Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԸ



Մի անգամ հրեշտակը մարդու կերպարանքով գնում էր մի ճգնավորի հետ, եւ եկան-հասան այն տեղին, որտեղ լեշ էր ընկած եւ գարշահոտություն էր տարածում։ Եվ երբ ճգնավորն իր քիթը փակեց, հրեշտակը նրան հարցրեց.

-Ինչո՞ւ ես քիթդ փակում։

-Այս գարշահոտությունը տանել չեմ կարողանում,- պատասխանեց նա։

Եվ երբ փոքր-ինչ առաջ գնացին, ահա նրանց հանդիպեց գեղեցկատես մի երիտասարդ՝ պայծառ զգեստներով զարդարված եւ ձիով, որին հեծել էր։ Եվ մինչ դեռեւս նրանից հեռու էին, հրեշտակն իր քիթը փակել սկսեց, որից զարմացած՝ ճգնավորն ասաց.

-Ինչո՞ւ ես այդպես քիթդ փակում։

-Բղջախոհ, հպարտ ու անհամեստ այդ երիտասարդը,- պատասխանեց,- ավելի գարշելի հոտ է տարածում Աստծո եւ հրեշտակների առաջ, քան լեշը՝ մարդկանց առաջ։

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Հոգևոր-մշակութային


14/12/2011