Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԻՐՈՋ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ



ՏԻՐՈՋ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՊայծառակերպությունը կամ Այլակերպությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է, որը տոնախմբվում է Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակիին։  Պայծառակերպության տոնին, ինչպես մնացյալ տաղավար տոներին, նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրը մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սբ. պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Տոնը հայտնի է դեռեւս 4-րդ դարից։ Աստվածաշնչյան պատումի համաձայն՝ եկեղեցու ավանդությունը  Պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որն էլ առիթ հանդիսացավ, որ Կոստանդին Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն, լեռան վրա կառուցի եկեղեցի՝ ի հիշատակ Տիրոջ պայծառակերպության։

Տոնն առկա է քրիստոնեական բոլոր եկեղեցիների տոնացույցերում։ Այդ ծիսական մատյաններում տոնը հանդիպում է Այլակերպություն անունով, եւ միայն Հայ եկեղեցին է այն անվանում նաեւ Պայծառակերպություն` իբրեւ յուրօրինակ պայծառ արեգակ նկատելով մարմնացյալ Տիրոջ բանը. «Նրա դեմքը փայլեց` ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մտթ. 17:2):

Աստվածաշնչում հստակ ընդգծվում է, որ Պայծառակերպությունով Քրիստոս իր երեք աշակերտներին հայտնվեց իբրեւ ճշմարիտ՝ մարդեղացած Աստված՝ Աստծո Միածին Որդի։ Տերը Թաբոր լեռան վրա հրաշափառորեն պայծառակերպվեց Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ՝ Հորդանանում մկրտությունից հետո վերստին հաստատելով իր աստվածային էությունը (Մտթ. 17:2, Մրկ. 9:2, Ղուկ. 9:29)։

ՏԻՐՈՋ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԱյս ընթացքում, ինչպես Մկրտության ժամանակ, վերեւից մի ձայն, կարծես, վերահաստատում է աստվածային անիմանալի եւ ճշմարիտ իրողությունը. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք» (Մտթ. 17:5): Սուրբ հայրերի ուսմունքը մեզ սովորեցնում է, թե Քրիստոս, որ մարմնացել էր Ադամի բնությամբ, Պայծառակերպությամբ մեզ ցույց տվեց այն փառքը, որն ուներ Ադամը դրախտում՝ նախամեղսական շրջանում, եւ որն Աստված վերցրել էր նրանից մեղանչումից հետո՝ սրանով ներկայանալով իբրեւ նոր Ադամ՝ հաստատելով, որ ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը սկզբնավորվեց, այնպես էլ մեկ մարդու միջոցով  մեղքը հաղթվեց։

Տիրոջից պայծառ լույս էր ճառագում՝ նորոգելու բոլոր քրիստոնյաներիս եւ հավաստիացնելու, որ իրենով նույն լույսի ժառանգորդներ ենք լինելու։ Ահա այսպես է ընկալումը նաեւ, որ հենց այդ նույն կերպարով է Տերը հայտնվելու իր երկրորդ գալստյան եւ արդարների դատաստանի օրը:

Այլակերպության տոնը եկեղեցական մատենագրության մեջ նաեւ, իրավամբ, հանդիպում է իբրեւ Աստվածտեսության տոն, քանի որ Տերը իր աշակերտներին շնորհեց տեսնելու իր աստվածությունը։

Պայծառակերպությունը, քրիստոնեական ամենից կարեւորագույն տոներից մեկը լինելուց բացի, նաեւ լայն ժողովրդականություն է վայելում։ Տոնը ժողովրդածիսական ընկալմամբ կոչվում է նաեւ Վարդավառ։ Այդ օրը մարդիկ դուրս են գալիս փողոց եւ միմյանց վրա ջուր ցողում՝ խորհրդանշելով Քրիստոսով նոր մարդու հայտնությունը եւ մաքրված ու սրբված քրիստոնեական կենցաղավարությամբ առաջնորդվելը։

Միմյանց վրա ջուր ցողելու մասին կա մի հին ավանդություն եւս։ Համաձայն այդ ավանդության՝ ջրի անզորությունը շեշտելու եւ Արարչի պատիվն արարածներին չվերագրելու համար նախաջրհեղեղյան ժամանակաշրջանի սերունդները, ի վկայություն Աստծո հանդեպ ունեցած իրենց հավատարմության, հաստատեցին այս սովորությունը՝ իրենց սրտերում ամրագրելով Տիրոջ այն խոսքը, որ ասում է. «Ես եմ քո Տեր Աստվածը… եւ Ինձանից բացի այլ Աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք 20։2-3)։

Պատահական չէ «վարդ»-ի առկայության փաստը տոնի անվան մեջ։ Սրա վերաբերյալ կան բազում մեկնաբանություններ։ Մեկնաբանություններից մեկի համաձայն՝ ինչպես վարդն է բուսնում փշերի մեջ, այնպես էլ մեր Տերը հրեաների մեջ երեւաց, որոնք էլ նրան խաչի մահվան դատապարտեցին։

Վարդից նաեւ բուրում է զգլխիչ անուշահոտություն, ինչպես մեր տիրոջ Այլակերպությունից, որն էլ աշակերտներին, թմբիրի մեջ գցելով, բերում է քնի ծանրության։

Մի ուրիշ մեկնաբանության համաձայն՝ վարդը քանի դեռ կոկոն է ո՛չ իր գեղեցկությունը, ո՛չ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես փթթում է եւ իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց է ուրախացնում։ Այսպես էլ Հիսուս Քրիստոս կուսական արգանդում սնվում եւ զարգանում էր որպես կոկոն եւ ապա ծնվելով՝ աստղի ու հրեշտակների ավետիսով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին՝ նշաններով ու սքանչելիքներով հայտնվեց բոլորին։

Տոնի այս անվան մեկ ուրիշ բացատրությունն առկա է Հայ եկեղեցու եռամեծ վարդապետ Սբ. Գրիգոր Տաթեւացու մոտ։ Նա տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց իր Աստվածությունը։

ԿԱՐԵՆ սարկավագ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Հոգևոր-մշակութային


21/07/2022