Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՅԼ ՉՏԱ՛ՆՔ



Գաղտնիք չէ, որ նորակոչիկների մի ստվար մասը դժվար է հարմարվում բանակային կյանքին` համապատասխան գիտելիքներ ու կամային որակներ չունենալու, ազգային բանակում ծառայելու անհրաժեշտությունը չգիտակցելու, զինվորական երդման պահանջների անվերապահ կատարմանը պատրաստ չլինելու պատճառով: Ուստի, նախազորակոչային շրջանում դեռ շատ անելիք ունեն ընտանիքը, դպրոցը և հասարակությունը, որոնք նույնպես պատասխանատու են բանակի ինչպես ձեռքբերումների, այնպես էլ թերությունների համար:

Վերջերս մեր բանակի թերությունները դարձել են շահարկման առարկա: Ոմանք դա նույնիսկ վերածել են մեր երկրում ամենաբարձր հեղինակություն վայելող կառույցի` բանակի դեմ պայքարի: Տպավորություն է ստեղծվում, որ մեզ պարտադրված պատերազմը շարունակվում է այլ հարթությունում: «Անտեսանելի» այդ պատերազմը ավելի վտանգավոր է և շատ ավելի ծանր հետևանքների կարող է հանգեցնել, քան մարտադաշտում կրած պարտությունը: Մեր բանակի, զինված ուժերի, մեր երիտասարդության ու հասարակության խնդիրն է դիմակայել մտքերի, գաղափարների տեղեկատվական գրոհներին և հոգեբանական լարվածությանը: Տեղին է հիշել, որ նման «սառը պատերազմի» հետևանքով փլուզվեց խորհրդային գերտերությունը:

Կարծում եմ, որ մեր բանակի դեմ այս գրոհը սկսվեց այն բանից հետո, երբ օտարերկրյա սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվեց, որ մեր հասարակության ամենամեծ վստահությունը վայելող կառույցներն են զինված ուժերը և Հայ Առաքելական եկեղեցին: Սա ակնհայտ դարձավ հատկապես ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո: Զորահանդես, որը շատ ու շատ հարցերի պատասխաններ տվեց:

Անկասկած, ծանր է հարազատ կորցնելու վիշտը, կրկնակի ծանր է զավակ կորցրած ծնողինը: Բայց անհամեմատ ավելի ծանր է անհայրենիք լինելը: Սա ասելու բարոյական իրավունքը ունեմ. երկկողմանի ծնողազուրկ եմ. 1992-ին Կիչանի ազատագրման ժամանակ զոհվել է մայրս, պատանդ ընկել ու անհայտ կորել հայրս, զոհվել և հաշմանդամ են դարձել իմ հարազատներն ու բարեկամները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի առիթով ասել է. «Մենք քանակին կարող ենք և ի վիճակի ենք պատասխանել միայն որակով»: Եթե կարողանանք համախմբվել, միավորվել այդ գաղափարի շուրջ, ապա հօդս կցնդի մեր հակառակորդների այն ակնկալիքը, թե հայերին պատերազմն այնքան չի վնասի, որքան խաղաղությունը: Հայերս օրհասական պահերին համախմբվել գիտենք, սակայն խաղաղ պայմաններում, ցավոք, հեշտությամբ պառակտվում ենք: Դա է մեր խոցելի կողմը, որից դարեր շարունակ օգտվել են մեր թշնամիները և ուզում են օգտվել նաև այսօր: Թույլ չտա՛նք:

Ոչ մի հիմնավորմամբ, ոչ մի պատճառաբանությամբ չի կարելի սասանել մեր բանակի հեղինակությունը: Հայրենիքի, մեր ժողովրդի անվտանգության ապահովման ամենահուսալի երաշխավորը հայոց բանակն է, և նրա հեղինակությունը անխոցելի պետք է լինի: Դրանից են կախված մեր ազգային անկախությունը, մեր հայրենիքի գոյությունն ու մեր խաղաղ կյանքը:

Վստահ եմ, որ ընտանիք – դպրոց – հասարակություն – բանակ համագործակցությամբ կկարողանանք արմատախիլ անել բանակի թերությունները: Հայոց բանակի զորացումը համազգային խնդիր է, նրան աջակցելը` բոլորիս պարտքը:

Ն.Ա.ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Շուշիի Խ.Աբովյանի հիմնական դպրոցի տնօրեն,
ԼՂՀ վաստակավոր մանկավարժ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Բանակ և հասարակություն


28/12/2011