Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է



ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ ԷՍեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության  տոնն է, այս տարվա սեպտեմբերի 21-ը` հոբելյանական տոն։

Անհատը, արժանապատիվ անհատը անկախությունից նվիրական երազանք չի կարող ունենալ: Հայ ժողովուրդը ազգային պետականությանն ու  ինքնիշխանությանը միակամ ու միահամուռ «Այո՛» է ասել դեռ հանրաքվեից շատ առաջ, ասել է խաղաղ  քայլերթերով ու հանրահավաքներով,  երբ հարկ է եղել՝ նաեւ զենքով ու զոհերով։

Դրա համար ենք ամեն սեպտեմբերի 21, ամեն տոնական հանդիսություն «Եռաբլուրում» սկսում…

Խոստովանեմ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ը, հաջորդող օրերն ու անգամ տարիները, ինձ, հավանաբար նաեւ շատ շատերի համար, ավելի քան սովորական, առօրեական  առումներով չափազանց ծանր էին։ Տեղի ունեցածին՝ նման պատմական իրադարձությանը ըստ էության չեմ անդրադարձել նույնիսկ այն ժամանակ, երբ առաջին հայկական անձնագիրն եմ ստացել։ Սթափվեցի Փարիզի օդանավակայանում, հենց որ հսկիչ պաշտոնյան շուռումուռ տվեց անձնագիրս, տարակուսանքով դեմքիս նայեց.

-Դուք ո՞ր երկրից եք։

-Հայաստանից,- պատասխանեցի ես։

-Հայաստանը Խորհրդային Միության կազմում չէ՞։

Հարցը հասկացա, ինձ հպարտ զգացի՝

-Հայաստանը անկախ պետություն է։

Հսկիչ պաշտոնյան ավելի ուշադիր թերթեց անձնագիրս, իմ ասածի անգլերեն հաստատումը գտավ, ձեռքս սեղմեց.

-Ներողություն եմ խնդրում,  սրտանց շնորհավորում եմ…

 

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #37 (1408) 22.09.2021 – 28.09.2021, Հոգևոր-մշակութային


24/09/2021