Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԱՐՈՆ



ՉԱՐՈՆԱրցախյան վերջին պատերազմում գործած սխրանքների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած մարտիկի անձնագրում գրված է՝ Համլետ Խաչատրյան, բայց և՛ մանկության, և՛ մարտական ընկերները Չարո են ասում: Չարոն ամենաքաջն էր, Չարոն ամենաընկերասերն էր, Չարոն ամենաբարին էր, Չարոն ամենահայրենասերն էր…

Զրույցի համար Համլետի ընկերներից ես ընտրում եմ Շահնազարյան Արմանին, որովհետև նա ու Համլետը տարեկիցներ են, ծնվել են նույն գյուղում՝ Վերին Արտաշատում, նույն թաղում, ամբողջ կյանքում ընկերություն են արել, միասին են եղել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

-Գիտեմ՝ պիտի հարցնեք, թե ինչպե՞ս էր Չարո մականունը կպել Համլետին. բոլորը առաջինը էդ հարցն են տալիս: Պապն էր անունը դրել Չարո, որովհետև շատ չար էր: Հանգիստ չուներ, բոլոր «անկարգությունների» հեղինակն ու կազմակերպիչն էր: Ինչեր ասես չէր մոգոնում: Նորաշենցիների հետ Աբրայի մոտ էինք կռվում, դվինցիների հետ՝ ավերակների մեջ: Անգիր գիտեինք, թե ում ծիրանը երբ է հասնում, ու նուբարը մենք պիտի անեինք…

Չարոն ցածրահասակ, փոքրամարմին տղա էր, բայց կռվի մեջ հաղթում էր ամենաբարձրահասակներին ու ամենահաղթանդամներին: Որքան էլ դժվար լիներ, իր ճշտի համար մինչև վերջ կռիվ կտար, չէր հարմարվի, չէր նահանջի, չէր զիջի:

Չարոն հպարտ տղա էր, ոչ մի ուժ, ոչ մի շահ չէր կարող ճկել նրան: Նա կանգուն տեսակ էր:

Չարոն մորը անսահման էր սիրում ու մոր մահը չափազանց ծանր տարավ: Դեռ երեխա, կամովին իր ուսերին էր առել մորն ու քրոջը խնամելու հոգսը՝ հասուն տղամարդու պես…

Ընկերոջ համար Չարոն պատրաստ էր ցանկացած զոհողության: Բացառիկ նվիրված ընկեր էր, անդավաճան, ներող:

ՉԱՐՈՆԵս տեսել եմ, թե ինչպես է Չարոն վերաբերվում մեծերին, տարիքով մարդկանց՝ հոգատար, ջերմ, բարի, սրտացավ: Երբ տաղավարում նստած էինք լինում, ու տարիքով մարդ էր մոտենում, առաջինը Չարոն էր ոտքի կանգնում, որ տեղը զիջեր: Չարոն պատվի մարդ էր: Ընդամենը 8-րդ դասարանի կրթություն ուներ, բայց Մեծ մարդ էր Չարոն:

-Դուք միասի՞ն մեկնեցիք ռազմաճակատ:

-Չէ՛, երբ կռիվն սկսվեց, Չարոն Արցախում էր: Որդին՝ Ալբերտը, ժամկետային ծառայության էր Մատաղիսում, Չարոն էլ աշխատում էր: Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ կռվի լուրն առա, անմիջապես զանգեցի Չարոյին, ասացի՝ սպասի՛ր ինձ, մինչև օրվա վերջ քեզ մոտ կլինեմ:

…Չարոն հին վրեժ ուներ թուրքերի հետ. նրա մորեղբայրը Արցախյան ազատամարտի ժամանակ անհետ կորավ: Չարոն չէր հաշտվում կատարվածի հետ, անընդհատ որոնում էր քեռուն, մտածում էր, որ նրան ողջ է գտնելու: Ի դեպ, երկու որդիներից մեկին կոչել է հոր, մյուսին՝ քեռու անունով… Ես, Չարոն ու մեր մյուս ընկերները կռվում էինք Շահեն Մեղրյանի անվան ջոկատում: Մենք պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 6-ը պայքարեցինք մեր հողի, մեր Արցախի ազատության համար:

-Ինչպիսի՞ ռազմիկ էր Համլետ Խաչատրյանը:

-Դա մի վեպի նյութ է, մի ուրիշ պատմություն է: Մենք ամենաթեժ, ամենասարսափելի մարտերին ենք մասնակցել: Դիվերսիաներ ենք հետ մղել, մերձամարտ ենք վարել, մեզ շրջափակել են բոլոր կողմերից, հրետակոծության տակ ենք մնացել… Չարոն այնքան հանգիստ, անձնազոհ ու արիաբար էր գնում մարտի: Նրան երբեք խուճապահար կամ անհանգիստ չտեսանք մարտադաշտում: Մի անգամ պիտի առաջ գնայինք բաց տարածքով, որը թուրքերի տեսադաշտում էր, դիպուկահարների «ափի» մեջ: Տղաները չէին համարձակվում քայլ անել, որովհետև յուրաքանչյուր շարժում արժանանում էր թշնամու կրակին: Հանկարծ Չարոն վեր կացավ տեղից, ամբողջ հասակով կանգնեց թշնամու առաջ, սկսեց կրակել ու գոռալ. «Թուրքերն ո՞վ դարձան, որ մենք թուրքերից վախենանք»: Միայնակ կանգնած թուրք դիպուկահարների առաջ՝ կրակում էր: Իսկ դեմքի արտահայտությունը բառերով չես նկարագրի: Աչքերից ուժ ու կրակ էր թափվում: Տղաների վրա այս տեսարանը շատ ուժեղ ազդեց, բոլորը մեկ մարդու պես դուրս եկան թաքստոցներից ու շարժվեցին առաջ:

-Ես որքան փնտրեցի, չգտա մեկին, որը տեսած լինի, թե Չարոն ինչպես է զոհվել:

-Չարոն զոհվեց Շուշիի մատույցներում: Մենք փորձում էինք մտնել քաղաք: Ցրված էինք, որովհետև դիպուկահարները խփում էին, ականանետ էր աշխատում…Ես երեք անգամ վիրավորվեցի, Դարբինյան Արմենը, Այդինյան Ռոլանդը ու մեր տղաներից շատերը վիրավորվեցին այդ ժամանակ: 25 հոգանոց խմբից, կարծեմ, միայն երեք հոգի կարողացան անվնաս դուրս պրծնել: Երևանի հոսպիտալում իմացա, որ Չարոն խփվել է: Հենց նույն օրը գնացի Արցախ: Ես ճանաչեցի ընկերոջս…

-Դիպուկահա՞րն էր խփել:

-Երևի ականանետի հարված էր: Չարոն ամփոփված է մոր կողքին, որին աշխարհում ամենից շատ էր սիրում: Չարոն երկու որդի ունի, ավագը՝ Ալբերտը, դեռ ծառայում է, կրտսերը՝ Գևորգը, հոր մանկությունն ու պատանեկությունն է կրկնում

…Շատ եմ ուզում, որ Ալբերտն ու Գևորգը Չարոյի նման մեծ մարդ դառնան:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1416) 17.11.2021 – 23.11.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


18/11/2021