Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ «ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ»



ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ «ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ»Արցախյան ազատամարտի ընթացքում, երբ հազարավոր քաջորդիներ մարտադաշտում էին, ստեղծվեց «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը (ԵԿՄ)։ Մեծ էր ԵԿՄ-ի դերը Արցախյան ազատամարտի տարիներին. այս կառույցի ենթակայությամբ գործող ջոկատները մարտնչեցին մինչև պատերազմի հաղթական զինադադարը։ ՀՀ ԵԿՄ 3-րդ համագումարում, որը կայացավ 1997 թ. նոյեմբերին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախագահությամբ, որոշվեց մայիսի 8-ը հայտարարել Երկրապահի օր։

Եվ այս մայիսի 8-ին էլ Երկրապահ կառույցի ներկայացուցիչները դարձյալ «Եռաբլուրում» էին։ Վետերան ու տարեց երկրապահների հետ այստեղ էին նաև ԵԿՄ Կենտրոնի, Էրեբունու, Արաբկիրի, Մասիսի և այլ տարածքային բաժանմունքների «Պատանի երկրապահ» ակումբի սաները, որոնք ՀՀ, Արցախի և ԵԿՄ դրոշակներով պատվո պահակ էին կանգնել Սպարապետի, Զորավար Անդրանիկի, Արցախյան ազատամարտի հերոսների շիրմաքարերի մոտ։ ՀՀ ԵԿՄ վարչության անդամները, տարածքային բաժանմունքների ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վ. Սարգսյանի շիրմաքարի մոտ, ծաղիկներ խոնարհեցին նաև Անհայտ կորածների հուշարձանին, Զորավար Անդրանիկի և բազում քաջորդիների շիրիմներին։ Օրվա առթիվ «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում հոգևորականները կատարեցին հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի համար զոհված քաջորդիների։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #09 (1431) 11.05.2022 - 17.05.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/05/2022