Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՇ ԵՐԵԿՈ
ՀՈՒՇ ԵՐԵԿՈ

Օրեր առաջ «Մետրո» թատրոնի դահլիճում հուշ-երեկո էր` նվիրված Արցախյան առաջին, 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներում զոհված հերոսների հիշատակին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ավիացիոն զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Գոռ Ղազարյանը: Նա նշեց, որ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանների բոլոր տեղամասերում թշնամին, ստանալով Թուրքիայի բացահայտ աջակցությունը, լայնամասշտաբ մարտական գործողություններ է իրականացրել: Կենաց-մահու պատերազմին բոլոր զորատեսակների հետ մարտնչել է նաև ռազմական ավիացիան: Այնուհետև փոխգնդապետ Ղազարյանը ներկայացրեց ավիացիոն զորամասի կազմավորման գործընթացը, մարտական ուղին` ցավով նշելով նաև մարտական կորուստները: Հակիրճ ներկայացվեցին զոհվածների կենսագրությունները, նրանց կատարած սխրանքները:

Միջոցառմանը մասնակցում էին պատերազմի վետերաններ, զոհված զինծառայողների հարազատները, ընկերները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում հերոսացած Վարդան Ամալյանի հայրը` երգիչ Դավիթ Ամալյանը, որը կատարեց հեղինակային «Հրաշք եմ ուզում» երգը:

Երեկոն եզրափակվեց Վարդան Ամալյանի` 11 տարեկանում գրված նյութերի հիման վրա «Մետրո» թատրոնի դերասանների բեմադրած «Մենախոսություն Վարդան Ամալյանի մտքի հետ» ներկայացմամբ, որն անջնջելի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա:

Փառք ու պատիվ և խորին խոնարհում մեր հերոսներին:

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