Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԻՏԱՆ ՄՈՎՍԵՍ ԴԱՎԹՅԱՆ



ԿԱՊԻՏԱՆ ՄՈՎՍԵՍ ԴԱՎԹՅԱՆՏանկիստ Մովսես Դավթյանի մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Տիկին Ելենան 1988 թ. սումգայիթյան կոտորածների ականատեսն է։ Նա իր մաշկի վրա է զգացել բռնի տեղահանման սարսափը։ Քսանմեկ տարեկան աղջկա ընտանիքը 1988 թ. նոյեմբերին ապաստան գտավ Ազնվաձորում։ Դեռ մի կարգին չտեղավորված՝ աղետալի երկրաշարժի ականատեսը եղավ: Ելենան նույն գյուղում ընտանիք կազմեց, որտեղ էլ ծնվեց ավագ որդին՝ Մովսեսը, հետո դուստրը՝ Աննան։ Դժվար ու ծանր ժամանակներում ծնողները կարողացան երեխաների մանկությունը լցնել խաղաղությամբ, հեքիաթային հրաշքներով և գեղեցիկ անակնկալներով…

…Մովսեսը տեխնիկայի հանդեպ մեծ հետաքրքրություն ուներ։ Քանդում-հավաքում էր ցանկացած սարքավորում։ Վաղ տարիքից հոր օգնականն էր։ 5-6-րդ դասարաններում բարձրահասակ ու աթլետիկ կազմվածք ունեցող Մոսոն բոլորի ուշադրության կենտրոնում էր։

Անկախ էր ու համարձակ։ Սամբոյի էր գնում, հաղթում էր բոլորին։ Որոշեց նաև բռնցքամարտ պարապել։ Այստեղ ևս առաջիններից էր։ Ութերորդ դասարանից ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան: Բարձր առաջադիմության համար կրթաթոշակ էր ստանում: Հրաշալի էր տիրապետում ռուսերենին:

Գերազանց ավարտեց վարժարանն ու ուսումը շարունակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2012 թ. արժանացավ «Հայոց բանակի քսանամյակ» ՀՀ ՊՆ հոբելյանական մեդալի:

Իսկ 2014 թ. մասնակցեց «Տանկային բիաթլոնի» միջազգային առաջնությանը, որտեղ մեր հավաքական թիմը գրավեց երկրորդ պատվավոր տեղը, և որպես մրցանակ Հայաստան բերվեց Տ-90 տանկը: Մովսես Դավթյանն արժանացավ ՌԴ ՊՆ ЕМПИОНАТ МИРА. ТАНКОВЫЙ БАТАЛЬОН» և «ЗА УКРЕПЛЕНИЕ БОЕВОГО СОДРУЖЕСТВА մեդալների: Նույն թվականին Մովսեսը պարգևատրվեց ՊՆ «Մարշալ Հովհաննես Բաղրամյան» գերատեսչական մեդալով: 2014 թ. ավագ լեյտենանտ Մովսես Դավթյանի անունը գրանցվեց զորամասի պատվո գրքում:

…Իսկ «Տանկային բիաթլոնի» մրցույթում հաղթանակը հեշտությամբ չտրվեց: Այն լի էր դրամատիկ պահերով, որոնք մեր տղաների հմտության, խիզախության, միասնականության, ոգու, անկոտրում կամքի շնորհիվ հաղթահարվեցին:

Սանասար Ծառուկյանը պատմում է. «Տանկային մրցույթի վերջին օրը Մովսեսը չէր կարող մասնակցել: Մի օր առաջ, տանկի անսարքությունը վերացնելիս, մատը ջարդվել էր: Անհանգիստ մտածում էինք, թե ով է փոխարինելու նրան: Բայց ես գիտեի, որ Մովսեսն անփոխարինելի է. տանկի մեջ շարժումներով հասկանում էինք իրար և ի հայտ եկած թերություններն անմիջապես վերացնում էինք: Երեկոյան հանձնաժողովը որոշեց, որ Մովսեսը չի կարող մասնակցել մրցմանը: Մովսեսը նույն պահին վեր թռավ նստած տեղից և ասաց, որ ինքը կմասնակցի ու դուրս եկավ սենյակից: Լույսը բացվեց: Առաջինն ինքն էր կազմուպատրաստ սպասում միջանցքում: Տեսավ մեզ, ասաց. «Գնացի՛նք»:

