Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՎԻԶԻՈՆԸ



ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Զորամասի ստորաբաժանումներից խառը հրետանային դիվիզիոնը ավարտական քննությունների ընդհանուր արդյունքներով բազմիցս ճանաչվել է լավագույնը։ Դիվիզիոնի հրամանատարն է մայոր Նորայր Խոյլունցը։ Երիտասարդ սպան ավարտել է մեր ռազմական ինստիտուտի հրետանային բաժինը, որից հետո հրետանային դասակի հրամանատարի պաշտոնով ծառայության է անցել սահմանային զորամասում։ Կարճ ժամանակում նրա ղեկավարած դասակը հասնում է զգալի հաջողությունների, եւ հրամանատարությունը երիտասարդ սպային վստահում է մարտկոցի հրամանատարի պարտականությունները։ Մայոր Ն.Խոյլունցի մասնագիտական պատրաստվածությունն ու իր գործի հանդեպ մեծ պատասխանատվությունը հաշվի առնելով` այնուհետեւ նրան վստահվում են դիվիզիոնի շտաբի պետի պարտականությունները: Այժմ հրետանային դիվիզիոնի հրամանատարն է։ Ն.Խոյլունցը ամուսնացած է, ունի երկու զավակ՝ տղա եւ աղջիկ։ Պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալով եւ բազմաթիվ պատվոգիր-շնորհակալագրերով։

-Հոկտեմբեր ամսին ուսումնական կենտրոնում զորամասի կազմով մասնակցել ենք մարտավարական զորավարժության։ Մեր դիվիզիոնի Դ-30 մարտկոցը իր մարտական հրաձգությամբ եւ մարտական պատրաստակամությամբ գնահատվեց «լավ»։ Դիվիզիոնում ուսումնանյութական բազան բավարար վիճակում է։ Հրաձգարանը, որտեղ ըստ գրաֆիկի անց ենք կացնում կրակային պարապմունքներ, նույնպես ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով։ Հրանոթից մարտական հրաձգությունը կատարվում է միայն ճամբարային հավաքների ժամանակ` ուսումնական կենտրոնում։

Մարտական հերթապահություն կատարող զինվորները 100 տոկոսով ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով` սնունդ, վառելիք, ջեռուցում։

Կարգապահական կոպիտ խախտումներ չկան։ Ունենք բանիմաց, գրագետ երիտասարդ սպաներ, կան զինծառայողներ, որոնց լուսանկարները չեն իջնում զորամասի պատվո տախտակից` ուսման գերազանցիկներ ավագ սերժանտ Սեյրան Հովհաննիսյան, եֆրեյտոր Կարեն Գեւորգյան, շարքայիններ Գագիկ Վահանյան, Վարդգես Ոսկանյան։

«ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»

…«Սկզբունքային մարդ, հավատարիմ ընկեր, բանիմաց սպա` օժտված իսկական հրամանատարին բնորոշ հատկանիշներով». այսպես բնութագրեց մայոր Ն. Խոյլունցը դիվիզիոնի շտաբի պետ մայոր Դավիթ Տռուզյանին։ Մայոր Դ.Տռուզյանը ծնվել է Բյուրեղավանում (Կոտայքի մարզ)։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ՌԻ։ Ավարտելուց հետո նշանակվել է դասակի, այնուհետեւ` մարտկոցի հրամանատար։ Պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» և «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով։ Երկու երեխաների հայր է։

– Որպես շտաբի պետ` ի՞նչ գնահատական կտաք երիտասարդ սպաներին, պատրաստվա՞ծ են.- այս հարցով դիմեցինք մայոր Տռուզյանին։

– ՌԻ նորավարտ սպան, բնականաբար, փորձ ձեռք է բերում մարտական զորամասում ծառայելու ընթացքում։ Տեսական նյութին տիրապետելու առումով լիովին պատրաստված են։ Շատ բան կախված է կոլեկտիվից, երիտասարդ կադրերին աջակցելուց։

– Զորակոչ է և զորացրում։ Ինչպիսի՞ն է նոր սերունդը:

– Ակնհայտ է, որ դպրոցում ապագա զինվորների հետ տարվող աշխատանքները դեռ բավարար չեն։ Նորակոչիկներն, իհարկե, նախնական գիտելիքներ ունեն` զինվորական կոչումներ, ստորաբաժանումների դասակարգում, սակայն վատ գիտեն հայոց պատմությունը: Բացը փորձում ենք լրացնել այստեղ, ծառայության ընթացքում։ Իսկ երկու տարվա ընթացքում նրանք համարյա անճանաչելիորեն փոխվում են` ուրիշ է արդեն զորացրվող զինվորի պահվածքը, քայլքը, խոսելաձեւը, վարվելաձեւը։ Երկու տարում դառնում են իսկական տղամարդ` հայրենիքի զինվոր, որը, վստահ եմ հարկ եղած դեպքում առանց կանչի կներկայանա պաշտպանելու հայրենիքը։ Պաշտպանության նախարար Ս.Օհանյանի խոսքով, «երիտասարդը՝ տղան, տղամարդ է դառնում երկու տարում»։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Դ-30 մարտկոցի հրամանատար կապիտան Խաչիկ Պողոսյանը վերջերս է նշանակվել այս զորամասում ծառայության, սակայն արդեն հասցրել է անձնակազմի մարտական պատրաստվածությամբ աչքի ընկնել եւ գնահատվել ինչպես ստորաբաժանման, այնպես էլ զորամասի հրամանատարության կողմից։

