Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՄԻՐ ՏԱՆԻՔՈՎ ԵՐԱԶԱՆՔԸ…



ԿԱՐՄԻՐ ՏԱՆԻՔՈՎ ԵՐԱԶԱՆՔԸ...Զրույց նկարչուհի Անի Ժամհարյանի հետ

 

-Այս զրույցի ընթացքում, իհարկե, կանդրադառնանք Ձեր զինվորական կենսագրությանը, սակայն ես ավելի շատ ուզում եմ զրուցել Անի Ժամհարյան նկարչուհու հետ, որովհետև մեր հանդիպման շարժառիթը 44-օրյա պատերազմի թեմայով Ձեր երեք էսքիզներն են:

-Այդ էսքիզները ծնվել են պատերազմի ամենաթեժ օրերին, երբ հավատում էինք, որ Արցախի ինքնապաշտպանությունն ավարտվելու է մեր հաղթանակով, ու մեր պատմական Հայրենիքից ոչ մի թիզ չենք զիջելու թշնամուն: Պատերազմի դաշտում իմ նախկին զինվորներն էին, իմ զինակից ընկերները: Նրանք սխրանքներ էին գործում Հայրենիքը անձնվիրաբար պաշտպանելիս: Ես չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ ես զգում, երբ լսում ես, որ զինվորդ հերոսաբար ընկել է մարտադաշտում, ծառայակից ընկերդ կյանքը զոհել է հանուն Հայրենիքի: Գնդապետ Արթուր Սարգսյանը, կապիտան Աղասի Հարությունյանը, մայոր Արթուր Հովսեփյանը, Արմանը, Կորյունը, Արամը…

-Ձեր երեք էսքիզներից առաջինում Շուշիի եկեղեցու ավերված գմբեթն է, երկրորդում պատկերված է զինվորական կոշիկ և աղավնի, երրորդում՝ ծառի ճյուղեր…Այս երեք պատկերները, կարծում եմ, բովանդակությամբ կապված են միմյանց:

ԿԱՐՄԻՐ ՏԱՆԻՔՈՎ ԵՐԱԶԱՆՔԸ...-Այո՛, դա մի ամբողջական պատում է… Շուշիի եկեղեցու ավերված գմբեթը խորհրդանշում է ոչ միայն 44-օրյա պատերազմը, այլեւ մեր ամբողջ պատմությունը, երբ մենք արարել ենք, իսկ թշնամին ավերել է: Եկեղեցին նաև մեր քրիստոնեական վարքի խորհրդանիշն է:

-Նկարում աչք ու ականջ էլ կա պատկերված:

-Այո՛, աշխարհի կույր աչքն ու խուլ ականջը: Մենք պիտի մեր հույսը միայն մեզ վրա դնենք: Մենք խաղաղասեր ազգ ենք, սիրով լցված, տաղանդավոր…Բայց ստիպված ենք զինվորական համազգեստ կրել, զենք առնել, որ պաշտպանենք մեր սրբությունները, մեր ապրելու իրավունքը, մեր ծնողներին ու զավակներին, մեր մշակույթը…

Զինվորական կոշիկն ու աղավնին ասում են, որ զինվորն է խաղաղություն պարգևելու մեզ, որ մեր խաղաղության համար մենք պիտի կռիվ տանք, զենքով պիտի նվաճենք մեր խաղաղությունը, ուրիշ խաղաղություն չկա ու չի կարող լինել: Զինվորական կոշիկը ուժի, հարկադրելու, ճզմելու խորհրդանիշ է: Ապրելու իրավունք ունեն միայն ուժեղները: Խաղաղության աղավնին ուժեղներին է այցելում:

Երրորդ նկարում պատկերված է մեր վերընձյուղվելու խորհուրդը: Ես ասում եմ, որ կրակի բոցերում այրվող մեր կենաց ծառը նոր ճյուղեր է տալու, ծաղկելու է, ու նրա գեղեցիկ սոսափը տարածվելու է աշխարհով մեկ:

ԿԱՐՄԻՐ ՏԱՆԻՔՈՎ ԵՐԱԶԱՆՔԸ...-Դուք նկարչակա՞ն կրթություն եք ստացել, թե՞ զինվորական:

-Ես սկզբից ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի և գծագրության բաժինը, ապա՝ մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կապի բաժինը, այդ բուհի իգական սեռի առաջին ուսանողուհին եմ: Մագիստրոսի աստիճան եմ ստացել Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում:

Չգիտեմ՝ ով է ինձ ներշնչել այդ միտքը, բայց ես միշտ մտածել եմ, որ որդիական պարտք ասելով՝ մենք առաջին հերթին պիտի պատկերացնենք մեր պարտքը հայրենիքի հանդեպ: Ես միշտ որոնել եմ Հայրենիքս, անընդհատ զգացել եմ նրան մոտ լինելու հոգեկան պահանջ: Դա էր պատճառը, որ ես ընդունվեցի ռազմական ինստիտուտ: Մտածում էի, որ բանակում ավելի մոտ կլինեմ Հայրենիքիս, ավելի պիտանի կլինեմ:

-Դուք դասակի հրամանատար եք եղել, այսինքն՝ զորք եք ղեկավարել: Արդեն 7 տարի բանակում եք: Հիմա՞ էլ եք այն կարծիքին, որ կինը կարող է տղամարդուն հավասար հրամանատար լինել:

-Բանակը տղամարդկանց աշխարհն է, և դա ոչ ոք չի կարող վիճարկել: Բայց կարող են համազգեստ կրել նաև կանայք՝ զինվորական բժիշկները, զինվորական լրագրողները: Կան նաև ուժեղ խառնվածքով կանայք, որոնք ունեն հրամանատարական ունակություններ և հաջողությամբ ծառայում են զորքերում: Կարող եմ առանց սեթևեթանքի ասել, որ ես լավ հրամանատար էի: Իհարկե, հաջողության հասնելու համար ես գերմարդկային ջանքեր էի ներդնում, բայց արդյունքը գոհացնում էր: Ես իմ զինվորների քույրն էի, մենք միասին նվեր էինք պատրաստում նրանց սիրած աղջիկների համար, քնքուշ նամակներ էինք գրում նրանց մայրերին: Կին հրամանատարի ղեկավարած զինվորական կառույցում ավելի շատ բարություն, հոգատարություն ու սեր կա:

ԿԱՐՄԻՐ ՏԱՆԻՔՈՎ ԵՐԱԶԱՆՔԸ...-Ձեր մի նկարը հիշեցի: Զինվորական համազգեստով երեք տղամարդ էին պատկերված՝ տարբեր սերնդի: Նրանց դեմքին ավելի շատ հոգս, սեր, բարություն կար, քան կռվի պատրաստ ռազմիկի կոպտություն ու ագրեսիվություն:

-Ես պատկերել եմ պապին, որդուն ու թոռանը՝ երեքն էլ զինվորական համազգեստով: Նրանք հայրենիքի պաշտպանությունն են մարմնավորում: Այո՛, նրանց դեմքին սեր կա Հայրենիքի հանդեպ, հոգս կա Հայրենիքի ճակատագրի համար: Մեզ միշտ էլ սխրանքի է մղել ոչ թե ատելությունը թշնամու հանդեպ, այլ մեր սերը առ Հայրենիք: Երեք զինվորական սերնդի պատկերելով՝ ես ցանկացել եմ ասել, որ մենք միշտ պիտի պաշտպանենք Հայրենիքը անհայրենիք հրասակախմբերից, ու մեր պայքարը երբեք չի ավարտվելու, մեր զգոնությունը երբեք չի թուլանալու, մենք երբեք չենք հոգնելու զինվորական համազգեստ կրելուց:

-Կերպարվեստից բացի, Դուք նաև զարդագործությամբ եք զբաղվում: Ես մասնագետ չեմ, բայց անզեն աչքով էլ նկատելի է, որ Ձեր պատրաստած զարդերի վրա հայկականության կնիք կա, դրանք վառ են, մեծ, փոքր-ինչ կոպիտ, բայց ինչ-որ անբացատրելի ջերմությամբ ու քնքշանքով լի…

-Ես մետաքսանկարչության, բատիկայի, հայկական ձեռագրային մանրանկարչության մասնագետ եմ, ժամանակին այդ առարկաները դասավանդել եմ Մայր Աթոռի Հայորդաց տանը: Զարդեր պատրաստելու գաղափարը ծնվեց, երբ ուսումնասիրում էի մեր թագուհիների զարդերը: Դրանք այնքան ինքնատիպ են, այնքան գեղեցիկ: Ես որոշեցի այդ զարդերը ներկայացնել ժամանակակից հայ կնոջը՝ նոր երանգավորումներով: Դրանք պատրաստվում են բնական գունավոր քարերից, տարբեր նյութերի համադրությամբ, գունեղ են, խոշոր, շքեղ… Ես նաև պայուսակներ եմ գործում, փորձում եմ վերականգնել կաշեգործության հայկական ավանդույթները: Սա նույնպես յուրովի ծառայություն է Հայրենիքին:

ԿԱՐՄԻՐ ՏԱՆԻՔՈՎ ԵՐԱԶԱՆՔԸ...-Անի՛, ի՞նչ երազանքներ ունեք, դրանք փոխվե՞լ են 44-օրյա պատերազմից հետո:

-Ես մեծ ցուցահանդեսի էի պատրաստվում Շուշիում, սակայն պատերազմը իմ երազանքը հետաձգեց անորոշ ժամկետով: Իմ նկարներից մի քանիսը գերի մնացին Շուշիում, ու հիմա դրանց ճակատագիրն անհայտ է: … Որդի ունեմ, որը անօդաչու թռչող սարքեր է նկարում, ուզում է մեր բանակի համար ԱԹՍ-ներ ստեղծել: Բայց ամենանվիրականը Կարմիր տանիքով երազանքն է:

-Առանձնատո՞ւն եք երազում:

-Կարմիր տանիքով տուն արդեն գնել եմ Վանաձորում: Ուզում եմ, որ այն դառնա հին հայկական արվեստների վերածննդի կենտրոն: Ուզում եմ, որ առավոտյան ժամերին երեխաները հաճախեն պարապմունքների, սովորեն մանրանկարչություն, բատիկա, զարդագործություն, կերպարվեստ, լսեն դասախոսություններ հայկական մշակույթի մասին, իսկ երեկոյան Կարմիր տանիքով տանը հավաքվեն արվեստագետները, շունչ ու մարմին տան ազնիվ, արժանապատիվ, բարձր ու հայրենանվեր երազանքներին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


25/11/2021