Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽ. ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ ԿՌԻՎԸ



ԱՐՑԱԽ. ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ ԿՌԻՎԸԱշոտի 34-ամյակն է։ Ծննդյան մոմերը ոչ մի դեպքում չի փչի. թող երեխաներն անեն։ 

Եթե Աշոտին մնար՝ տորթ չէր լինի, տարեդարձ՝ նույնպես։

 

Հյուրերը Ստեփանակերտում մնացած նրա ամենամոտ հարազատներն են ու մենք։ Ես Աշոտին առաջին անգամ եմ տեսնում, Աշոտը քչախոս է, ընտանիքի անդամների հետ գրեթե չի խոսում, զրույցները հիմնականում մեզ հետ են. առհասարակ, հատկապես վերջին շրջանում, նա մարդկանց հետ չի շփվում, տնից դուրս չի գալիս։ Ծննդյան սեղանի շուրջ Աշոտի կանաչ աչքերն ամբողջ ընթացքում մեր ուղղությամբ են, ձայնը բարձր է, խոսքն արագ ու միայն մեզ ուղղված։ Նա խոսում է պատերազմից, ավելի ճիշտ՝ միայն պատերազմից։ Հարազատներն ասում են՝ մեկ տարի է, ինչ Աշոտի համար բառերը միայն պատերազմի մասին են։ Պատմածներից ինֆորմացիա ստանալը դժվար է. կռվի դրվագներ են, որոնք մերթընդմերթ ընդհատվում են կորցրած ընկերների մասին հիշողություններով։ Կռվել սկսել է Հադրութից, հասել Շոշ, որ հարազատ գյուղը պահի թուրքից, ու հաջողվել է։ Պատերազմից հետո Աշոտի դեմքին դաջված տխուր հայացքի ճեղքերից երբեմն կարճ ժամանակով դուրս է պրծնում երբեմնի ժպտադեմ ու դրական աուրայով երիտասարդը։

ԱՐՑԱԽ. ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ ԿՌԻՎԸՀարազատներին հայացքով լռեցնում է, երբ հյուրերի ներկայությունից օգտվելով՝ նրանք զգուշորեն բացում են Աշոտի՝ «արդեն ամուսնանալու ժամանակն է» թեման։

Աշոտին նկարելու ցանկությունս մեծ է, բայց չի համաձայնում, ես էլ չեմ համառում։ Փոխարենը սիրով ուղեկցում է մեզ նկարահանումների ժամանակ՝ տեղեկանալով, որ սեպտեմբերի 27-ին ընդառաջ տեսանյութ ենք պատրաստում պատերազմից հետո մեզ մնացած Արցախի մասին։

Աշոտը հագնում է իր զինվորական վերարկուն, ու եղբոր՝ Արայիկի մեքենայով գնում ենք Ամարաս։ Արայիկը մեր ռեպորտաժի հերոսն է, նա վիրավորվել է պատերազմի հենց առաջին օրը, Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ։

Աշոտն անդադար խոսում է, չի համակերպվում Արցախի մեծ մասի կորստի հետ, անընդհատ կռիվ է տալիս անցյալի բաց թողնված հնարավորությունների, սխալ որոշումների հետ…

ԱՐՑԱԽ. ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ ԿՌԻՎԸԱմարասի ճամփին տեղ-տեղ կանգ ենք առնում, նկարահանում։ Ամարասից հետո Ճարտար, ապա Մարտունի ենք գնում։ Աշոտը մեր նկարահանումների ինտենսիվությունից նեղվում է. պատերազմի մասին իր պատմությունները լսելու համար ժամանակ գրեթե չի մնում։

Ճարտարում մեկ-երկու ընտանիքի ենք հանդիպում, ամեն մեկը՝ իր չափով Աշոտ. պատերազմը մեկի ժպիտը սառեցրել է, մյուսի հայացքի մեջ վախ ու հիասթափություն մտցրել։ Ստեփանակերտից դուրս պատերազմը դեռ մարդկանց «տներում» է. մեկ սահմանից եկող կրակոցների ձայնից են քնից վեր թռչում, մեկ էլ՝ այգում քամուց շարժվող թփերի ձայնից։

Մարտունիում անծանոթ 4 հոգու քաղաքում շրջելիս տեսնելուց հետո տեղացիները ոստիկանություն են կանչում. հավանաբար կասկածելի ենք թվում։ Ոստիկանության սպային ներկայանում եմ, մեզ բարի ճանապարհ են ասում, ու մութն ընկած՝ ճանապարհ ենք ընկնում Ստեփանակերտ։ Մարտունիից Ստեփանակերտ մթով վերադարձի «ամենաապահով» ճանապարհը Ննգիով է։ Վերադարձի ճանապարհին թեման հետպատերազմյան Արցախն է՝ Աշոտի թեման։

ԱՐՑԱԽ. ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ ԿՌԻՎԸՀաջորդ օրը մեր ուղղությունը դեպի կորցրած Քարվաճառ է, որը կանգ է առնում  Չարեքտարում։ Դրանից այն կողմ ադրբեջանական պոստն է։ Գյուղում բնակվող միակ ընտանիքի պատմությունը ծանր է։ Մայրը 8 երեխաների հետ ապրում է ադրբեջանցիների դիրքի դեմ դիմաց՝ դիրքում տեղադրված ահռելի մեծության տեսանկարահանող սարքի մշտական հսկողության տակ։ Ընտանիքի երեխաները, որոնցից ամենափոքրը 4 տարեկան է, ադրբեջանցի զինվորների հետ սարի ստորոտին՝ գյուղի տարածքում գտնվող նույն աղբյուրի ջրից են օգտվում։ Մի քանի օր առաջ ադրբեջանցիները դիրքերից քարեր են շպրտել տների տանիքներին։ Տները վերանորոգող «բրիգադները» դրանից հետո դեռ գյուղում չէին երեւացել։ Առհասարակ, Չարեքտարը «մոխիրների» գյուղ է, որոնց վրա նոր տներ են կառուցում։ Գյուղացիները տները այրել են Քարվաճառը հանձնելու օրերին՝ տեղեկանալով, թե՝ Չարեքտարը նույնպես «թուրքին են տալիս»: Հետո պարզվել էր, որ սխալմունք է եղել, տները այրելու կարիք չկար. սահմանը կանցնի Չարեքտարի կողքով։ Այժմ գյուղում ո՛չ ուրիշ բնակիչ կա, ո՛չ դպրոց, ո՛չ խանութ։

Չարեքտարից վերադարձից հետո արդեն մենք ունենք Աշոտին պատմելու բան. ափսոսում է, որ մեզ հետ չէր եկել…

Պատերազմից մեկ տարի անց Աշոտի հոգում դեռ պատերազմ է…

 

ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

News.am

Խորագիր՝ #39 (1410) 6.10.2021 – 12.10.2021, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/10/2021