ԿԱՊԻՏԱՆ ՄՈՎՍԵՍ ԴԱՎԹՅԱՆՆա, ջարդված մատով, ամեն ինչ արեց րոպեների ընթացքում. կրակայինից հետո, երբ խոցել էինք բոլոր թիրախները, տանկի մեջ գոռում էինք. «Ուռռա՜, Հայաստա՜ն»… Մեր ոգևորությանը չափ չկար: Հաղթության րոպեներին արկի ծուխը լցվել էր տանկի մեջ, շատ վտանգավոր էր շնչելը: Եթե տանկը կանգնեցնեինք ծխի պատճառով, կգային, մեզնից կանցնեին: Մոսոն ասաց. «Ես շարունակում եմ, դու ու Նարեկն ինձ հե՞տ եք»: Ասացինք՝ «Հա՛»: Մոտավորապես 4 կմ ճանապարհը 7 րոպեում անցանք: Երբ վերջնագծին հասանք, և տանկը կանգնեց, երեքով դուրս եկանք, գրկախառնվեցինք և… ուշագնաց ընկանք:

Դավթյանը չհանձնվող տեսակ էր: Կռվի դաշտում մոտ ենք եղել, բայց իրար չենք տեսել: Սպաներից տեղեկացա, որ գալու է: Ամբողջ գիշեր սպասեցի, որ տեսնեմ եղբորս, ընկերոջս, հարազատիս: Առավոտյան իմացա. Մովսեսն էլ չի գալու…»:

…Ստեփանակերտում Մովսեսը Լուսինեին պատահաբար էր հանդիպել: Գնում էր ճաշելու: Տեսավ՝ փողոցով անցնում է մի լույս աղջիկ: Կեսօրյա արևի ճառագայթները խաղում էին աղջկա ոսկե ծամերի մեջ, ու նրա դեմքը ողողվել էր պայծառությամբ: Ասես լեռնային վիթ լիներ՝ նազանքով, հեզաճկուն: Մովսեսը մոռացավ քաղցն ու հետևեց Լուսինեին: Լուսինեն զգաց տղայի սևեռուն հայացքը, նրա քայլերի ձայնն ու անսովոր զգացում ապրեց: Հաջորդ օրը Մոսոն նորից Լուսինեենց փողոցում էր: Վարձով բնակարան էր պետք: Ստացվեց այնպես, որ այդ պահին միայն Լուսինեենք ունեին: Մովսեսն ընկերոջ հետ մտավ բակ: Լուսինեն լողավազանում էր: Բարձրացան երկրորդ հարկ, խորհրդակցեցին:

-Հը՛, Մոսո՛, վերցնո՞ւմ ենք բնակարանը,- հարցրեց ընկերը բակում:

-Եթե Ջրահարսն այս տանն է ապրում, ուրեմն վերցնում ենք,- պատասխանեց Մոսոն, և ընկերները տեղավորվեցին առաջին հարկում:

Մի անգամ, լվացք փռելիս, Լուսինեն լսում է, որ երեք ընկերները վիճում են, թե ով է իրենցից ճաշ պատրաստելու, ով՝ աղցան: Մովսեսը դժգոհում է, չի ուզում աղցան պատրաստել:

