Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ



Ազգային բանակում ավարտվեց հերթական ուսումնական տարին։ Ներկայումս զորամասերում վերլուծվում, հանրագումարի են բերվում ձեռքբերումներն ու բացթողումները ու միաժամանակ նախապատրաստվում նոր ուսումնական տարվան։ Տարեվերջյան այս օրերին մի շարք զորամասեր շարունակում են ընդունել նորակոչիկներին։ Վերջիններիս տեղավորման, ինչպես նաեւ զինվորական ծառայության առաջին շրջանում նրանց հետ տարվող աշխատանքին հետեւելու համար այցելեցինք մարշալ Հովհ.Բաղրամյանի անվանի ուսումնական զորամաս։

Գնդապետ Գեւորգ Ենոքյանի խոսքով, համալրումը կշարունակվի մինչեւ զորակոչի ավարտը: Նա գոհունակությամբ նշեց, որ բավական շատ են քոլեջներ ավարտած, բուհերում սովորող տղաները։

ՆԱԽԵՎԱՌԱՋ` ԲՈՒԺԶՆՆՈՒՄ

Երբ գումարտակի հրամանատար փոխգնդապետ Վ. Վարդանյանին ասացինք, որ ուզում ենք հանդիպել նախորդ երեկոյան եկած տղաներին, նա մեզ ուղեկցեց բուժկետ։

-Զորամաս մտնող բոլոր նորակոչիկներն առաջին հերթին բժշկական ստուգման են ենթարկվում,- ասաց փոխգնդապետը։

Դեռեւս քաղաքացիական հագուստով 15-20 երիտասարդներ բուժքույրերի ուղեկցությամբ մտնում էին տարբեր կաբինետներ եւ հետազոտվում։

Թերապեւտ, լեյտենանտ Ծ. Հովհաննիսյանը գոհ էր նորակոչիկների ընդհանուր վիճակից.

-Գանգատ ունեցողներ չկան, լսում ենք թոքերի աշխատանքը, չափում ենք զարկերակային ճնշումը, ամեն ինչ կարգին է։ Տղաների առողջական վիճակը լիովին համապատասխանում է այն տվյալներին, որոնք նշված են փաստաթղթերում։

ԻՐԱՅԻՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵՆ

Իմանալով, որ պահեստում արդեն համազգեստ ստացող նորակոչիկներ կան, գնացինք այնտեղ: Ենթասպա Դավիթ Սարգսյանը տղաների հագով հանդերձանք էր ընտրում։ Էջմիածինցի Ռաֆայել Բաջոյանը եւ մարտունեցի Էդուարդ Կիրակոսյանն իրենց առաջին զինվորական համազգեստն էին հագնում։ Նրանց օգնում էր սերժանտ Արթուր Միսակյանը։

-Տղաները լողացե՞լ են,- հարցրի։

-Չէ՛, քանի որ հավաքակայանում պատվաստումներ են ստանում, մենք մի շաբաթ հետո ենք թույլ տալիս բաղնիք գնալ, որպեսզի բարդություններ չառաջանան,- պարզաբանեց փոխգնդապետ Վ. Վարդանյանը։

Ենթասպա Դավիթ Սարգսյանն էլ հավաստիացրեց, որ հանդերձանքով լիովին ապահովված են։

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՇԱՐԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Շարային պատրաստության պարապմունքն անցկացնում էր կապիտան Պ. Կարապետյանը, նրան օգնում էր կապիտան Տ. Մելքոնյանը.

-Քանի որ վաշտում կան մեկ ամսվա, քսան օրվա, նույնիսկ երկու օրվա կուրսանտներ, ուստի սխալներ շատ են լինում։ Դա բնական է, մեկ ամիս առաջ զորակոչվածներն արդեն լավ քայլում են։ Հուսով եմ, որ մինչեւ զինվորական երդում շատ բան կփոխվի, եւ ծնողները կտեսնեն, որ իրենց որդիներն արդեն զինվորներ են դարձել,- ասաց վաշտի հրամանատարը։

ՄՈՏԵՑԱՆՔ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻՆ.

