Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ ԵՆ…



ՆՐԱՆՔ ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ ԵՆ...Աղձք գյուղի Փոթոյան ընտանիքի հետ ծանոթացել էի  Արագածոտնի մարզի տարածքային զինկոմիսարիատում 2019 թ. դեկտեմբերի 27-ին՝ զորակոչ լուսաբանելիս։

Փոթոյանները  բանակ էին ճանապարհում իրենց կրտսեր որդուն՝ Ռոմանին, ավագ որդին՝ Ռուբենն  էլ արդեն բանակում էր:

Ռոմանը իր արտաքինով միանգամից աչքի զարնեց. ջլապինդ, հաղթ բազուկներով երիտասարդ էր։ Տարբեր մարզաձեւերով էր զբաղվել, բայց ընտրել էր  մարտեր առանց կանոններին  ու  բազմաթիվ նվաճումներ ուներ։ Զորացրվելուց հետո նպատակադրվել  է իր մարզական խմբակն ստեղծել։

Ռոմանի հայրը՝ Արմեն Փոթոյանը, որը 90-ականներին նոր-նոր կազմավորվող ազգային բանակի առաջին զինվորներից էր, մարտական թոհուբոհում թրծված, Արցախյան ազատամարտի բեկումնային և վճռորոշ ճակատամարտերից մեկի՝ Քարվաճառի ազատագրման մասնակից, հուզմունք-հպարտություն միախառնած՝ նորակոչիկ որդուն վերջին խորհուրդներն էր տալիս, մայրն էլ փորձում էր թաքցնել արցունքները, դեռ չգնացած՝ արդեն կարոտած հայացքով նայում էր որդուն,  Վարդուհի տատն էլ օրհնանքի տուտն էր բացել…

Փոթոյաններին խոստացա, որ երբ զինվոր որդիները վերադառնան ծառայությունից, անպայման կայցելենք  իրենց ծննդավայր՝ Աղձք, ռեպորտաժ կպատրաստենք։

***

Իր դիմումի համաձայն՝  Ռոմանը ծառայության անցավ ավագ եղբոր՝ Ռուբենի մոտ, Արցախում, դեսանտագրոհային գումարտակում էր, մասնագիտությամբ՝ նռնակաձիգ։

Եղբայրները ծառայում էին նվիրումով, պատվախնդրորեն, վայելում ծառայակից ընկերների  եւ հրամանատարության սերն ու հարգանքը։

Բանակում, ազատ պահերին, Ռոմանը  շարունակում էր հետեւողական  մարզվել, զինակից ընկերներին էլ մարզական հնարքներ  էր սովորեցնում:

ՆՐԱՆՔ ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ ԵՆ...***

…Սեպտեմբերի 27-ը  ցավով ու դառնությամբ բացվեց՝ արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամին լայնածավալ հարձակման էր անցել… Պատերազմ էր…

Երկու եղբայրները եւս հայտնվեցին կռիվների կիզակետում, մարտնչում էին իրարից ընդամենը  մի քանի հարյուր մետր հեռավորությամբ:

-Պատերազմը երբ սկսվեց,  մենք նույն գումարտակից էինք, բայց տարբեր ստորաբաժանումներում: Շարժվեցինք Մատաղիսի ուղղությամբ, տարբեր մեքենաներում  էինք, ճանապարհներն անընդհատ ռմբակոծվում էին,- պատմում  է Ռոմանի եղբայրը՝ Ռուբենը:- Մատաղիսում մի պահ հանդիպեցինք իրար, ուսին ինչ զենք ասես՝ չկար…Ինքն  ինձնից փոքր էր, ինձնից ուշ ծառայության եկած, բայց ինձ դուխ էր տալիս, ոգեւորում, ասում էր՝ սա էլ կանցնի, կդառնա հիշողություն, լավ կլինի, մի՛ մտածիր…

Մարտական ընկերները պատմում  են, որ կռվի դաշտում Ռոմանի համարձակությունն ու  խիզախությունը սահմաններ չունեին, ինքն իր մասին չէր մտածում, իր անվտանգության մասին մոռացած՝ ամեն կերպ աշխատում էր օգնել, հարեհաս լինել ընկերներին։

Դասակի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը մտաբերում է.

