընդմեջ ելույթներ է ունենում, ներկայացնում Արցախի հետ կապված մարդասիրական խնդիրները: Համարձակորեն խոսում է իր և իր ժողովրդի կյանքի ամենադժվար դրվագների մասին, ներկայացնում իրավիճակը նախկինում և այսօր:

-Երբ գիրքս հրատարակվեց, ինձ հրավիրեցին Եվրախորհրդարան, ԱՄՆ Կոնգրես, Ռուսաստան, Մեծ Բրիտանիայի խորհրդարան, և այդ բոլոր տեղերում ոչ միայն որպես փախստական եմ վկայություններ ներկայացրել, այլ նաև՝ որպես իրավագետ: Ես լավ գիտեմ միջազգային իրավունքը և այդ ամենի մասին կարող եմ խոսել հանգիստ, առանց հույզերի, իրավագիտության տառին համապատասխան: Ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար էի ուզում գործել, այլ նաև մեր տունը դարձած Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի հանրության համար: 7 տարի առաջ ընտրվեցի Վեսթբրուքի քաղխորհրդի անդամ: Իսկ վերջին 3 տարիներին քաղխորհրդի նախագահն եմ:

ԲԱՔՎԵՑԻ «ԱՆՆԱ ՖՐԱՆԿԻ» ԱՆՍՈՎՈՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸԾրագրերը, որ իրականացնում է Աննայի հիմնադրամը, բազմազան են ու կարևոր: Ռմբապաստարան են կառուցել Տավուշում, տնկել են անտառ, հիմնել են «Արմաթ» լաբորատորիան, աչքերի վիրահատություններ են ֆինանսավորում Խնձորեսկում և Քարաշենում: Օգնում են կաթվածահար զինվորներին: Դիրքերին է զգալի օգնություն ցուցաբերել: Հսկայական աշխատանք է իրականացնում հատկապես Արցախի համար՝ տարբեր ծրագրեր, օգնություն…

-22 տարի Ամերիկայում ապրելուց հետո 2014 թ. Հայաստան եկա: Մինչև այդ, իմ գործունեության համար պարգևատրվել էի «Մխիթար Գոշ» և «Լեռնային Ղարաբաղի երախտագիտություն» մեդալներով: Մտածում էի՝ ինչպե՞ս կարող եմ չգնալ Արցախ, երբ ամբողջ աշխարհով մեկ Արցախի խնդիրների մասին եմ խոսում: Հորս հետ գնացինք Խնձորեսկ: Հայրս ամեն քայլափոխի վերհիշում էր իր մանկության արահետները: Հոգևոր խորը կապ զգացի Սյունիքի հետ: Կարծում էի, որ այնքան էլ զգացմունքային մարդ չեմ, բայց այն, ինչ զգացի այնտեղ, ինձ շշմեցրեց: Անմիջական կապ զգացի այդ հողի հետ: Հետո, երբ Արցախում եղա, նույնն էլ այնտեղ էր…

Աննան վերջերս կրկին Արցախում էր իր՝ «Սեր Արցախ» ծրագրով:

-Դե, իհարկե, իրավիճակը բարդ է, քանի որ, նախ և առաջ, շատ դժվար էր Արցախ մտնելը: Մարդկանց վիճակն էլ շատ բարդ է այնտեղ. նրանք չգիտեն՝ ի՞նչ է իրենց սպասվում: Մի փոքր փոխված զգացի Արցախի ամուր ոգին: Բայց, այդուամենայնիվ, արցախցիներն ինձ համար աներևակայելի ուժեղ մարդիկ են: Մենք մարդասիրական նախագծերի մասին խոսեցինք պետական գործիչների հետ: Այնտեղ շատ ընկերներ ունեմ, և ինձ համար շատ կարևոր էր հենց նրանց տեսնել, խոսել նրանց հետ, հասկանալ կարիքները: «Սեր Արցախ» նախագիծը ինձ շատ ընտանիքներ այցելելու հնարավորություն տվեց: Ինձ անասելի ուրախացնում է այն փաստը, որ այժմ հայ ընտանիքներում շատ երեխաներ են ծնվում: Նույնիսկ այս պայմաններում, երբ հոգեբանական անասելի ճնշում կա այս մարդկանց վրա, նրանք շարունակում են ապրել և նոր կյանքեր սկզբնավորել Արցախում: Այս անգամ յուրաքանչյուր նորածին ունեցող ընտանիքի 100-ական դոլար արժողությամբ արկղեր նվիրեցինք: Սա, ընդամենը մի փոքրիկ պատառիկ է նրանից, ինչ կուզենամ անել նրանց համար:

…Երբ 2020 թ. ստեղծվեց մեր հիմնադրամը, շատ էի ուզում ծրագրեր իրականացնել արցախցի երեխաների համար, բայց երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, որոշեցի, որ իմ նախագիծը պիտի լինի Արցախում մարդահամարի անցկացումը՝ գնահատելու, հասկանալու համար՝ մարդիկ ի՞նչ են կորցրել, ինչո՞վ նրանց օգտակար լինել և, իհարկե, ապագայի համար, որպեսզի մենք հստակ իմանանք՝ որքան մարդ է Հադրութից, Շուշիից դուրս եկել: Ադրբեջանի քաղաքներում կատարված ոճիրներից հետո մարդահամար չէին արել: Եվ սա մեծ խնդիր է:

…Տասը տարի շարունակ կրկնել, խոսել եմ ամենուր, զգուշացրել, որ Բաքվի ջարդերը կարող են կրկնվել: Ասում էի, որ Արցախը, արցախահայությունը կհայտնվի նույն իրավիճակում, եթե լրջորեն չպատրաստվենք պատերազմի: Մարդկանց մեջ այն համոզումն էր, թե՝ այո՛, մենք հաղթանակ տարանք պատերազմում, ուրեմն՝ վե՛րջ, ամեն ինչ նորմալ է: Բայց ես միշտ կրկնում էի, հիմա էլի կասեմ՝ թուլանալ չի կարելի: Ես ուզում եմ, որ մեր բանակը միշտ պատրաստ լինի: Իսկ մեր հասարակությանը կխնդրեմ, որ միշտ օժանդակեն մեր բանակին, հատկապես՝ խաղաղության ժամանակներում: Ինչի՞ց է, որ որոշ երկրներում հարատև խաղաղություն է: Որովհետև նրանց բանակը միշտ պատրաստ է պաշտպանելու: Սփյուռքն այս պահին Հայրենիքից շատ կարիք ունի լսելու, թե մեր բանակին հզորանալու համար ինչ է պետք:

…Իմ ընկերներից շատերը զոհվեցին 2020 թ. պատերազմում: Նրանց մի մասը արհեստավարժ զինվորականներ չէին, բայց կամավորագրվել էին Հայրենիքի պաշտպանությանը: Մի քանի տարի առաջ մենք Թալինում անտառ տնկեցինք՝ Բաքվում հայերի ջարդերի հիշատակին: Այժմ պատերազմում զոհված տղաների մայրերը հաճախ են այցելում այնտեղ տեղադրված հուշաքար-խաչքարի մոտ աղոթելու, հիշելու իրենց զինվորներին, իրենց երեխաներին: Այդ ցավը չի անցնում… Ես իմ ընկերների համար մինչև այժմ սգում եմ, և ցավը չի մեղմանում…

Աննա Աստվածատուրյան Թերքոթը վստահ է՝ հայ կնոջ դերը ազգապահպանության գործում անգնահատելի է:

-Մենք՝ հայ կանայքս, ընտանիքի կենտրոնն ենք. օջախի, ընտանեկան ջերմության աղբյուրը: Մենք ենք հիմնականում մեր կրոնի պահապանները՝ հատկապես ցեղասպանությունից հետո: Ինչո՞ւ քրիստոնեությունը հարատևեց հայերիս մեջ, որովհետև շատ մայրեր, կանայք իրենց պարտքն էին համարում հայկական բոլոր քրիստոնեական սրբությունները, սուրբ մասունքները, ավետարանները դուրս բերելը, փրկելը… Ես միշտ փորձում եմ հայուհի լինել, ինչպես իմ մեծ մայրիկներն էին, որոնք պաշտպանում էին Սյունիքը: Իմ անցյալը, իմ նախնիների մասին հիշողություններն են ինձ այդպիսին դարձնում: Հայ կինը պայքարել է մեր ազատության, մեր երջանկության համար՝ միշտ երկրորդ պլան մղելով իր նեղ անձնական շահերն ու ցավերը:

Աննայի ընտանիքն այսօր ԱՄՆ-ում է բնակվում: Իր ընտանիքի մասին պատմում է.

-Աղջիկս՝ Իվանժելինան՝ 12, իսկ որդիս՝ Արմենը, 15 տարեկան է: Իմ առաջին զավակին Արմեն անունը տվեցի. դա սկզբունքային հարց էր ինձ համար: Ինձ Բաքվում ուզում էին Անուշ անվանել, ի պատիվ երկու մեծ մայրիկների, բայց անվանեցին ոչ հայեցի՝ Աննա… Երկրորդ զավակիս անվանեցի Իվանժելին՝ Իվա ֆրանսիական անունով: Թեև ամուսինս ֆրանսիացի է, միշտ ասում է, որ մեր երեխաները հայ են: Տանը հայերեն չենք խոսում, բայց այստեղ ամեն ինչ հայկական է: Բոլոր ավանդական հայկական տոները, ամեն ինչ մենք նշում ենք ըստ կարգի: Երեխաներս եղել են Հայաստանում: Թեև դեռ փոքր են, բայց գիտեն իրավիճակը Հայրենիքում՝ հատկապես պատերազմից հետո և, իհարկե, տեսնում են իմ աշխատանքը: Հույս ունեմ, որ երբ ես չլինեմ, նրանք կշարունակեն իմ գործը, կստանձնեն հիմնադրամի աշխատանքները…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Աննա Աստվածատուրյանի անձնական արխիվից

Խորագիր՝ #22 (1444) 10.08.2022 - 16.08.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


11/08/2022