Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՎՍԱԿԱՆՑԻ ՄՈՆԹԵՆ



ԿՈՎՍԱԿԱՆՑԻ ՄՈՆԹԵՆԿովսականի միջնակարգ դպրոցը Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով էր կոչվում: Դպրոցի մուտքի մոտ հերոսի կիսանդրին էր, և յուրաքանչյուր օր դպրոցականներն առաջինը ողջունում էին մեծն Թաթուլին: Հերոսի անունով էր կոչվում նաև քաղաքում գործող ազգագրական երգի ու պարի համույթը: Թաթուլն իր հերոսությամբ բոլորին էր ոգեշնչել, առանձնապես կովսականցի դպրոցականներին, երիտասարդներին: Այս դպրոցում սկսեց իր կրթությունը և միջնակարգն ավարտեց նաեւ կովսականցի Մոնթե Հայրապետյանը: Լավ էր սովորում, մասնակցում էր դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին: 2015 թ. նոյեմբեր ամսին դպրոցում ներկա եղա Մուրացանի «Ռուզան» դրամայի բեմականացմանը, որտեղ դերակատարները կրթօջախի սաներն էին: Կապուտաչյա Մոնթեն խաղում էր հայ իշխաններից մեկի դերը: Դասասենյակում, որտեղ տեղի ունեցավ ներկայացումը, ծնողներն էին, ուսուցիչներ, աշակերտներ: Շատ լավ խաղացին մեր աշակերտները, և բոլորն էին հուզված, բարձր տրամադրությամբ: Մոնթեն չէր որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, սակայն գիտեր՝ ծննդավայր Կովսականն է շենացնելու եւ այնտեղ է ապրելու միշտ: Մոնթեն զբաղվում էր նաեւ ձյուդոյով Բերձորի մանկապատանեկան դպրոցի Կովսականի մասնաճյուղում: Շրջանային ու հանրապետական մրցումների էր մասնակցել, հաճախ դարձել հաղթող կամ մրցանակակիր:

Մոնթեն ծնվել է 1999 թ. մայիսի 19-ին Վայոց ձորի Քարագլուխ գյուղից Արցախի Քաշաթաղի շրջանի այս հարավային քաղաք եկած Ավետիք Հայրապետյանի ընտանիքում: Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2017 թ. զորակոչվել է հայոց բանակ, ծառայել բարեխիղճ ու նվիրված: Պատահական չէ, որ ինչպես դպրոցում էր արժանանում պատվոգրերի, գովասանագրերի, շնորհակալագրերի, այնպես էլ՝ ծառայության ընթացքում:

Բանակից վերադառնալուց հետո զբաղված էր ընտանիքին օգնելով, իրենց տնտեսությունը զարգացնելով: Սակայն 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն առաջնագիծ տարավ նաև հազարից ավելի քաշաթաղցիների՝ զորակոչով ու կամավոր, աշխարհազորով, չհաշված 200-ից ավելի ժամկետային զինծառայողները: Մոնթեն էլ հենց առաջին օրը զորահավաքով՝ որպես պահեստազորային, հասավ առաջնագիծ` Ջրական: Այդ օրերին ամենաթեժ մարտերն էին մղվում այս ուղղությամբ: Առաջին, երկրորդ, երրորդ օրերին արդեն լսում էինք նաև քաշաթաղցի զոհվածների ու վիրավորների մասին: «Նարինջ-1»-ը տարածքի կարևոր դիրքերից էր, որն էլ մարտական ջոկատի կազմում պաշտպանում էր Մոնթեն: Կովսականը շատ հեռու չէր այստեղից: Ասում են՝ մինչև վերջին շունչը կռվել է, դիմադրել իրենցից բազում անգամ ավելի թշնամուն և զոհվել…

2020 թ. հոկտեմբերի 2-ից քաջորդին համարվում էր անհայտ կորած: Լուրեր էին պտտվում, որ վիրավոր է եղել: Կար հույս՝ ողջ է, մի օր տուն կգա: Հույսով էին սպասում հարազատներն ու մտերիմները: Սակայն օգոստոսին ԴՆԹ ախտորոշմամբ գտել էին հերոսի աճյունը…

Մոնթե Հայրապետյանը 2021 թ. օգոստոսի 25-ին ծնողների ծննդավայր Քարագլուխ գյուղում իր հոգեհանգստի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Ճակատագրեր


25/11/2021