-Գսպոյան Հրանտ… Սարուխան գյուղից եմ, քսանհինգ օր առաջ եմ զորակոչվել, սովորում եմ Եվրոպական ակադեմիայում, դառնալու եմ ծրագրավորող։

-Անտոնյան Միքայել՝ Վանաձորից, արդեն 29 օր է` զորամասում եմ։ Այս ընթացքում ծնողներս երկու անգամ արդեն այցելել են ինձ։ Ամեն ինչ նորմալ է, ճաշերն էլ համով են։

-Մարտիրոսյան Սիմոն, երեւանցի եմ, ես էլ եմ նոր զորակոչվել, սովորում էի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի երկրորդ կուրսում։

-Մկրտչյան Արծրուն, Եղվարդից եմ, սովորում եմ ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետում, արդեն 12 օր է, ինչ այստեղ եմ, ամեն ինչ լավ է։

-Ավետիքյան Հովիկ, վանաձորցի եմ, սովորում եմ Եվրոպական ակադեմիայի զբոսաշրջության ֆակուլտետում։ Ես մի ամիս չկա` զորակոչվել եմ։

ՄԻԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ

Փոխգնդապետ Վ. Վարդանյանն ուսումնական զորամասում աշխատելու մեծ փորձ ունի։ Նրա հրամանատարությամբ գումարտակը մի քանի անգամ ամենալավ արդյունքն է ցույց տվել զորամասի կազմում։ Զորանոցում տաք էր, մաքուր, պահարանները լի էին անձնական հիգիենայի պարագաներով, լսարանում պարապմունք էր ընթանում։

-Ուսուցումը կազմակերպում ենք հրամանի համաձայն, «Երիտասարդ մարտիկի» ծրագրով։ Նորակոչիկներին օգնում ենք, որ աստիճանաբար հարմարվեն, ամրանան, միանգամից չենք ծանրաբեռնում։ Մեր գումարտակը պատրաստում է ՀՄՄ-ների հրամանատարներ, նշանառուներ եւ մեխանիկ-վարորդներ: Փորձը ցույց է տալիս, որ 4-4.5 ամսում մեզ հաջողվում է ծրագիրը հաջողությամբ կատարել,- ասաց Վ. Վարդանյանը։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ

Կապիտան Պ. Հովսեփյանը նորակոչիկներին ներքին ծառայության կանոնադրությունն է պարզաբանում։ Կուրսանտ Տիգրան Գրիգորյանն արդեն մեկ ամսվա ծառայող է.

-Թիկնապահական քոլեջ եմ ավարտել ու եկել բանակ,- ասաց նա։

Կապիտան Պ. Հովհաննիսյանը նրան հարցրեց զինվորի պարտականությունները. պատասխանը հրաշալի էր, երեւում էր, որ ժամանակը նպատակային է օգտագործվել։ Լավ պատասխաններ տվեցին նաեւ Եվրոպական քոլեջի շրջանավարտ, աշտարակցի Արթուր Խաչատրյանը, Սիմոն Մարտիրոսյանը, հայկական պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Վանիկ Սողոմոնյանը, Երեւանի ճարտարապետական եւ շինարարական համալսարանի ուսանող Շահեն Թադեւոսյանը։ Նա մեր խնդրանքով անգիր ասաց զինվորական երդման, ինչպես նաեւ մեր բանակի օրհներգի, զորամասի եւ վաշտի երգերի բառերը։

ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԶԵՆՔԻՆ

Այս շրջանում նորակոչիկները նաեւ կրակային պատրաստություն են անցնում։

Հրաձգության ուսումնական կետում նորակոչիկներն էին, իսկ կրակի ավագ ղեկավարը մայոր Ա. Պետրոսյանն էր։ Վերջինս զրույցի ժամանակ ասաց.