Լուսինեն աղցանը պատրաստում է: «Էս աղցանին ոչ մեկդ ձեռք չեք տալիս, միայն ես եմ ուտելու»,- ընկերներին է դիմում Մոսոն: Ընկերները բողոքում են Լուսինեին, թե՝ «Քո պատճառով մենք աղցան չկերանք, ամբողջն ինքն է կերել»:

…Տարիներն անցնում էին: Մովսեսի և Լուսինեի սերն ամուր էր, անկեղծ: Ծառայությունը խանգարում էր ամուսնությանը, բայց արդեն որոշել էին՝ հարսանիք է լինելու…

Ներկայումս Արցախում ծառայող ավագ լեյտենանտ Արմեն Վահանյանը համեստորեն լռում էր, բայց հետո սիրով ներկայացրեց ընկերոջը. «Մոսոն լավ տանկիստ էր, իր գործի վարպետ: Միշտ ասում էր. «Նախ՝ պետք է լավ մարդ լինել, հետո՝ լավ տանկիստ, հետո նոր լավ զինվոր»: Աղ ու հացով էր: Օրը մեկի տուն գնում էինք ճաշելու: Մոսոյենց տուն գնալուց նույնիսկ տեղյակ չէինք պահում: Գիտեինք, երբ էլ տան դուռը բացեինք, Մոսոյենց համար սպասված հյուրեր էինք: Նա տարբերություն չէր դնում մեր միջև: Ցանկացած հարցով, ցանկացած ժամի կարող էինք դիմել նրա օգնությանը: Ոչ մեկս չենք համակերպվում դառը իրականության հետ… Նահանջի պահին օգնում էր բոլորին դուրս բերելու տեխնիկան: Իր շարժը ամենավերջում էր՝ ուշ ժամի, որը չկայացավ…»:

Դավթյանը շատ մտերիմ էր նաև հերոս Արման Աղվանյանի հետ: Ասես ինքը կենտրոնաձիգ ուժ լիներ: Իր նման լավագույն տղաներին միշտ շուրջն էր հավաքում: Երբ Արմանի հարազատները գնում էին Արցախ՝ իրենց որդուն տեսակցելու, անպայման մնում էին Լուսինեենց տանը: Նրա մայրը՝ տիկին Գայանեն, սիրով և ջերմությամբ էր ընդունում դստեր ամուսնու բոլոր ընկերներին:

Վարդան Վարդանյանը ևս Մովսես Դավթյանի զինակից ընկերներից է: «Ուսումնական զորամասից նոր էինք գնացել Արցախ: Զինվորներիս նստեցրին, և մի խումբ սպաներ մոտեցան մեզ: Խոսեցին գումարտակի առօրյա ծառայությունից, ինչն այնքան էլ հետաքրքիր չէր: Կապիտան Դավթյանը սկսեց խոսել տանկերից: Բոլոր զինվորների ուշադրության կենտրոնում ինքն էր: Հատկապես, որ իմացանք տանկային մրցույթի հաղթողներից է: Այնքան հետաքրքիր էր խոսում: Կապիտան Դավթյանն իմ իմացած լավագույն տանկիստն է: Տանկն իր կյանքն էր: Նման հրամանատար, ընկեր կորցնելն անասելի ցավ է: Որ Մովսեսի մասին խոսեմ, օրերն, անգամ ամիսները չեն հերիքի: Մի օր մտքերով քայլում եմ, մեկ էլ տեսնեմ՝ Մովսեսը խոսում է տանկի հետ: Մի պահ չհավատացի: «Վրդո՛ ջան, իմ աղջիկն է, չգիտե՞ս: Էստեղ բոլոր տանկերն աղջիկների անուններ ունեն: Խոսում եմ բոլորի հետ, բայց իմի հետ ամեն օր եմ խոսում: Ինձ թվում է, չէ՛, հաստա՛տ, տանկերը լսում են և ենթարկվում»:

Կարող է անհավատալի թվալ, բայց ես այդ ամենի միջով անցել եմ և տեսել եմ, թե 42 տոննա մետաղն ինչպես է ենթարկվում Մոսոյին: Մեզ բոլորիս ասում էր. «Զրուցե՛ք ձեր տեխնիկայի հետ, դրանք իսկապես լսում են, ուղղակի չեն կարող պատասխանել»: 2019 թ. կապիտան Դավթյանը մի բան ասաց, որը երբեք չեմ մոռանա. «Տղե՛րք, հիշե՛ք, հանկարծ պատերազմ սկսվի, ուրիշի վրա հույս չդնեք: Ես արդեն մի պատերազմի միջով անցել եմ: Հաստատ էլի է լինելու, բայց, Աստված տա, շուտ չլինի…»:

Հավերժ փառք իմ հրամանատարին ու լուսավոր ընկերոջը»:

Կապիտան Դավթյանը պատերազմի ընթացքում տասնչորս օր շարունակ կենաց ու մահու կռիվ տվեց թշնամու դեմ: Երբ իր տանկը խոցվեց, և նրան այրվածքներով հիվանդանոց տարան, նա որոշեց, որ այրվածքները թեթև են, և վերադարձավ առաջնագիծ, ուր շարունակվում էր թշնամու կրակի հեղեղը երկնքից՝ մեր հողը պաշտպանող զինվորների վրա: Մովսեսը վերջին անգամ տուն զանգեց հոկտեմբերի ութին՝ այլ հեռախոսով. «Տանկս խփել են, հեռախոսս տանկի մեջ է մնացել»: «Հասկացա, որ կռվի դաշտում է: Գիշերը չքնեցի: Ինչ-որ բան խանգարում էր քնել: Արցունքներս հոսում էին աչքերիցս»,- պատմում է տիկին Ելենան: Համայնքապետը կանչել է Մովսեսի հայրիկին… գյուղից զոհ կա…»։

Հետո Սեյրանն է զանգել կնոջը. «Մեզ համար պատերազմը վերջացավ…»:

Բազում հարցականները գալիս ու անվերջ խռովում են տիկին Ելենայի հոգին: Ոչ մի հարց այդպես էլ իր պատասխանը չի գտնում: Լուսինեն հաճախ է փորձում հանգստացնել ամուսնու մորը. «Մի՛ հավատա, մայրի՛կ, և սպասի՛ր: Հրաշքներ միշտ լինում են»:

Երկու ամիս անց ծնվեց կապիտան Դավթյանի դուստրը: Նա փոքրիկ է, բայց դիմագծերում անսովոր հպարտություն ու գրավչություն ունի և շատ նման է հայրիկին: Հրաշքներից մեկն այս լուսեղեն բալիկն է՝ Եվան: Տիկին Ելենան գիտի, որ իր որդին ցանկացած իրավիճակից դուրս եկողներից է, և սպասում է: Լուսինեն նույնպես ապրում է սպասումով, իսկ փոքրիկ Եվան մեծ հույսով ու խինդով է լցնում նրանց սպասումը…

 

ՄՈՎՍԵՍ ԴԱՎԹՅԱՆԻՆ

 

Դու՝ անպարտելի հերոս-դյուցազուն,

Դու՝ Վիշապաքաղ Վահագնի նման

Երբեք չունեցար կյանքում պարտություն.

Միշտ մարտնչեցիր խիզախ, անվարան։

Ահա՛ դուստրդ, աչքերն՝ արեգակ,

Քո հպարտության դրոշմը՝ դեմքին,

Որ աշխարհին է ժպտում լուսավոր,

Միգուցե քե՞զ է զգում իր կողքին։

Դու՝ Անհաղթ հեծյալ երկաթե նժույգի,

Միշտ՝ խիզախումով, միշտ՝ հերոսական,

Քեզ սպասում են, քեզ սպասում են…

Որ ժպիտները վառ մնան քո տան։

 

ՀՐԱՆՈՒՇ

ք. Գյումրի

Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


04/11/2021