Ծնվել է Վայոց ձորում, հողագործի ընտանիքում։ Զինվորականի մասնագիտություն ընտրելուն նպաստել է հորեղբոր որդին՝ մայոր Նարեկ Պետրոսյանը։ Ինչպես ինքն է ասում. «Նրա կեցվածքը, համազգեստը շատ տպավորիչ էին։ Ասես ծնվել էր զինվորական դառնալու համար, եւ ես միշտ հպարտանում էի նրանով»։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ռազմական ինստիտուտ։ Որոշ ժամանակ սովորելուց հետո իր խնդրանքով տեղափոխվել է հրետանային ֆակուլտետ։ Ավարտելով ուսումնառությունը` ծառայության է նշանակվել հրետանային զորամասերից մեկում` որպես ավագ սպա, այնուհետեւ եղել է մարտկոցի ավագ սպա։ 2010-ին նշանակվել է մարտկոցի հարմանատար։

-Բազմիցս մասնակցել եմ զորավարժությունների։ Համաբանակային զորավարժության ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից պարգեւատրվել եմ «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալով։ Ես ծառայում եմ գիտակցաբար և սիրով` մտածելով իմ ազգի, իմ ժողովրդի անվտանգության մասին։ Կխնդրեի մեր զինակոչիկների ծնողներին, որ իրենց որդիներին բարձր տրամադրությամբ, մեր բանակի, մեր հաղթական պատերազմների մասին հերոսական պատմություններով դաստիարակված ուղարկեին ծառայության։ Ես հպարտանում եմ իմ մարտկոցի լավագույն զինվորներով, որոնք բարձր են պահում մեր դիվիզիոնի և մեր զորամասի ի վերջո, մեր բանակի մարտունակությունն ու պատիվը։

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՎԱՌ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Բանակի գերազանցիկ» ավագ սերժանտ Սեյրան Հովհաննիսյանը ծնվել է Արմավիր քաղաքում։

– Շուտով կզորացրվեմ ու տուն կդառնամ, որտեղ ինձ են սպասում ծնողներս, եղբայրս։ Հայրս արտագնա աշխատանքից այս տարի շուտ է եկել ու սպասում է իմ վերադարձին։ Եղբայրս նույնպես ծառայել է։ Ես իմ ռազմահայրենասիրական դաստիարակությունը ստացել եմ ընտանիքում, ապա` դպրոցում: Մեր քաղաքում դպրոցներ կան Զորավար Անդրանիկի, Արցախյան ազատամարտի հերոս Ռուբիկ Եղոյանի անուններով:

Անմոռաց, հետաքրքիր հիշողություններ կան ու կմնան ամեն մի զինծառայողի կյանքում։ Ինձ համար դա կլինի վերջին զորավարժությունը, որի ընթացքում լավ արդյունքի հասավ մեր մարտկոցը, իսկ մեր հաշվարկը ճանաչվեց լավագույնը` աչքի ընկնելով արագաշարժությամբ, նշանառությունը արագ ու ճիշտ ժամանակին կատարելով։ Վերջում էլ մարտական հրաձգությամբ խոցեցինք թիրախները։ Բարի ծառայություն եմ մաղթում մեր հաղթանակած հաշվարկի իմ ընկերներին՝ նշանառու, եֆրեյտոր Արարատ Սմբատյանին, հաշվարկի համար շարքային Սեդրակ Երկանյանին, վարորդ շարքային Արարատ Ազատյանին։

«ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸ»

Ավագ ռադիոհեռախոսավար եֆրեյտոր Գարիկ Մարգարյանը ծնվել է 1992թ. Նոր Հաճն քաղաքում։ 8-րդ դասարանից տեղափոխվել է Երեւանի պետական ճարտարագիտական քոլեջ։ 3 տարի սովորելուց հետո ստացել է մասնագիտություն եւ ուսումը շարունակել Երեւանի Հյուսիսային համալսարանում։ 2-րդ կուրսից զորակոչվել է։ Բարեխիղճ ծառայության համար արժանացել է հրամանատարության սիրուն եւ վստահությանը:

-Սեպտեմբերին մասնակցել եմ զորավարժության, եւ իմ կապի ջոկի հրամանատար եֆրեյտոր Արթուր Ավետիսյանի հետ կարողացել ենք ապահովել անխափան կապը։ Զորավարժությունից հետո արժանացել եմ խրախուսանքի՝ ստացել եմ եֆրեյտորի կոչում, որից հետո պարգեւատրվել եմ «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով։ Ուրախ եմ եւ հպարտանում եմ դրանով:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ազգային բանակ


21/12/2011