-Ծառայության ընթացքում Ռոմանը փայլում էր մարտական պատրաստականությունից, նռնակաձիգ էր, ջանում էր կատարյալ տիրապետել հրազենային բոլոր  զինատեսակներին, իսկ մարդկային բարձր որակների մասին կարող եմ անվերջ խոսել…։

-Ռոմանը հրաշք տղա էր, ազնիվ, սրտակից, ջերմ…,- լրացնում է մարտական ընկերը՝ Դավիթ Սարգսյանը:

Հերոս քաջորդին  զոհվել է Թալիշում՝ տանկային գրոհը կասեցնելիս…

ՆՐԱՆՔ ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ ԵՆ...***

-Ես չգիտեի, որ եղբայրս զոհվել է,- պատմում է Ռուբենը,- կռվի դաշտում հայացքս անընդհատ իրեն էր փնտրում… Զգում էի,  որ  ընկերներս, սպաները ինձնից մի բան թաքցնում են…

-Նույնն էլ ես էի զգում, գյուղում շրջելիս ծանոթ-անծանոթ հայացքները փախցնում էին ինձնից, հոգուս խորքում ինչ-որ բան կասկածում էի, բայց մտքիցս հեռու էի վանում սիրտս կրծող տագնապները,- անհուն ցավը հոգում անթեղած՝ մտաբերում է հայրը՝ Արմենը:- Որդիներիս  հետ  վերջին անգամ սեպտեմբերի 27-ին էինք խոսել, արդեն գիտեինք, որ պատերազմ է սկսվել, ամբողջ համացանցով պատերազմի մասին լուրեր էին պտտվում…Տղերքս զանգեցին, ասացին, որ չանհանգստանանք, զորավարժության են մեկնում, մարտավարական դասերի են, մի քանի օր չեն չզանգի, իբր, կապերը լավ չեն…. Խնայեցին մեզ ու բան չասացին, չգիտեին, որ մենք արդեն տեղյակ ենք։ Մենք էլ ոչին չասացինք, իրար  խնայեցինք…

Հետո օրերով զինվոր որդիներից լուր չկար… Բոլոր զանգերը անպատասխան էին մնում…

Զինվորների ծերունազարդ տատը լավաշ թխեց ու  մատաղի պես բաժանեց  գյուղում։

-Երբ  վերջին կտոր  լավաշը բաժանեցինք, ընդամենը րոպեներ անց երկար սպասված զանգը եկավ՝ Ռուբենն էր… Ինքն արդեն գիտեր, որ Ռոմս չկա, բայց  մեզ չասաց: Հեռուստացույցով զոհվածների անուններ էին կարդում, ու լսեցինք Ռոմանի անունը…

Հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոս հայորդին հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։

***

Ես խոստումս կատարեցի՝ Աղձք գնացի…

Ապրիլին Փոթոյանների ընտանիքում մանկիկ է  լույս աշխարհ եկել,  փոքրիկին անվանակոչել են Ռոմանի անվանը համահունչ՝ Ռոմելա:

-Ցավս անդարման է, երբեք չի սփոփվի,- ասում է որդեկորույս մայրը՝ Գոհարը:- Ռոմանս այնքան շատ էր ուզում քույրիկ ունենալ, Աստված կատարեց իր ցանկությունը… Փոքրիկի ծնունդը հույսի ու լույսի մի  շող էր մեզ համար…

Մայրն ամեն օր աղջնակին գիրկն առած՝ երկար-երկար կանգնում է  որդու լուսանկարի առաջ   ու փոքրիկին պատմում  հերոս եղբոր մասին, պատմում է ներկա ժամանակով…

Չէ՛, չի խառնում ժամանակները՝ հայրենիքին կյանքը նվիրաբերած տղաները  հավերժ ներկա են….

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #09 (1431) 11.05.2022 - 17.05.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


13/05/2022