Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆԱՌԻԿ ՄՆԱՑ
ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆԱՌԻԿ ՄՆԱՑ

ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆԱՌԻԿ ՄՆԱՑԱրթիկցի Արման Սիմոնյանը ուսանում է Երեւանի պետական բժշկական համալսարանում, ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին կռվի դաշտում էր՝ Արցախի հյուսիսային թեւում։

-Հզոր կերպար է Արմանը, խիզախ, աներկյուղ, բոլոր մարտական գործողություններին ձգտում էր մասնակցել, վիրավորներին օգնելիս առաջինն էր, զոհվածներին կրակի տակից դուրս հանելուց եւս առաջինն էր,- այսպես է բնութագրում Արմանին վաշտի հրամանատար Մարգար Սարիբեկյանն ու հավելում,- որպես հրամանատար չեմ կարող չհպարտանալ՝ մարտի դաշտում իսկական առյուծներ էին վաշտիս տղերքը, իմ զինվորների կողքին ես ինձ ամենակարող էի զգում…

44-օրյա մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության համար վաշտի անձնակազմի մեծ մասը խրախուսվել է պետական բարձր պարգեւներով՝ միայն 19 զինծառայող արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, նրանցից մեկը Արմանն է։

-Սեպտեմբերի 27-ին ես եւ մեր վաշտի Մոնթեն մարտական դիրքերում պետք է լինեինք, բայց երկուսիս էլ բարձր ջերմության պատճառով ամսի 25-ին իջեցրել էին զորամասի բուժկետ։ Սահմանին հակառակորդի տեխնիկայի կուտակումներ էին նկատելի, ինքնաբերաբար սկսեցինք խոսել Արցախյան ազատամարտից, պատերազմի դաժանություններից, որ ինչքան ցավ ու տառապանք, կորուստներ է պատճառում, դեռ չգիտեինք՝ մեզ ինչ դժոխք է սպասվում,- դառը ժպիտով պատերազմական օրերն է վերհիշում Արմանը:-Սեպտեմբերի 27-ի լուսաբացը բացվեց պայթյունների ձայներով, որ գնալով ավելի էին ուժգնանում։ Հրե կարկուտ էր… Հրամանատարի տեղակալն ասաց, որ արկն ընկել է խրամատի վրա, ու զինվորները տակն են մնացել, հարկ էր շտապ քանդել, ազատել տղերքին … Մի քանի հոգով արագ քանդում էինք փլուզված ծածկաթումբը… 29 հոգուց միայն մեկն էր ողջ մնացել, որի ոտքն էլ հետագայում անդամահատեցին…

Երկու օր զորամասում բժիշկներին էր օգնում, վիրավորներին տեղափոխում, սեպտեմբերի 29-ի երեկոյան Մխիթար Գաբրիելյանի, Անդրանիկ Հայրյանի հետ միասին բարձրացան դիրքեր։

Թշնամին գործի էր դրել իր ամբողջ զինանոցը. ինչ զինատեսակից ասես չէր կրակում…

-Հոկտեմբերի 13-ի կռիվն ամենածանրերից էր, դեռ նախորդ օրվա երեկոյան ես ու Մոնթեն դիտարկման էինք կանգնած, թշնամու կուտակումներ էին նկատվում, զեկուցեցինք վաշտի հրամանատարին: Առավոտյան հակառակորդը սկսեց ինտենսիվ հրետակոծել, ծանր հրետանին չէր լռում։ Կրակի խտությունից ենթադրելի էր, որ շուտով հարձակում է լինելու։ Առավոտվա ժամը վեցը չկար, աջակողմյան հատվածից մոտ 60 հոգանոց խումբ փորձում էր առաջանալ, ներթափանցել մեր թիկունք, մի այլ խումբ էլ դիմացից էր փորձում հարձակվել։

Թշնամին մտադրվել էր ե՛ւ թիկունքից, ե՛ւ ճակատից հարձակվելով, ծուղակի մեջ գցելով՝ գրավել դիրքերն ու առաջ շարժվել։ Տեղ-տեղ 10-15 մետր հեռավորության վրա մերձամարտ էր ընթանում։ Գրագետ մարտավարության շնորհիվ, սակայն, թշնամու պլանները ձախողվեցին։

