Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԷ՞ ՈՐ ԿՌՎԵԼ ԵՆ ՄՈՆԹԵԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ



ՊԲ N զորամասում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ, որոնցից մեկն էլ հայ ազգի ճանաչված ռազմական գործիչների, հերոսների և նշանավոր մարդկանց հիշատակին նվիրված հուշ երեկոների կազմակերպումն է: Վերջերս զորամասում հանդիսավորությամբ նշվեց հայ ազգի հերոս, Արցախի ազատագրական պայքարի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը: Զորամասի դիվիզիոնը կռվել է նաև Մոնթեի ենթակայության ներքո, ինչը խիստ պարտավորեցնող է: Երեկոյի համար հատուկ կահավորվել էր դիվիզիոնի ժամանցի սենյակը, ցուցադրվել էին Մոնթե Մելքոնյանի լուսանկարները: Երեկոյին ներկա էին զորամասի հրամանատար գնդապետ Սահակյանը, հրամանատարի տեղակալները, ստորաբաժանումների հրամանատարները, ինչպես նաև սպաներ և սերժանտներ տարբեր ստորաբաժանումներից:

Երեկոն բացեց դիվիզիոնի հրամանատարը, ելույթ ունեցան հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ փոխգնդապետ Գ.Արզանգուլյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Հայրապետյանը: Հնարավորինս բովանդակալից ներկայացվեց Մոնթեի կյանքը, ցուցադրվեց հերոսին նվիրված տեսաֆիլմը: Դիտումից հետո իր խոսքն ասաց զորամասի հրամանատարը, շնորհակալություն հայտնեց ստեղծագործական խմբին:

Միջոցառումները այսքանով չսահմանափակվեցին. դիվիզիոններից մեկում կազմակերպվել էր հիշատակի երեկո` նվիրված մարշալ Հովհ.Բաղրամյանին: Երեկոյին հրավիրված էին զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ փոխգնդապետ Դավթյանը, սպաներ, սերժանտներ, զինվորներ: Կրտսեր սերժանտներ Մամիկոնյանը և Հարությունյանը ներկայացրին հետաքրքիր դրվագներ մարշալ Բաղրամյանի կյանքից, որից հետո հավաքվածները դիտեցին նրան նվիրված տեսաֆիլմը:

ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
կրտսեր սերժանտ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ազգային բանակ


21/12/2011