Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԻ ՏՈՆԵՐԸ



ԽԱՉԻ ՏՈՆԵՐԸՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված չորս տոներ ունի (Սուրբ Խաչի Երևման, Խաչվերաց, Վարագա Սուրբ Խաչի և Գյուտ Խաչի տոներ)։

Գյուտ Խաչի. Սուրբ Խաչի Գյուտի տոնը նշվում է Խաչվերացից 7 շաբաթ անց հանդիպող կիրակի օրը։ Քրիստոնեական ավանդության համաձայն՝ Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունից և Համբարձումից հետո Տիրոջ Խաչափայտի գտնվելու վայրն անհայտ էր։ 327 թ. Բյուզանդիայի Կոստանդին կայսեր մայրը` Հեղինեն, ուխտավորաբար այցելում է Երուսաղեմ, որտեղ և հետաքրքրվում է Խաչափայտի գտնվելու վայրի մասին` փափագելով երկրպագել սրբազան մասունքին։ Փնտրտուքների արդյունքում Գողգոթայի մոտակայքում գտնվում է Տիրոջ Խաչափայտը։ Հիշյալ պատմական կարևոր իրադարձության վերաբերյալ Սուրբ Եկեղեցին փոխանցում է գեղեցիկ մի պատմություն, ըստ որի՝ մի քանի խաչերից Տիրոջ կենարար Խաչը բացահայտվում է դրա վրա տեղի ունեցած ննջեցյալի հարության հրաշքի շնորհիվ։ Տիրոջ Խաչափայտը Հեղինե թագուհին մեծ հանդիսավորությամբ տեղադրում է Երուսաղեմի Սբ. Հարության նորակառույց տաճարում։

Սուրբ Խաչի Երևման տոն. Այս տոնի հիմքում ընկած է պատմական մի իրադարձություն, ըստ որի՝ 351 թ. մայիսի 7-ին, Երուսաղեմում` Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, երկնքում երևում է լուսե խաչ։ Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսերը` հիշյալ հրաշքը համարելով Ուղղափառ դավանության ապացույց։ Սուրբ Խաչի Երևման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Զատկի` Սուրբ Հարության տոնին հաջորդող հինգերորդ կիրակի օրը։

Խաչվերաց. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Խաչվերացը (ժողովրդական լեզվով` Սբխեչ) տոնում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը։ Այն մեր Սուրբ Եկեղեցու հինգ Տաղավար` մեծ տոներից վերջինն է։ Տոնի պատմական հիմքը հետևյալն է. 614 թ. պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորն արշավում է դեպի Երուսաղեմ, այրում քաղաքը և գերեվարում Տիրոջ կենարար Սուրբ Խաչը։ 14 տարի անց` 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը Սուրբ Խաչը ազատագրելու նպատակով մեծաթիվ զորքով, այդ թվում Մժեժ Գնունու գլխավորած հայկական զորագնդի մասնակցությամբ շարժվում է դեպի Պարսից երկիր։ Տիրոջ ողորմությամբ հաղթանակած քրիստոնյա թագավորը մեծ շուքով և պանծացումով վերադարձնում է գերեվարված Սուրբ Նշանը։ Ճանապարհին Սուրբ Խաչը հանգրվանում է նաև Հայաստան աշխարհում։

Այժմյան մեր իրականության մեջ թյուրըմբռնման արդյունքում ընդունված է Սուրբ Խաչի տոնին այցելել գերեզմանոց։ Սակայն, ինչպես Տաղավար մյուս տոների, այնպես էլ Սուրբ Խաչի տոնի հաջորդ օրը սահմանված է որպես Մեռելոց` ննջեցյալների հիշատակի օր։ Եվ թելադրելի է, որ Սուրբ Խաչի տոնի` Խաչվերացի հաջորդ օրը` Մեռելոցին, այցելել գերեզմանոց, աղոթել և խնկարկել ննջեցյալների հիշատակի համար։

Վարագա Սուրբ Խաչի տոն. Սուրբ Խաչի տոներից այս մեկն ընդգրկված է միմիայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում և ունի հայկական ծագում, ըստ որի՝ երրորդ դարի վերջին, երբ սրբուհի Գայանեի գլխավորությամբ 40 կույսեր Բյուզանդիայից Հայաստան եկան, նրանցից սրբուհի Հռիփսիմեն իր հետ բերեց Տիրոջ կենարար Խաչից մի մասունք, որն ամփոփեց Վարագա լեռան վրա։ 653 թ. Վարագա լեռան այրերից մեկում ճգնող Թոդիկ և Հովել մենակյացները տեսիլքով հայտնություն են ստանում վերոհիշյալ մասունքի գտնվելու վայրի մասին։ Մասունքի գյուտից հետո Ներսես Գ Տայեցի հայրապետի տնօրինությամբ տոն է սահմանվում և Վարագա լեռան վրա` Մասունքի գտնվելու վայրում, հիմնվում է եկեղեցի։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարագա Սուրբ Խաչի մասունքը գտնելու հիշատակը տոնում է Խաչվերացին հաջորդող երկրորդ կիրակի օրը։ Հայ Եկեղեցում յոթ տարին մեկ անգամ կատարվող Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունը կատարվում է հենց այս տոնի օրը, իսկ Սրբազան Մասունքը ճաճանչանման մասնատուփով պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

 

ՊԵՏՐՈՍ ՍԱՐԿԱՎԱԳ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գնդերեց

Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Հոգևոր-մշակութային


30/09/2021