Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ԴԱՐՁԱՎ 31 ՏԱՐԵԿԱՆ



ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ԴԱՐՁԱՎ 31 ՏԱՐԵԿԱՆՆորանկախ Հայաստանի Հանրապետությունում ժամ առ ժամ անհրաժեշտություն էր դառնում Ազգային բանակի ստեղծման հարցը:

1990 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ նախարարների խորհուրդն ընդունում է ՆԳ նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին թիվ 411 որոշումը: Ստորաբաժանումները պետք է իրականացնեին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունն ու երկրի ներսում ներքին կարգի պահպանությունը: 1990 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 420 հրամանով ստեղծվում է ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ:

Որոշումից երկու ամիս անց, ազգային զինված ուժերի կազմավորումում ծառայելու ցանկություն են հայտնում շուրջ հինգ հազար կամավորներ: Այդ օրերին Գերագույն Խորհուրդ Վազգեն Սարգսյանի անունով հեռագիր է գալիս Գորիսից. «Պարոն Սարգսյան, գտնվում եմ Գորիսում՝ իմ պապերի օջախում: Անչափ ուրախացա, որ վերջապես Հայկական բանակ է ստեղծվում: Շնորհավորում եմ, Դուք այդ բանակի Սպարապետն եք: Խնդրում եմ ինձ՝ 75 տարեկան սպայիս, ընդունեք Ձեր բանակում ծառայության։ Հարգանքներով՝ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ»:

Հատուկ գնդի հրամանատար նշանակվեց գնդապետ Սարգիս Առաքելյանը: Վերջինիս բաժին ընկավ ամենածանր գործը՝ գնդի կազմավորման առաջին փուլը: Զինվորական բարձրագույն կրթություն ստացած խորհրդային բանակի նախկին սպային հաջողվում է մարտական գործողություններում թրծված կամավորականներին պարտադրել բանակային կարգ ու կանոն, զինվորին վայել պահվածք:

ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ԴԱՐՁԱՎ 31 ՏԱՐԵԿԱՆՇտաբի պետ է նշանակվում Ֆելիքս Գզողյանը: Գնդի կոմիսար է նշանակվում կարբեցի Սենիկ Պողոսյանը՝ Քեռին, թիկունքի պետ՝ ԿՈՆԴ ջոկատի հրամանատար Վաչագան Չիբուխչյանը, շարային մասի պետ՝ Արսեն Մաղավզյանը, օպերատիվ բաժնի պետ՝ Արամ Պահլավունին, սպառազինության գծով տեղակալ՝ Կոնստանդին Կոստանյանը: Գերագույն Խորհրդի պաշտպանության հանձնաժողովի կողմից լիազոր ներկայացուցիչ է նշանակվում ԳԽ պատգամավոր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Գևորգ Բաղդասարյանը:

1990 թվականի սեպտեմբերի 24-ին Գերագույն Խորհրդի նախագահի հետ գունդ է այցելում Վազգեն Սարգսյանը: Նա դիմում է գնդի մարտիկներին:

– Զինակի՛ց եղբայրներ, պատմության մեջ նոր էջ է գրվում, կազմավորվում է ՀՀ պաշտպանության առաջին գունդը: Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պիտի քաջ գիտակցի, որ իր վրա մեծ պարտականություն է դրվել՝ պետականորեն պաշտպանելու մեր Հայրենիքը:

Այնուհետև մարտիկներին է դիմում Լևոն Տեր-Պետրոսյանը.

ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ԴԱՐՁԱՎ 31 ՏԱՐԵԿԱՆ-Սիրելի՛ եղբայրներ, ես այլ կերպ չեմ կարող դիմել ձեզ: Գիտակցելով պահի թելադրանքը՝ դուք կամավոր զինվորագրվեցիք ռազմական-պետական կառույցին՝ գիտակցելով, որ մենք ստեղծում ենք նոր պետականություն: Ողջո՛ւյն քաջաց:

Գնդի մարտիկներին իր ողջույնի խոսքն ու օրհնանքն էր ուղարկել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն:

Հատուկ գնդի առաջին վկայականը, ընդհանուր որոշմամբ, տրվեց Քեռուն՝ Սենիկ Պողոսյանին, որն իր ձեռքով էր կարել գնդի դրոշն ու գրել երդման տեքստը:

Առաջին ու դժվարին քայլը կատարված էր, որին հաջորդեցին գունդը զինելու, հանդերձավորելու, մի խոսքով՝ նյութատեխնիկական բազա ստեղծելու դժվարին հարցերը:

Գնդի ստորաբաժանումները հետագայում ստանձնեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանների պաշտպանությունը:

Այսօր փառավոր մարտական ուղի անցած հատուկ գունդը դարձավ 31 տարեկան: Շնորհավորում ենք Հատուկ գնդի մարտիկներին:

Փա՛ռք ու պատիվ բոլորին:

 

ԱՐԳԻՇՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

«Մայր Հայաստան» ռազմական պատմության

թանգարանի ավագ գիտաշխատող

Խորագիր՝ #36 (1407) 15.09.2021 - 21.09.2021, Պատմության էջերից


16/09/2021