Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ



ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄՄԱՀՈՒԱՆ ՏԵՍԻԼՔ

 

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՛ւրս,

Եւ բարբարոսներն արիւններով կը դառնան,

Մեռելներուն ու ոգեվարներուն վրայէն,

Ագռաւներու բազմութիւններ կ՚անցնին վերերէն,

Արիւնոտ բերաններով ու գինովի քրքիջներով…

Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խեղդէ,

Ու պառաւներու անձայն կարաւաններ

Շտապով կը փախչին լայն ճամբաներէն…։

Գիշերին մէջէն արիւններուն ալիքը կը բարձրանայ,

Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով,

Ու ամէն կողմէ սոսկումով կը սուրան հալածուած՝

Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն…

Փողոցներուն մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ

Եւ ամբոխներ անպատմելի սրածութենէ դարձող,

Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ

Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն…

Ու մարմարի ծանրութիւնով իջնող ձիւնին տակ

Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի.

Օ՜, մտիկ ըրէ՜ք սա սայլերուն ճռնչիւնն ահաւոր,

Իրենց վրայ դիզուած դիակներուն տակ,

Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ,

Որ կածանէ մը դէպի համայնափոսերը կ՚երկարին.

Մտիկ ըրէ՜ք հոգեվարքներուն ձայները վերջին,

Հովին հարուածներուն մէջ, որ ծառերը կը ջարդէ,

Օ՜, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք,

Չըլլայ որ մօտենաք գերեզմանոցներուն եւ ծովուն,

Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն,

Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան,

Ու ցաւէն գալարուող ալիքներուն վրայ

Գանկեր ու սրունքներ ինծի կ՚երեւան…

 

Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք

Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ,

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք

Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն,

Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող,

Օ՜, պատուհանները փակեցէ՛ք ու աչքերնիդ ալ,

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…։

 

Սիամանթո

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Ո՞վ կու լա այսպես խշտյակիս շեմքին.

– Քո՛ւյր, ղարիպն է, բաց:

 

Կմա՞խք մը կ՚անցնի դուրսեն լալագին.

– Սովն է, դուռըդ բաց:

 

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.

– Ջարդն է, դուռըդ բաց:

 

Ռուբեն Սեւակ

 

 

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

 

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝

Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,

Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով

Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

 

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,

Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից

Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,

Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,

Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,

Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

 

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,

Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան

Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,

Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։

– Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…

 

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,

Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,

Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,

Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,

Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,

Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու

Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,

Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…

– Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…

 

Հովհաննես Թումանյան

Խորագիր՝ #06 (1428) 20.04.2022 - 26.04.2022, Հոգևոր-մշակութային


21/04/2022