-Սա փաստորեն ծանոթություն է զենքին, որովհետեւ շատերը մինչ բանակ գալը ոչ մի անգամ չեն կրակել։ Կրակելով նրանք հաղթահարում են հոգեբանական արգելքը, զգում են, թե ինչ է զենքը։ Կրակից հետո մեզ հետ ստուգում են թիրախները, ճշտում՝ խոցում եղել է, թե ոչ։

Վաշտի կուրսանտներից հրաձգությունն արդեն կատարել էին Արմեն Կարապետյանը, Նվեր Աղբալյանը, Ռազմիկ Խաչատրյանը, Վարազդատ Բաղդասարյանը, Սասուն Խանդամիրյանը, Արմեն Հովհաննիսյանը։ Մեր ներկայությամբ առաջին կրակոցը կատարեցին կուրսանտներ Գեւորգ Սարգսյանը, Արտակ Պողոսյանը, Կամո Գաբրիելյանը, Ավետիք Դավոյանը, Ֆելիքս Գեւորգյանը եւ Վարդգես Մանուկյանը։

ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է

Գումարտակի հրամանատար մայոր Ս. Սահակյանի տրամադրությունը շատ բարձր էր։ Ընդամենը րոպեներ առաջ ստացվել էր նրան հերթական` փոխգնդապետ զինվորական կոչում շնորհելու հրամանը։ Պարզվում է` ավարտվող տարին նրա համար շատ հաջող էր, որովհետեւ պարգեւատրվել էր նաեւ «Անբասիր ծառայության» երկրորդ աստիճանի եւ «Ծովակալ Իսակով» մեդալներով։ Մնում էր շնորհավորել գումարտակի հրամանատարին եւ հիշեցնել, որ պարգեւները նաեւ պարտավորեցնում են։ Հարկավոր է առաջ շարժվել, է՛լ ավելի լավ ծառայել։

-Ինչպես գիտեք, մեր զորամասի կուրսանտների մեծ մասը դառնում է զրահատեխնիկայի մասնագետ՝ հրամանատար, նշանառու, մեխանիկ-վարորդ։ Մենք այստեղ ունենք քարշակներ, տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ, որոնք պետք է գործեն անխափան, որպեսզի ուսումնական գործընթացն անցնի առանց խոչընդոտի,- ասաց մայոր Հ. Գրիգորյանը։ -Ձմեռային սեզոնին անցնելուց հետո մեկ անգամ եւս ստուգել ենք ամբողջ տեխնիկայի վիճակը, եւ կարող եմ ասել, որ պատրաստ ենք եկող ուսումնական տարվան։ Այժմ էլ մեզ մոտ է գտնվում վերանորոգման մասնագիտացված գործարանից գործուղված աշխատանքային մի խումբ, որի հետ կատարում ենք լրացուցիչ զննում։ Նշեմ նաեւ, որ զորացրումից հետո գումարտակը համալրվել է նոր մասնագետներով, զինվորներով, եւ մենք նրանց հետ անցկացնում ենք մասնագիտական պարապմունքներ։

-Ես տանկի հրամանատար եմ նշանակվել, մենք ամեն օր գալիս ստուգում ենք յուղի վիճակը, որպեսզի իմանանք` արտանետում կա՞, թե՞ ոչ,- ասաց կրտսեր սերժանտ Արտաշես Մկրտչյանը։

-Ես էլ եմ տանկի հրամանատար նշանակվել,- ասաց կրտսեր սերժանտ Արամ Բաբայանը։

-Ես մեխանիկ-վարորդ եմ, հաճախ դասակի հրամանատարի պահանջով գործարկում եմ տանկերը, տաքացնում, ստուգում հանգույցների աշխատանքը,- ասաց շարքային Սերյոժա Հակոբյանը։

Վերջում փոխգնդապետ Ս. Սահակյանը հավաստիացրեց, որ գումարտակն ամեն ինչ կանի, որպեսզի նոր ուսումնական տարվա առաջադրանքներն ամբողջովին կատարվեն, մարտական զորամասերը համալրվեն բանիմաց մասնագետներով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/12/2011