Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ



ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄՀայրենիքի նորօրյա պաշտպանները ուսումնական գումարտակում շուրջ մեկ շաբաթ է, ինչ ներգրավված են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքներում:

Օրվա կարգացուցակով նախատեսված դասընթացներն ու պարապմունքներն անցկացվում են զորամասի տարբեր անկյուններում։

Շարահրապարակում զորակոչիկների խմբի հետ շարային պարապմունքներ են անցկացնում փորձառու սերժանտները՝ հանգամանորեն ներկայացնելով շարային քայլքի առանձնահատկությունները, զինվորական երդմանը ներկայանալու ճիշտ ձևը:

Զորակոչիկներն աչալուրջ հետևում են  խորհուրդներին՝ փորձելով շարժումներն ու քայլերը կատարել հստակ ու ներդաշնակ. պատրաստվում են զինվորական երդման հանդիսավոր արարողությանը։ Տղաները հավաստում են, որ արդեն հարմարվել են ծառայողական առօրյային և անհամբեր սպասում են երդմանը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄԴասընթացներում առայժմ առաջնայինն ու տարրականն են սովորում քաղաքացիական կյանքին երկու տարով հրաժեշտ տված տղաները: Մինչև հիմնական զորամասեր տեղափոխվելը, քայլ առ քայլ յուրացնում, հղկում են գործողությունները, որ առաջիկա երկու տարիներին լինելու են իրենց առօրյայի անբաժան մասը։

Զորակոչիկների շարքում է նաև Դանիել Էզուկամը, որի մասին արդեն գրել ենք հանդեսում… Համազգեստով է, դիմելաձևն ու պահվածքը զինվորին հարիր։ Հետաքրքրվում եմ՝ ինչպե՞ս է հարմարվում զինվորական կյանքին։ Նշեց, որ  աստիճանաբար հարմարվում է, զորամասը հավանել է,  ծանոթացել ծառայակիցների հետ, ու զինծառայությունն աստիճանաբար հաճելի է դառնում, սնունդն էլ համեղ է, թեև մայրիկի պատրաստածին երբեք չի հասնի։

…Զորակոչիկներից շատերի համար, ինչ խոսք, դժվար է ամեն օր առավոտյան մարմնամարզական գործիքների վրա վարժություններ կատարելը, սակայն շուտով սա էլ սովորական կդառնա, կկոփվեն, կամրացնեն մկաններն ու ամրակազմ կդառնան:

Զորակոչիկ Նարեկ Կարախանյանը մինչ ծառայությունը երկու տարի  զբաղվել է ըմբշամարտով ու արդեն պատկերացնում է, որ բանակում ֆիզիկապես պատրաստված լինելն, անշուշտ, հեշտացնելու է ծառայությունը։

Մարտական խնդիրները գերազանց կատարելուն կնպաստի նաև կոփվածությունը։ Իհարկե, սկզբնական շրջանում զորակոչիկները որոշակի խնդիրներ կունենան, բայց դրանց հաղթահարումը ժամանակի հարց է։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄԶորակոչիկ Մանվել Ալեքսանյանը նշեց, որ զորամասում նրանց դիմավորել են շատ լավ, համազգեստից ու սննդի որակից էլ գոհ են։ Վստահ է՝ ծառայության  առաջիկա երկու տարիներն  ակնթարթի պես կանցնեն, իսկ ինքը բոլոր ջանքերն է ներդնելու հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար։

Զորամասի սպայական անձնակազմն էլ ջանում է, որ նորակոչիկները գիտակցեն իրենց առաքելությունը, հոգեպես ու ֆիզիկապես ամուր լինեն, հպարտ ու համարձակ կանգնեն պետական սահմանին:

Ուսումնական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Աբգարյանը զրույցի ընթացքում ասաց, որ գոհ է զորակոչիկների տրամադրվածությունից. նրանք մատուցվող գիտելիքները յուրացնում են շատ արագ։

Բնականաբար, այսուհետ կարևորագույն գործը զորամասի սպաներինն է։  Հրամանատարական կազմի աշխատանքից է կախված տղաների կրթված զինվոր դառնալը, իսկ արդյունքները տեսանելի կլինեն ուսումնական ծրագրի ավարտից հետո։

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/07/2022