Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԼրագրողի պատմածները

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

«Եթե կրակակետը լինի նույնիսկ Բաքվում»…

 

Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանի հետ («Ռուսկայա միսլ», 15.05.1992, աննշան կրճատումներով):

 

Տեղեկանք. Լեւոն Հրանտի Մելիք-Շահնազարյան, Ղարաբաղի Վարանդայի շրջանի իշխանների շառավիղ, 34 տարեկան, ամուսնացած, ունի երկու որդի` Հրանտն ու Մխիթարը, ծնվել է Կիրովաբադում (այժմ` Գյանջա), դասավանդել է Տաշքենդի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնում:

1988 թ. սեպտեմբերին տեղափոխվել է Ստեփանակերտ: Կիրովաբադում հայերի կոտորածը սկսվելուն պես վերադարձել է հայրենի քաղաք եւ դարձել հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: Մեկուկես ամիս եղել է ՊԱԿ-ի քննչական մեկուսարանում: «Միացում» շարժման փոխնախագահ, «Դաշնակցություն» կուսակցության անդամ: Առաջադրվել է ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածու, բայց իր թեկնածությունը հանել է հօգուտ Արթուր Մկրտչյանի:

– Լեւոն Հրանտովիչ, ասացեք խնդրեմ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, «արտաքին կապերի հանձնաժողով» եւ ոչ թե արտաքին գործերի նախարարություն:

-Մեր ոչ բոլոր կառավարական կառույցներն են լիովին կայացած, եւ ես կարծում եմ, որ շուտով ԼՂՀ արտգործնախարարությունը կստեղծվի: Առայժմ դրա գործառույթը կատարում ենք մենք:

-Ի՞նչ հիմնական խնդիրներ ունի ձեր հանձնաժողովը:

-Հիմնակա՞ն: Մենք հիմա անկարեւոր կամ երկրորդական խնդիր չունենք: Պետք է կապ պահպանել արտաքին աշխարհի հետ, ճիշտ ներկայացնել ԼՂՀ արտաքին ու ներքին քաղաքականությունը, աշխատել այլ ինքնիշխան պետությունների կողմից մեր հանրապետության ճանաչման ուղղությամբ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Այդ ամբողջ աշխատանքն այժմ մենք անում ենք: Անշուշտ, կատարում ենք նաեւ օրենսդրական աշխատանք. արդեն մշակել ու ընդունել ենք մի քանի օրենսդրական ակտեր, որոնք վերաբերում են ԼՂՀ արտաքին հարաբերություններին, իսկ մի շարք այլ նախագծեր մշակման փուլում են:

-Ըստ երեւույթին, ձեր հանձնաժողովի պարտականությունն է նաեւ օտարերկրյա պատվիրակություններին հանդիպելը:

-Այո՛: Արտաքին աշխարհի դիվանագիտական աշխատողների հետ կապերն ամբողջովին մեր հանձնաժողովի իրավասության ներքո են:

-Ես լսել եմ, որ հետաքրքիր պատմություն կա` կապված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դեսպանորդ Սայրուս Վենսի` Ղարաբաղ ժամանելու հետ: Կարո՞ղ եք ներկայացնել մանրամասներ:

-Իսկապես, փոքր-ինչ կոմիկական պատմություն է: Բանն այն է, որ Սայրուս Վենսին, արդեն տարիքով այդ մարդուն, իր «թիմի» հետ Գյանջայից բերեցին զրահափոխադրիչներով: Զրահափոխադրիչից դուրս եկավ մի փոխգնդապետ ու ասաց, որ հրաման է ստացել Վենսին ուղեկցել մինչեւ Ստեփանակերտ: Իսկ խոսակցությունն Ադրբեջանի Աղդամի եւ ԼՂՀ Ասկերանի շրջանների սահմանագծին էր:

-Ո՞ւմ ներկայացուցիչն էր փոխգնդապետը:

-ԱՊՀ զորքերի, ավելի շուտ` 23-րդ դիվիզիայի: Ես այնտեղ էի, դիմավորեցի Սայրուս Վենսին եւ վճռականորեն հայտարարեցի, որ հրամանը ստացվել է օտար երկրի տարածքում, որից այս կողմ արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, որտեղ գործում են իր սեփական հրամանները, եւ օտար երկրի մարտական մեքենաներն առանց մեր թույլտվության մեր տարածք չեն մտնի: Փոխգնդապետն ասաց, որ ինքը հրաման ունի, որը պարտավոր է կատարել: Ինձ այլ բան չէր մնում, քան մեր սահմանապահներին հրաման տալ, որ պատրաստվեն մարտի: Փոխգնդապետն անմիջապես սթափվեց: Սայրուս Վենսը ողջունեց ինձ, եւ մեր տղաները նրան ՀՄՄ-ի վրայից զգուշորեն իջեցրին ասֆալտին: Հետո նա նստեց մեր «Վոլգան» եւ հարմարավետ պայմաններում, փափուկ ու ապահով եկավ մինչեւ Ստեփանակերտ:

-Իսկ այցելությունների հետ կապված ուրիշ հետաքրքիր դեպքեր եղե՞լ են:

-Եւս մի դեպք, կապված նույն այցի հետ: Ստեփանակերտում Վենսի հագուստին կպավ մետաղյա հարթ «փուշ», որը մեզ ժառանգություն էր մնացել խորհրդային բանակի զորքերից: Ժամանակին քաղաքի ամբողջ կենտրոնը պարուրված էր դրանով: «Փուշը» մեծ չէր, բայց Վենսը ծեր մարդ էր, եւ մեր աշխատակիցներից մեկն օգնեց նրան ազատվել «փշից», որն աքցանի նման կառչելու հատկություն ունի: Ադրբեջանական հեռուստատեսությունը ցույց տվեց այդ պահն ու մեկնաբանեց այսպես. «Տեսե՛ք, հայերն ինչպիսին են: Նրանք բարեհաճություն ձեռք բերելու համար նույնիսկ նրա կոշիկների կապերն են կապում»:

-Իսկ ո՞վ կար ադրբեջանական հեռուստատեսությունից:

-Նույնիսկ չգիտեմ: Մենք հատուկ չէինք էլ հետեւում: Մենք համարում ենք, որ թղթակիցներն իրավունք ունեն գնալ ուր ուզում են: Ըստ երեւույթին, դա «Վեստի»-ի թղթակիցներից մեկն էր, որը հնարավոր էր համարել իր աշխատանքի մի մասը փոխանցել ադրբեջանական հեռուստատեսությանը:

-Անդրադառնանք իսկական «արտաքին գործերին». ի՞նչ ընթացք ունի ԼՂՀ միջազգային ճանաչումը:

-Կարծում եմ, որ մեր հանրապետության փաստացի ճանաչումը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության կողմից, արդեն կատարվում է: Ե՛վ հարաբերությունները, որոնք այժմ մեզ հետ հաստատում են Իրանը, Ռուսաստանը, ԵԱՀԽ-ն, ՄԱԿ-ը, եւ՛ մայիսի 2-ին Ֆյոդոր Շելով-Կովեդյաեւի կողմից իմ ընդունելությունը (թեպետ, նրա խոսքով, ոչ պաշտոնական), վկայում են, որ դե-ֆակտո ճանաչումն ընթացքի մեջ է: Քանի որ ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են, եւ քանի որ մենք մազաչափ անգամ չենք շեղվում պետականության կառուցման միջազգային իրավական ակտերից, կարծում եմ, որ դե-յուրե ճանաչումը սարերի հետեւում չէ: Իհարկե, դրա համար պետք է ավելի ակտիվորեն աշխատել, մյուս պետություններին տեղեկացնել բոլոր իրադարձությունների մասին, որոնք այժմ կատարվում են ԼՂՀ-ում: Կարծում եմ, որ ի վերջո աշխարհը ստիպված կլինի հաշվի առնել իրողությունը:

-Ավելի մանրամասն չէի՞ք պատմի Շելով-Կովեդյաեւի ընդունելության մասին:

-Քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է, ապա ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: Կասեմ միայն եւ կուզենայի, որ բոլորն իմանան. ԼՂՀ-ի կողմից իր պահանջների եւ հռչակագրերի նշաձողն իջեցնելու վերաբերյալ որոշ երկրների առաջարկություններն անհիմն են: Մենք հռչակել ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ դա արդեն իսկ մեր կողմից փոքր զիջում չէ: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, ԼՂՀ հայ բնակչության անվտանգության, տնտեսության ու մշակույթի զարգացման գերագույն երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, եւ վերջինիս հետ միավորվելու մեր ձգտումը բնական է: Անկախություն հռչակելով` մենք «հրաժարվեցինք» դարավոր երազանքից: Ճիշտ է, տանուլ է տալիս նաեւ Ադրբեջանը, որի ձեռքից Լեռնային Ղարաբաղը գնում է: Տանուլ է տալիս նաեւ Հայաստանի ժողովուրդը, որի հետ Լեռնային Ղարաբաղն այդպես էլ չի միավորվում: Ուրեմն, երեք կողմերն էլ կորցնում են:

Մյուս կողմից, երեք կողմերն էլ շահում են: Հայաստանը կամ հայ ժողովուրդը պետք է գոհ լինի, որ Ղարաբաղն այլեւս Ադրբեջանի կազմում չէ: Ադրբեջանը պետք է գոհ լինի, որ Ղարաբաղը Հայաստանի կազմում չէ: Լեռնային Ղարաբաղը պետք է գոհ լինի, որ ազատագրվել է օտարերկրյա լծից: Այնպես որ, ինձ թվում է, սա փոխզիջման ամենաընդունելի տարբերակն է, որն այսքան երկար փնտրում են ղարաբաղյան հակամարտության միջնորդ երկրները:

-Իսկ կոնկրետ ո՞վ է ուզում «իջեցնել նշաձողը», եւ ի՞նչ կերպ է դա արտահայտվում:

