Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ՇԵՔՍՊԻՐԸ, ՊԱՏԵՐԱԶՄԸ



ՍՈՒՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ՇԵՔՍՊԻՐԸ, ՊԱՏԵՐԱԶՄԸԵրկրի եւ ժողովրդի համար դժվարին ժամանակներում մտավորականի խոսքն առավել կշիռ եւ հնչեղություն է ստանում, ոտքի հանում, ոգեշնչում մարդկանց։ Այդպիսին եղավ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ասմունքի հռչակավոր վարպետ Սուրեն Քոչարյանի խոսքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

 

Պատերազմից անմիջապես առաջ, «Սասունցի Դավիթ» կոմպոզիցիայի շռնդալից հաջողությունից հետո, Սուրեն Քոչարյանը ձեռնամուխ եղավ իր վաղեմի երազանքի իրականացմանը՝ ամբողջությամբ կամ հատվածաբար միավորել շեքսպիրյան երկերը եւ հանդես գալ «Մարդկային կրքեր» ընդհանուր վերտառությամբ ծրագրով։ Դա մեծ կոմպոզիցիա էր լինելու եւ ներառելու էր Շեքսպիրի երեսունինը դրամատիկական ստեղծագործություններ, հինգ պոեմներ, հարյուր հիսուն սոնետներ։ Պատերազմը, սակայն, իր սրբագրումները մտցրեց վարպետի այդ համարձակ մտահղացման մեջ։ Պետք էր առաջին պլան մղել հայրենիքի թեման։ Շեքսպիրյան բազմաթիվ կերպարներից նա առանձնացրեց երեքը՝ երիտասարդ զինվոր¬մարտիկը, հին զինվոր¬դաստիարակը եւ կինը՝ մայրը։ Դրա համար հսկայական նյութ էին տալիս անգլիացի մեծ դրամատուրգ¬մարդասերի ողբերգությունները՝ «Հուլիոս Կեսարը», «Համլետը», «Ջոն արքան», «Կորիոլանը», պոեմներից՝ «Լուկրեցիոսը» «Վեներան եւ Ադոնիսը»… Հաշվի առնելով, որ հիմնական լսարանը լինելու է ռազմաճակատը, առավել մեծ ներազդեցություն ապահովելու համար հարկ եղավ հրաժարվել շեքսպիրյան երկերի հատուկ անուններից եւ աշխարհագրական անվանումներից։ Ստացվեց ժամանակի պահանջներին հնչեղորեն արձագանքող մի կուռ կոմպոզիցիա։ Փոխվեց նաեւ վերնագիրը, ոչ թե «Մարդկային կրքեր», այլ` «Հանուն հայրենիքի»։

Քոչարյանի նոր կոմպոզիցիայի առաջին իսկ ներկայացումները լայն արձագանք գտան ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում։ Ասմունքի վարպետը խփում էր ուղիղ նշանակետին եւ չէր վրիպում։ Ինչպես միահամուռ նշում էին քննադատները՝ նա կարողացել էր Շեքսպիրին դարձնել ժամանակակից։ Մեծ դրամատուրգի խոսքերը հնչում էին որպես կոչ, յուրատեսակ բանաձեւ. «Գեղեցիկ է այն սուրը, որ մերկացված է հանուն արդարության», «Ով պատվով ընկավ, նա փառքով կապրի», «Որտեղ ուժեղ է միտքը, այնտեղ ուժեղ է նաեւ գործը»…

«Կրասնայա զվեզդա» թերթն այդ օրերին գրեց. «Սուրեն Քոչարյանը Շեքսպիրին դարձրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Շեքսպիրն ինքը Վերածննդի ոգեշունչ մարտիկ է եղել, նա պայքարել է բանականության իրավունքի համար ընդդեմ խավարի։ Ահա թե ինչու շեքսպիրյան կերպարները բնականոն ձեւով մտել են ժամանակակից հերոիկայի բառապաշարի մեջ»։

Շեքսպիրագետ Մ. Մորոզովը գրեց. «Քոչարյանի տաղանդավոր եւ յուրատեսակ կոմպոզիցիան ճշտորեն արտացոլում է շեքսպիրյան խոսքի ոճն իր հուզական հագեցվածությամբ, հերոսական հնչեղությամբ։ Քոչարյանը կարողացավ ցույց տալ, թե որքան հարազատ է մեզ այսօր Շեքսպիրը»։

«Հանուն հայրենիքի» կոմպոզիցիան, ուրեմն, պետք էր հայրենիքին, եւ պատահական չէր, որ 1942¬ի ամռանը Հայպետհրատն այն լույս ընծայեց առանձին գրքով, մեծ տպաքանակով։ Գիրքն արագորեն ուղարկվեց ռազմաճակատ, տարածվեց թիկունքում։ Քոչարյանն ընծայագրել էր այն՝ «Իմ կոմպոզիցիան ես նվիրում եմ իմ այն գործընկերներին, որոնց զինատեսակն արվեստն է, եւ այդ զենքով նրանք թշնամու դեմ կռվում են գործող բանակում»։

Կենսագրի վկայությամբ՝ Սուրեն Քոչարյանը հաճախ է հիշել, թե ինչպես է ինքը, բոլորովին երիտասարդ դերասան, 1920¬ ական թվականների կեսերին համերգ տվել Հայաստանում, Մայմեխի լեռնանցքի շրջանում անցկացվող զորավարժությունների ժամանակ։