Մի քանի անգամ հատուկ նշանակության ջոկատայինները գրոհեցին, բայց ոչ մի անգամ չկարողացան ճեղքել այդ հատվածը, ձախողվեցին նաեւ թշնամու տանկային գրոհները։ Երբ հակառակորդի զինվորականները եկել էին իրենց զոհվածների մարմինները տանելու, իրենց մայորը խոստովանել էր, որ ընդհանուր ճակատի այս տեղանքն ամենածանրերից էր, ամենադժվարներից. մարդկային զգալի կորուստներ էին ունեցել՝ հանդիպելով համառ դիմադրության։

***

Տղերքը կռվում էին ինքնամոռաց նվիրումով, մեկը մյուսի կյանքը սեփականից վեր դասելով, կռվում էին երգելով, կատակելով։

-Մարտունեցի մի կամավորական կար, տարիքով մարդ էր, «Հոպար» էինք ասում: Էնքան լավ էր երգում, կռվի դաշտում իր երգը մեզ թեւ էր տալիս, ոգեւորում, «Հոպարն» էլ զոհվեց…. -պատերազմական օրերից տարբեր դրվագներ է վերհիշում Արմանը:- Կռվի դաշտում մահն ամեն րոպե կողքիդ էր… Հոկտեմբերի 16-ին մտա «ստոդնեվկի» մեջ։ Սպաներից մեկն ուրախ ասաց՝ քեզ մնաց հարյուր օր։ Չգիտեի՝ հարյուր օր էր մնացել, մի օր, թե…

ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆԱՌԻԿ ՄՆԱՑՈւզում եմ անպայման շեշտել նաեւ, որքան էլ, որ մահն աչքներիս առաջ էր, որքան էլ, որ ուժերն անհավասար էին՝ թշնամին գերազանցում էր թե՛ թվաքանակով, թե՛ տեխնիկայով, միեւնույն է, մեզնից ոչ մեկն ընկճված չէր, ոչ մեկի մտքով մի պահ իսկ չի անցել նահանջել:

«Նահանջ» հրամանը չի հնչելու, կռվելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջին շունչը». մեր վաշտի հրամանատարի հրամանը նաեւ մեր սրտի հրամայականն էր։ Ապշած էի մեր նորակոչիկների կռվելու վճռականությունից ու հաստատակամությունից. երկու-երեք շաբաթ էլ դեռ ծառայած չէին, վառոդի հոտը դեռ չէին էլ հասցրել մի կարգին շնչել, բայց ոնց էին կռվում, զուգահեռ զենքն էին մաքրում, արագ-արագ զենքերի դատարկված պահեստատուփերը լցնում…Մեր վիրավոր զինվորները հոսպիտալում ասես փշերի վրա լինեին, դեռ կարգին չապաքինված՝ շտապում էին հետ վերադառնալ…

Արմանն ինքն էլ վիրավորվել էր, բայց մարտադաշտը չէր լքել…

-Հայրս Շուշիի ազատագրմանն է մասնակցել, միշտ զարմանում էի նրա անսահման հայրենասիրությունից՝ որքան մեծ ու հզոր պետք է լինի սերը հայրենիքիդ հանդեպ, որ թողնես ընտանիք, երկու երեխա ու կամավոր գնաս կռիվ, պատերազմի դաշտում այնքան լավ հասկացա հորս….

Պատերազմի ավարտը անասելի ցավոտ էր,- խոստովանում է երիտասարդը,- հոգումս մի անբացատրելի, անվերծանելի զգացողություն էր….Դատարկություն …

Վաշտիս հրամանատարին՝ Մարգարին սրտնեղած ասում էի՝ հայրս ազատագրեց Շուշին, ես… հանձնեցի։

«Դու քո պաշտպանությանը վստահված տարածքը պահել ես անսասան, քո պաշտպանած տարածքում այսօր էլ եռագույն դրոշն է ծածանվում, կուղղենք մեր կքված ողնաշարը, կհամախմբվենք ու դարձյալ կազատագրենք մեր բռնազավթված տարածքները». վաշտիս հրամանատարի այս խոսքերն ինձ գոտեպնդում են:

***

Շուտով զորակոչ է։ Նոր հերթափոխը կկանգնի հայրենի հողը պաշտպանելու։

Պատերազմի թոհուբոհն անցած զինվորը վստահեցնում է՝ եթե վտանգվի հայրենի եզերքի խաղաղությունը, ինքը միանշանակ կանգնելու է հայրենիքի պաշտպանների կողքին ու մի օր տիրոջ իրավունքով ոտք է դնելու Շուշի, ինչպես տարիներ առաջ հայրը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և ԱՐՄԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ անձնական արխիվից