Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՇՓՎԵԼԻՍ ՀԱՄԲԵՐԱՏԱ՞Ր ԵՔ



Այս թեստը` որպես մարդկային փոխհարաբերություններում համբերատարության չափման հուսալի և վալիդ մեթոդ` մշակվել է 2008 թվականին «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայի» կողմից: Ընդգրկված է մի շարք աշխատությունների մեջ, որոնք ուղղված են հասարակության տարբեր հաստատություններում համբերատարության գործոնի և դրա նշանակության ուսումնասիրմանը: Լիցենզավորված է GNU (General public License` ընդհանուր հանրային լիցենզիա) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի լիզենզիա) կողմից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար եւ նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչողությանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ կամ, առավել եւս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակ:

Ներկայացված 9 հարցերին անհրաժեշտ է պատասխանել`նշելով Ձեզ համար առավել գերադասելի տարբերակը:

1.Դուք գտնում եք, որ Ձեր առաջարկած գաղափարը բավականին հետաքրքիր է, սակայն դրան ուշադրություն չեն դարձնում: Կնեղսրտե՞ք.

ա) այո, բ) ոչ:

2. Դուք հանդիպում եք Ձեր ընկերներին, և նրանցից մեկն առաջարկում է որևէ խաղ խաղալ: Դուք գերադասում եք.

ա) որ մասնակցեն միայն նրանք, ովքեր լավ են խաղում,

բ) որ խաղան նաև նրանք, ովքեր դեռ կանոնները չգիտեն:

3.Արդյոք հանգի՞ստ եք ընկալում տհաճ լուրը.

ա) այո, բ) ոչ:

4.Ձեզ նյարդայնացնո՞ւմ են այն մարդիկ, ովքեր հասարակական վայրերում հայտնվում են ոչ սթափ վիճակում.

ա) եթե նրանք «չեն անցնում սահմանը», ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում,

բ) ինձ համար միշտ էլ տհաճ են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց տիրապետել:

5. Դուք կարո՞ղ եք շփման եզր գտնել այլ մասնագիտություն, դիրք և սովորություններ ունեցող մարդկանց հետ.

ա) դժվար թե կարողանայի,

բ) նման բաների ուշադրություն չեմ դարձնում:

6. Ինչպե՞ս եք արձագանքում այն կատակին, որի «օբյեկտը» Դուք եք.

ա) ինձ ո՛չ կատակներն են դուր գալիս, ո՛չ էլ կատակողները,

բ) նույնիսկ եթե կատակն ինձ տհաճ լինի, ես կփորձեմ պատասխանել նույն կերպ:

7. Համաձա՞յն եք այն տեսակետին, որ շատ մարդիկ «իրենց տեղում չեն» և «իրենց գործով չեն զբաղված».

ա) այո, բ) ոչ:

8.Դուք Ձեր ընկերոջը (ընկերուհուն) բերում եք որևէ ընկերախումբ, որտեղ նա հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս կվերաբերվեք դրան.

ա) անկեղծ ասած` ինձ դուր չի գա, որ նման ձևով ուշադրությունը շեղվում է ինձանից,

բ) ես ուրախ կլինեմ նրա համար:

9. Դուք, լինելով հյուր, ուրիշի տանը հանդիպում եք մի տարեց մարդու, ով քննադատում է արդի ժամանակներն ու բարքերը: Ի՞նչ կանեք.

ա) որևէ հարմար պատճառաբանությամբ վաղաժամ կհեռանամ,

բ) վեճի կբռնվեմ:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

2 միավոր է գնահատվում հետևյալ պատասխաններից յուրաքանչյուրը`

1-բ, 2-բ, 3-բ, 4- ա, 5-բ, 6-բ, 7-բ, 8-բ, 9-ա:

Մյուս պատասխանները գնահատվում են 0: Գումարեք միավորները:

0 – 4 միավոր` Դուք անհողդողդ եք և հաստատակամ: Որտեղ էլ հայտնվեք, կարող է տպավորություն ստեղծվել, թե փորձում եք այլոց պարտադրել Ձեր կարծիքը: Ձեր նպատակին հասնելու համար հաճախ եք Ձեր ձայնը բարձրացնում: Այդ բնավորությամբ թերևս դժվարացնեք Ձեզ հետ նորմալ շփվելը, հատկապես այն մարդկանց համար, ովքեր այլ կերպ են մտածում և համաձայն չեն Ձեզ հետ: Մի փոքր ուշադրություն դարձրեք այս գործոնին, փորձեք ավելի համբերատար լինել, լսել այլոց և ապա միայն հետևություններ անել, փորձեք նաև ընդունել այն փաստը, որ մարդիկ, այդ թվում և Դուք, ունակ են սխալվելու:

6-12 միավոր` Դուք կարող եք պնդել Ձեր կարծիքը, բայց դա դեռ չի նշանակում, որ Ձեզ համար դժվար է մարդկանց հետ զրուցելը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Որոշակի կոնֆլիկտային իրավիճակներում կարող եք ավելորդ կոպտություն հանդես բերել, բայց կարողանում եք գիտակցել սխալը և շտկել այն: Երբեմն, սակայն, կարող եք կորցնել ինքնատիրապետումը և «ափերից դուրս գալ»: Մտածեք այս մասին և զայրույթի գերին մի դարձեք:

14-18 միավոր` Ձեր համոզմունքները բավականին լավ զուգակցված են մտքի ճկունության և խելամտության հետ: Դուք կարող եք ընդունել ցանկացած գաղափար, ըմբռնումով վերաբերվել առաջին հայացքից նույնիսկ տարօրինակ թվացող քալերին: Դուք բավականին քննադատաբար եք վերաբերվում սեփական կարծիքին և ունակ եք հարգանքով և նրբանկատորեն հրաժարվելու Ձեր հայացքներից, եթե դրանք Ձեր զրուցակցի հետ քննարկման արդյունքում սխալ են դուրս գալիս:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Բանակ և հասարակություն


28/12/2011