Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՆ Է
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՆ Է

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՆ ԷԽորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը ինքնապաշտպանական ուժերով չհայտարարված պատերազմ էր մղում մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական զավթիչների դեմ, հասունացավ կանոնավոր ազգային բանակի ստեղծման անհրաժեշտությունը: Նոր կազմավորվող բանակը պետք է ապահովեր սահմանների պաշտպանությունը, ինչպես նաև չհայտարարված պատերազմում արժանի հակահարված տար ադրբեջանական սանձարձակ հրոսակներին: Ադրբեջանը ուներ հզոր քիմիական արդյունաբերություն, և լուրջ կասկածներ կային, որ հակառակորդը ունակ է ստեղծելու և կիրառելու զանգվածային խոցման զենք: Միևնույն ժամանակ, վերագործարկվել էր հայկական ատոմային էլեկտրակայանը, քայքայված և կազմալուծված վիճակում գտնվող քիմիական ձեռնարկություններում առկա էին ուժեղ ներգործության թունավոր նյութերի հսկա պաշարներ: Վերոնշյալ օբյեկտների ավերումը կամ դրանցում ստեղծված վթարային իրավիճակները լուրջ հետևանքներ կարող էին ունենալ շրջակա միջավայրի  և բնակչության վրա, ուստի, ժամանակի հրամայական պահանջով, այլ զորատեսակների հետ մեկտեղ 1992 թ. սեպտեմբերի 14-ին կազմավորվեց առաջին ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը:

ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը (ՌՔԿՊ) իրականացվում է բոլոր զորատեսակների, հատուկ զորքերի և ծառայությունների համաձայնեցված գործողությունների միջոցով համալիր պաշտպանություն զանգվածային խոցման զենքերից (ԶԽԶ): Այն հատուկ միջոցառումների համախումբ է, որոնք իրականացվում են ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վարակի պայմաններում զորքերի (ուժերի) կորուստները բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու և նրանց առջև դրված խնդիրների կատարումը ապահովելու, ինչպես նաև հակառակորդին հրանետային միջոցներով խոցելու համար:

ՌՔԿՊ զորքերի հիմնական խնդիրներն են՝ ռադիացիոն, քիմիական և ոչ սպեցիֆիկ կենսաբանական (մանրէաբանական) հետախուզումը, զորքերի (ուժերի) պաշտպանությունը ԶԽԶ-ից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական տեսակետից վտանգավոր օբյեկտների վթարի կամ ավերման հետևանքներից, թիկունքի օբյեկտների և զորքերի քիմիական և դոզաչափական հսկողությունը, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի գնահատումը և բացահայտումը, ճանապարհների, տեղանքի հատվածների, համազգեստի, սպառազինության, մարտական և այլ տեխնիկայի, մարտապաշարի և դրանց նյութական միջոցների ապաակտիվացումը, գազազերծումը, ախտահանումը, ՌՔԿՊ զորքերի սպառազինությունը և պաշտպանական միջոցները սարքին վիճակում պահպանելը, ինչպես նաև անսարք միջոցների նորոգումը:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՆ ԷՎերոնշյալ խնդիրները համարժեք և արդյունավետ լուծելու համար ՌՔԿՊ զորքերում մշակվում են միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք միտված են ոլորտային մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը, համակարգի կատարելագործմանը, ՌՔԿՊ զորքերի և այլ զորատեսակների համատեղ աշխատանքների համադասման ու կառավարման արդյունավետության մեծացմանը, ինչպես նաև ՌՔԿՊ սպառազինության և միջոցների պաշարների ստեղծմանը՝ հստակ առաջարկություններով եւ առկա իրողության հաշվառմամբ:

Կարևորելով ՌՔԿՊ մասնագետների մասնագիտական պատրաստության և դաշտային մարզվածության խնդիրը՝ յուրաքանչյուր տարի զորավարժարաններում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերը պլանավորում և անցկացնում են ստորաբաժանումների ճամբարային հավաքներ: ՌՔԿՊ ապագա սպաները սովորում են ՌԴ համապատասխան ակադեմիայում, ինչպես նաև վերապատրաստվում են նույն ակադեմիայում: ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում պատրաստվում են ՌՔԿՊ կրտսեր հրամանատարներ և մասնագետներ:

ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զարգացման հիմնական ուղղություններն են՝

  1. ՌՔԿՊ տեխնիկայի, սպառազինության և սարքերի արդիականացումը՝ գործընթացի մեջ ներգրավելով նաև հայրենական արտադրությունը,
  2. ՀՀ տարածքում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հետախուզման ցանցի ստեղծումը, որը հնարավորություն կտա ՀՀ-ում ՌՔԿՊ վտանգավոր օբյեկտներում վթարի կամ ԶԽԶ կիրառման դեպքում արագ ազդարարելու շահագրգիռ կազմակերպություններին, զորամասերին և իրականացնելու հետևանքների վերացման աշխատանքներ,
  3. ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ պետությունների, միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով. ամեն տարի տեղի է ունենում աշխատանքային հանդիպում ՌԴ ՌՔԿՊ զորքերի վարչության պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվում են ՌՔԿՊ զորքերի մարտավարության զարգացման հեռանկարները, արտակարգ իրավիճակների ժամանակ փոխգործակցության հարցերը:

Անցած երկու տարիների մարտահրավերները ՌՔԿՊ զորքերի պատրաստության  լուրջ քննություն էին:

2020 թ. հունվար-փետրվար ամիսներից ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի ղեկավարությամբ հատկապես ակտիվ փոխհամագործակցություն ծավալվեց  ՌԴ ՌՔԿՊ զորքերի Հայաստան գործուղված անձնակազմի հետ՝ ՀՀ ԶՈՒ-ում կենսաբանական անվտանգության կազմակերպման հարցերի շուրջ, ինչի շրջանակներում ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության կենսաբանական և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի մասնագետները ռուս մասնագետների հետ ակտիվորեն ներգրավվեցին ՊՇՌ-ի միջոցով COVID-19-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտման աշխատանքներին: Միևնույն ժամանակ, ենթակա ստորաբաժանումը ախտահանման մեծածավալ աշխատանքներ էր իրականացնում առանձին զորամասերում, զինվորական հոսպիտալներում, հավաքակայանում և այլն:

Համավարակի դժվարին պայմաններում Հայաստանը պատվով ու բարձր պատրաստվածությամբ ներկայացավ արդեն վեցերորդ անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020»-ին: Համաբանակային խաղերի «Անվտանգ միջավայր» մրցույթում  հայկական զինուժի ՌՔԿՊ ստորաբաժանումը, տպավորիչ  ռազմական  հմտություններ ցուցադրելով, գերազանցեց մի շարք երկրների ներկայացուցիչներին եւ բրոնզե մեդալներով վերադարձավ հայրենիք:

2019-2021 թթ. ընթացքում ՌՔԿՊ զորքերի վարչությունում կազմվել և հրատարակվել են «ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն» և «Միջուկային պայթյունների և ատոմային արդյունաբերության օբյեկտների վթարների (աղետների) ժամանակ ռադիացիոն իրավիճակի կանխատեսման և գնահատման» մեթոդական ձեռնարկները, «Հայ զինվոր» շաբաթաթերթում, ինչպես «կենսաբանական անվտանգություն» խորագրի ներքո, այնպես էլ այլ թեմաներով, հրապարակվել են տարբեր հոդվածներ զորքերի շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Ստեղծման օրվանից ՌՔԿՊ զորքերի առանցքային գործառույթներն են եղել ՌՔԿ պաշտպանության պլանավորումը, ապահովումը, զանգվածային խոցման զենքից պաշտպանությունը և անձնակազմի ուսուցումը: Տարիների ընթացքում ստեղծվել է նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, ԶՈՒ զորամիավորումները, զորամասերը ապահովվել են անհատական պաշտպանական լրակազմերով և հակագազներով, ռադիացիոն, քիմիական հետախուզման մեքենաներով ու սարքերով, հատուկ մշակման տեխնիկայով ու միջոցներով: Ներկայումս ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ համակարգի զարգացումը նպատակաուղղված է միջազգային փորձի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով զինված ուժերի ՌՔԿ պաշտպանության ապահովման և մարտունակության մակարդակի բարձրացմանը:

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչություն

կապիտան

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