-Գիտեք, կա դիվանագիտության լեզու, եւ քիչ բան է ասվում բացահայտորեն: Բայց այն, որ մեր սահմանած նշաձողը ձեռք չի տալիս ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԵԱՀԽ-ին, ո՛չ Իրանին, ակնհայտ է:

-ԼՂՀ-ն ու Ադրբեջանը երբեւէ խաղաղ կբանակցե՞ն, թե՞ ոչ:

-Ես համոզված եմ, որ կբանակցեն: Ռազմական ճանապարհով ո՛չ մենք, ո՛չ ադրբեջանական կողմը խնդիրը լուծել չենք կարող: Խնդիրը ռազմական ճանապարհով, արյան գնով լուծելի չէ: Ու թեպետ Ադրբեջանն այսօր պատերազմում է, ընդ որում, ոչ թե մեր զինված կազմավորումների դեմ, այլ, ավելի շատ, խաղաղ բնակչությանն է փորձում ոչնչացնել, ես կարծում եմ, որ մարդատյացության փսիխոզը, որն այդքան եռանդով ճխտում են շարքային ադրբեջանցու գլուխը, կանցնի: Ես կարծում եմ, որ դա ժամանակավոր երեւույթ է, որ պարզապես ազգն այսօր հիվանդ է: Ու երբ ատելությունն անցնի, մենք անպայման կնստենք բանակցության սեղանի շուրջ:

-Ո՞ր պահին է հնարավոր բանակցությունը:

-Կարծում եմ` ցանկացած պահի հնարավոր է: Բանակցությունը կարելի էր սկսել թեկուզ վաղը, եթե ադրբեջանական կողմը լուրջ փաստարկներ ունենար: Մենք միշտ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ:

-Զանգվածային բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդում են, որ նախապատրաստվում է Շուշի քաղաքի գրոհը…

-Շուշին Ղարաբաղի նախկին մայրաքաղաքն է, որը ներկայումս վերածվել է Ադրբեջանի ազգային բանակի հենակետ-բարձունքի: Դա այլեւս ոչ թե քաղաք է, այլ ամրակառույց, որը 700 մ բարձրության վրա կախված է Ստեփանակերտի գլխին…

-Հիմա ասեք` գրավվելո՞ւ է Շուշին, թե՞ ոչ:

-Ուզում եմ պատասխանել այսպես: Մենք կփորձենք վերացնել ցանկացած կրակակետ, որը կխփի մեր խաղաղ բնակիչներին, նույնիսկ, եթե այդ կրակակետը լինի Բաքվում:

Զրույցը վարեց Միխայիլ Հոխմանը

 

 

Բաքվից Լոնդոն. հաղորդում է «Ռոյթեր» գործակալության թղթակիցը

 

Ադրբեջանը, Հայաստանի դեմ պայքարում իր անհաջողություններից հիասթափված, սկսել է ռազմական նախապատրաստությունը, որպեսզի վերադարձնի Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքը:

Ադրբեջանի նոր ղեկավարությունը, որին աջակցում է ազգայնական ընդդիմությունը, խորհրդարանի արտակարգ նիստում հայտարարեց, որ միայն ամբողջ հասարակության ռազմականացումը կարող է փոխել Լեռնային Ղարաբաղի հարցում հանրապետության համար անբարենպաստ վիճակը:

Ղեկավարությունը պահանջեց արտակարգ լիազորություններ, որպեսզի խստորեն վերահսկի արդյունաբերական արտադրությունն ու ֆինանսական քաղաքականությունը եւ ստեղծի 20 հազարանոց բանակ, որն ունակ կլինի վերականգնել հսկողությունը հիմնականում հայերով բնակեցված տարածքների նկատմամբ:

«Բոլոր գործարաններն ու ձեռնարկությունները պետք է անցնեն ռազմական ռեժիմի,- օրենսդիրներին ասաց նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը:- Մենք պետք է խստություն հանդես բերենք ու հանրապետությունում կարգապահություն հաստատենք: Դա ագրեսորին հետ մղելու միակ ճանապարհն է»:

Պաշտպանության նախարարն ու ներքին գործերի նախարարը պաշտպանեցին կոչը: Մյուսները մղվում էին «վհուկների որս» սկսելու` պահանջելով ասել այն պաշտոնյաների անունները, ովքեր պատասխանատու են մարտադաշտում վերջերս կրած անհաջողությունների համար:

Ավելի ուշ խորհրդարանը պետք է քննարկեր ընդդիմադիր Ժողովրդական ճակատի առաջարկությունը` նախագահությունից հրաժարվելու եւ նախկին կոմունիստների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ: Այդ ծրագրի համաձայն՝ անվտանգության ոլորտում քաղաքականությունն ամբողջովին իրականացնելու է ժողճակատը:

Կոմունիստների ժառանգորդ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելուց հետո ստեղծված ժամանակավոր կառավարության մտադրությունը պարզ էր. ցանկացած բանակցություն պետք է վարվի ուժի դիրքերից:

Հայկական ռադիոն հաղորդեց սահմանամերձ շրջաններում ադրբեջանական ստորաբաժանումների եւ ռազմական տեխնիկայի խոշոր կուտակումների մասին:

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 04.04.1992)

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