Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԱՏԱՐԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՆ



«ՍԱՏԱՐԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՆԱլիկը 90-ականների պատերազմին մասնակցել և ոտքն է կորցրել: Քառօրյային է մասնակցել, տավուշյան գործողություններին և 44-օրյա  պատերազմին…

Ալիկն այսօր էլ շարքում է՝ մարզում է մինչև տասնութ տարեկաններին:

«Սատար» հասարակական կազմակերպության գրեթե բոլոր անդամները պատերազմի հետևանքով հաշմվածներն են։ Ջոկատի հրամանատարը՝ Հունան Հունանյանն էլ Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված և հաշմված հերոսներից է։ Հենց հաշմանդամության հետ կապված խնդիրներով պայմանավորված է Հունան Հունանյանն իր զինակից ընկերների հետ հիմնել «Սատար» ՀԿ-ն:

-Մենք որոշեցինք ինքներս ստեղծել մի կառույց, որը կլուծի մեր խնդիրները,- ասում է Հունանը:

Հիմնադրումից հետո «Սատարը» սատարել և աջակցել է ոչ միայն հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, այլ նաև սովորական քաղաքացիներին՝ լայնածավալ գործունության ընթացքում նաև քաղաքացիական հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելով իր նախաձեռնություններում։

«Սատարն» իր անդամներով միշտ կանգնած է եղել նաև հայկական բանակի կողքին։ Կազմակերպությունը բարեգործական հիմունքներով մշտապես աջակցել է զինված ուժերին, իսկ հայրենիքի համար օրհասական պահերին կազմակերպության անդամները, անտեսելով իրենց  ֆիզիկական վիճակը,  զենք են վերցրել և կանգնել  զինվորի կողքին։

-Երբ որ պատերազմն սկսվեց, առաջինն ինձ Ալիկը զանգեց: «Պատերազմ է»,- ասաց: «Պատրաստվե՛ք, գալիս եմ», ասացի,- հիշում է Հունան Հունանյանը:

«Միշտ պատրաստ» սկզբունքով Արցախյան առաջին պատերազմին ծանր վիրավորում ստացած, քառօրյային մասնակցած «Սատար» կազմակերպության անդամները պատերազմի լուրն առնելուն պես հավաքվեցին,  ջոկատ կազմեցին ու մեկնեցին առաջնագիծ:

-Էդ օրերին մոռացել էինք ամեն ցավ: Չեմ կարող բացատրել, բայց գերբնական ուժին էս կռվի ժամանակ հավատացի: Երբեք չեմ մտածել, որ կկարողանամ երեսուն կիլոգրամ ծանրությունը վրաս՝ զենք, զինամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ, ութ կիլոմետր քայլել,- ասում է Ալիկը:

Արցախյան վերջին պատերազմի հենց առաջին օրից քառասունհինգ հոգով քառասունչորս օր կռվեցին թշնամու դեմ՝ հզորացնելով նաև թիկունքը, մշտապես զորքին աջակցելով զինտեխնիկայով ու առաջին օգնության պարագաներով:

-Ինձ որ զանգում, հարցնում էին՝ ի՞նչ եք ուզում, ասում էի՝ տեխնիկական միջոցներ, հեռադիտակներ, գիշերային տեսադիտարկման սարքեր… Մենք ամեն ինչ ունեցել ենք թիկունքում կազմակերպված ու համակարգված ճիշտ աշխատանքի  շնորհիվ,- վստահեցնում է մեր զրուցակիցը:

Ասկերան, Բերձոր, Հադրութ, Ակնա, ապա նաև Շուշիի մատույցներ: «Սատարի» կամավորական ջոկատի անդամները մի կողմ դնելով ֆիզիկական ցավն ու հաշմված լինելը, հայ զինվորի ու սպայի հետ հավասար, կողք կողքի, ուս ուսի տված արել են ամեն ինչ թշնամու հարձակումները կասեցնելու համար:

Մարտերին մասնակցելուց զատ, ջոկատը նաև ռազմի դաշտ եկած կամավորականների համար մարտական պատրաստության դասընթացներ է անցկացրել:

-Հանգստի կարճատև պահերին ներկայացնում էինք անօդաչու թռչող սարքը, բացատրում էինք դրա խնդիրները, զենքից նշան բռնելն էինք սովորեցնում… Մեկ օրում անում էինք ինչ հնարավոր էր, որքան ժամանակն ու իրավիճակը թույլ էին տալիս: Այդքանից հետո, գիտելիքների որոշակի պաշարով, տղաները ավելի վստահ էին համալրում կռվողների շարքերը,- պատմում է Ալիկը:

Պատերազմի ավարտից հետո էլ՝ մինչև դեկտեմբերի 1-ը, ջոկատը մնացել է Արցախում՝ զինվորներին սատարելով թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես: Եվ ինչպես ջոկատի հրամանատարն է ասում՝ «ռազմի դաշտից վերադարձանք ջարդված, բայց ոչ ջախջախված»:

-Մեզ համար կիսատ մնացած պատերազմ կա, քանի հաղթանակ չունենք, պատերազմն ավարտված չէ հայի համար: Որոշեցինք զինավան ստեղծել, և այսօր ջոկատի հավաքագրված անդամների հետ մարզումներ ենք անցկացնում: Ի դեպ, ջոկատը օրեցօր համալրվում է հայրենասեր, տարբեր տարիքի մեր հայրենակիցներով,- ասում է Ալիկը:

Նորաստեղծ զինավանում շաբաթական երեք օր անցկացվում են մարտական պատրաստության դասընթացներ, ռազմական պարապմունքներ՝ զենքի կիրառում, պատերազմական գործողությունների հնարավոր սցենարներ և այլն: Զինավանում բոլոր պայմաններն ապահովված են զինվորական կյանքին ու առօրյային ծանոթանալու, ինչպես նաև զինծառայությանը պատրաստվելու համար: Տասներեք տարեկան պատանիներից մինչև յոթանասունն անց պապիկներ՝ բոլորը գալիս են մեկ գաղափարով և տրամադրվածությամբ: Հայ ազգի հաղթանակը դեռ կերտվելու է: «Սատար» ջոկատը շարունակում է տեխնիկապես զինվել ու կատարելագործել ռազմական հմտությունները՝ պատրաստվելով միմիայն հաղթանակի:

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարը՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Բանակ և հասարակություն


28/10/2021