Իջել է հարավային մութ երեկոն, հնչել է «դադար» հրամանը, եւ զինվորները դժվարին լեռնանցումից հետո անցել են հանգստի։ Դերասանի հայտնվելն իրենց շարքերում հաճելի անակնկալ է եղել։ Չսպասելով հատուկ հրահանգի, նրանք արագորեն մի հարթակ են շինել քարերից, բեռնատարների վարորդները նրան են ուղղել մեքենաների լույսերը, եւ … բեմը պատրաստ էր։ Ահա այդպես, հայրենի բնության չքնաղ մի անկյունում, Սուրեն Քոչարյանը զինվորների համար ասմունքում է հայկական ժողովրդական հեքիաթներ, ավանդազրույցներ, հայ բանաստեղծների հայրենասիրական գործեր։ Դա ռոմանտիկ մի երեկույթ էր, որի ներքին գեղեցկությունն այդպես էլ երբեք չէր կրկնվելու Սուրեն Քոչարյանի կյանքում։ Լսարանը զինվորական էր, բայց խաղաղություն էր տիրում շուրջբոլորը։

Իսկ հիմա պատերազմ էր, ծանր, տագնապալից շրջան։ Թշնամու դեմ ոտքի էր ելել ողջ երկիրը։ Միլիոնավոր մարդկանց հետ ոտքի էր ելել նաեւ Սուրեն Քոչարյանը, եւ նրա զենքն իր արվեստն էր, հայրենասիրական խոսքի հզոր ուժը։ Դերասանն այնտեղ էր, որտեղ կար այդ խոսքի կարիքը։ Իսկ այդ կարիքը կար ամենուր՝ ռազմաճակատի առաջին գծում, խրամատներում, դաշտային հանպատրաստից բեմահարթակներում, թիկունքում։

Մի դրվագ նրա այդ օրերի գործունեությունից։ 1942¬ի նոյեմբերի 6¬ն էր, երեկո։ Ռազմաճակատային արտիստական բրիգադը, որի կազմում էր նաեւ Քոչարյանը, նոր էր վերադարձել առաջին գծից, տեղավորվել էր հրամանատարական բլինդաժում եւ պատրաստվում էր հանգստանալ։ Համերգները մնացել էին ետեւում, բոլորը հոգնած էին։ Կամաց¬կամաց քունն էր իջնում արտիստների աչքերին, եւ հանկարծ՝ դաշտային հեռախոսի զնգոց։ Ինչ¬որ մեկի հեռավոր, պայթյուններից ստեպ¬ստեպ խլացող ձայնն արտիստներին խնդրում էր համերգ տալ կապավորների համար. «Մենք պոստում ենք, բայց շատ ենք ուզում լսել արտիստներին»։

Նորի՞ց համերգ, այն էլ՝ այս ուշ ժամին, տանջահար տեսքով։ Արտիստներին բացատրեցին՝ կապավորները հեռու լեռներում են, իրարից մեկական կիլոմետր հեռավորության վրա եւ հեռախոսային կապի մեկ միասնական շղթայում են, այնպես որ՝ համերգը պետք է տալ… հեռախոսով, եւ այդ ժամանակ գծում հարյուրավոր կապավորներ կլսեն իրենց։

Այդպիսի համերգ երեւի չէր եղել աշխարհում՝ որպես միկրոֆոն ծառայում էր դաշտային հեռախոսի փողը, իսկ «ռամպան» այն բազմակիլոմետրանոց բարակ հաղորդալարն էր, որ աննկատ ձգվում էր լեռներով, դաշտերով ու ճահիճներով։ Գծով կարելի էր միաժամանակ մի քանի խոսակցություն վարել, բնականաբար՝ արտիստների երգն ու խոսքը երբեմն ընդհատվում էին հրամաններով, հրահանգներով, զեկույցներով։ Դե, ինչ, համերգը ռազմաճակատային էր, բայց դա ոչնչով չնվազեցրեց արտիստների պատասխանատվությունը։ Հետագայում Սուրեն Քոչարյանը պետք է հիշեր. «Հեռախոսափողը մեր ձեռքերում դողում էր սրտի տրոփյունի հետ, երբ արտիստը երգով կամ խոսքով մարտիկներին պատգամում էր պաշտպանել հայրենիքը, վրեժ լուծել թշնամուց»։

Նկատի առնելով պատերազմի տարիների Սուրեն Քոչարյանին, արվեստաբան Լ. Մակարեւը գրեց. «Պետք չէ բեմ բարձրանալ զարմացնելու, տաղանդով, գեղեցկությամբ, հմայքով մարդկանց ցնցելու համար։ Բեմին պետք է արտիստ, քաղաքացի, որը հանրությանն է ներկայանում սովորեցնելու, օգնելու, փրկելու համար»։

Այս վերջին տեսակն էր ասմունքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանը՝ ծանր օրերին զինվորի կողքին կանգնող ազնիվ մտավորականը, ռուս խոշորագույն դերասան Վ. Կաչալովի գնահատմամբ՝ «իր գործի վիրտուոզը»։

 

ՆՈՐԱՅՐ ԻՐԻԿՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1408) 22.09.2021 – 28.09.2021, Պատմության էջերից


24/09/2021