Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆ



ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆԶորավարժարանում տարբեր զորատեսակների ստորաբաժանումներն էին։ Հակառակորդը պայմանական էր, մարտական գործողությունները՝ նույնպես։

Ըստ սցենարի՝ հակառակորդը գրոհում է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ու ապահովել հիմնական ուժերի հետագա առաջխաղացումը:

-Մեր ստորաբաժանումների առաջ խնդիր էր դրվել վարժ ու ներդաշնակ գործողություններով կասեցնել թշնամու գրոհը, ինչն էլ նրանք հաջողությամբ կատարեցին: Գործեցին արագ և օպերատիվ: Դիպուկ կրակով թիրախները խոցվում էին ժամանակին ու անվրեպ։ Արձակված արկերն ու հրթիռները մեկը մյուսի հետևից ոչնչացնում էին հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան,- իր ստորաբաժանման գործողություններից գոհ ասում է   տանկային դասակի հրամանատար Արման Սարգսյանը:

Զորավարժության ընթացքին, գործողություններին ու կրակի խոցման արդյունավետությանը հետևում էր հրամանատարական կազմը և ըստ զարգացումների առաջադրում նոր խնդիրներ: Դրանց հիմքում առաջին հերթին ժամանակակից համազորային մարտ վարելու առանձնահատկություններն էին և 44-օրյա պատերազմի փորձը։ Տարբեր զորատեսակների ներդաշնակ փոխգործակցությամբ ու մարտավարական հնարքների կիրառմամբ հարվածներ էին հասցվում ինչպես առաջնագծում մարտ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարող թշնամական ուժերին։

Անձնակազմը գրոհով զբաղեցնում էր առավել նպաստավոր բնագծեր՝ հընթացս  կրակի տակ պահելով հակառակորդին ու նրան փախուստի մատնելով:

-Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Գործնական վարժանքը ծառայեց իր գլխավոր նպատակին,- մեզ հետ զրույցում ասաց զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1415) 10.11.2021 – 16.11.2021, Ազգային բանակ


11/11/2021