Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ես հավիտենականը պիտի շահեմ վայրկյանի մեջ: Ահա հերոսական մտածումը՝ մայրը գերագույն ուրախության: Այսպես են հաշվում հերոսները:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԱռեղծվածային լավն են կարճատև կյանքով անմահացածները: Այն, ինչ անում են նրանք կամ թողնում իրենցից հետո, ժամանակին նետված ծաղր է: Այն ժամանակի, որը պարզունակորեն դարը տրոհում է տարիների, տարիներն ամիսների, ամիսներն օրերի ու, որպես կանոն, թվագրում բոլոր շիրիմները:

Ոչ վաղ անցյալում մեր կողքին՝ այժմյան Ալեք Մանուկյան փողոցում, ապրել է մի տղա, հրաշալի սովորել դպրոցում, վայելել մտավորական ծնողների, նրանց ընկերների սերն ու հիացմունքը, անցել Լեոնիդ Ազգալդյանի ազգային հոգեկերտման դպրոցը, ընդունվել երևանյան հայտնի բուհերից մեկն ու մի օր զորակոչվել խորհրդային բանակ: Հենց այդ պահից էլ ամեն ինչ դադարել է լինել հարազատ, հայկական, մարդկային: Անկախության ու ազատության տենչը, որ արդեն խլրտում էր տառապյալ հայրենիքի ընդհատակներում ու ոռոգում գիտակից յուրաքանչյուր հայի հոգին ու միտքը, Բայկոնուր զորակոչված Դավիթ Սարապյանին պիտի խանգարեր «եղբայրություն» խաղալ փլուզվող կայսրության բազմազգ բանակում տիրող անհասկանալի բարքերում:  Եվ այդտեղ է, որ ազգային արժանապատվությունը պաշտպանելու նետված Դավիթին  խորհրդային դատարանը շտապում է դատապարտել չորս տարվա ազատազրկման:

Չափազանց կիրթ, բազմագիտակ ու արդարամիտ երիտասարդը շուտով հասկանում է, որ այն նոր վայրը, ուր ինքը տեղափոխվել է, ավելի վատը չէ, քան աշխարհի ամենալայն սահմաններով բանտը, որ կոչվում է Խորհրդային Միություն: Անազատությունը կամաց-կամաց սկսում է իր գեղագիտությունը հյուսել Դավիթի մտածումներում: Արժանապատվորեն կրելով քառամյա բանտային լուծը՝ նա շտապում է նոր կյանքն ապրել որքան հնարավոր է լիաթոք, որքան հնարավոր է արարուն՝ գործի դնելով այդ տարիքին ոչ բնորոշ, չտեսնված խիտ կենսափորձն ու  իմաստնությունը: Դրանք, նաև բանտային տարիների անհագ ընթերցանության վերլուծական կուտակումները,  ստեղծագործական եռուն ավիշներ են բացում Դավիթի կյանքում՝ արտահայտչամիջոցների ընտրության միանգամից մի քանի հնարավորությամբ: Դավիթը թողնում է կիբեռնետիկան, նվիրվում գրին ու կինոյին: Ռեժիսոր Գենադի Մելքումյանի օգնականն է, Օդեսան բաց է նրա առջև: Ահա և իր «Երեք հարյուր վայրկյան» վիպակ-կինոսցենարը, որ Օդեսայի կինոստուդիան հաստատում է նկարահանման:

Ստեղծագործական այդպիսի հեռանկարը Արցախի ազատագրության պայքարով փոխարինելը Դավիթի վայրկենական որոշումներից է, բնորոշ այնպիսիներին, որոնք  հայրենիքին միայն մտավոր ու ստեղծագործական կարողություններով ծառայելը թերատ մի բան են համարում, և որոնց համար հողի նյութական գիտակցումը նույնքան նյութական զոհաբերություն՝ Մարմին է ենթադրում:

Եթե 91-ի դեկտեմբերին չընդհատվեր Դավիթ Սարապյանի 26-ամյա երկրային կյանքը, ժամանակի պարզունակ հաշվարկով նա կդառնար 55 տարեկան: Այսօր այդ ժամանակը վերընկալելու խնդիրն ունենք՝ Դավիթի պոռթկուն գրականության հրաշալի վայրկյանները վայելելու բացառիկ հնարավորությամբ: Գրականություն, որի մեջ տիեզերական արդարությունը փոքրիկ կանգառներ է փնտրել բանտաճաղերից ներս՝ առանձին աննշան մարդկանց խռով հոգիներում: Գիր, որի ոչ մի անկյունում կոկած գեղագիտություն ու ոչ մի շերտի տակ կեղծ հնչյուն չկա: Գիր, որ ժառանգվեց ռուսերեն բնագրով, ու որն արդեն հայերեն է շնչում՝ անկասկած դարմանելով ամեն ինչով ազգային Դավիթի երկնաբնակ հոգին:

 

ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

թարգմանիչ

 

Հատված Դավիթ Սարապյանի «Երեք հարյուր վայրկյան» վիպակից

 

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ…. Ժամապահն անվրդով կոնծում էր միջանցքի վերջի ուղեսյան վրա:

Պահականոցի դուռը բացվեց, ու դուրս եկավ Ստարլեյը: Զինվորը վեր թռավ տեղից, կեցվածքն ուղղեց, բայց սպան ուշադրություն չդարձրեց նրա վրա և անցավ միջանցքով:

-Արթո՛ւր,- ձայն տվեց աղջիկը զեկին:

-Ի՞նչ:

-Ղունղունում ե՞ք,- նրանց խոսակցությունն ընդհատեց հանկարծակի հայտնված Ստարլեյը:

Վերոնիկան զգաստացավ:

-Ղունղունում ենք, պե՛տ:- Արթուրը նայեց սպային ու ավելացրեց:- Գործ կա հետդ…

-Իրո՞ք: – Սերյոժան ձևացրեց, թե խիստ զարմացավ:

-Որ մենք,- զեկը գլխով արեց միջնորմի կողմը,- միասին ճամփա գնանք:

-Միասի՞ն,- չհասկացավ կամ ձև արեց, թե չհասկացավ Ստարլեյը:

-Ո՞ւմ հետ:

-Նրա՛,- Արթուրը նորից գլխով արեց միջնորմի կողմը: -Կես ժամով…

-Կես ժամով… Հը՛մ: Կես ժամո՞վ, ասում ես…Դե՛, լա՛վ: Հիսուն ռուբլի տուր ու գնա:

-Մոտս մենակ մի չերվոնեց է…

-Դե-ե, եղբա՛յր,- ձգեց Ստարլեյը:- Ուրեմն, չիրիկդ քեզ պահի: Լավ տրորի, փափկացրու ու փաթաթի վրան,- անպարկեշտ շարժում արեց սպան:- Ու առա՛ջ: Կեցցե՛ սովետական իշխանությունը…

Այս խոսքերի վրա շրջվեց ու հեռացավ:

-Ասում էի, ա՜խր…

-Ասում էի, ասում էի,- աղջկան կապկեց Արթուրը…

Պահականոցին հասնելով՝ սպան խփեց զինվորի փորին, մռլտաց.

-Չտեսնեմ՝ էստեղ շնթռես:

Ու դուրս եկավ վագոնահարթակ: Ջղային շարժումով տրորեց ծխախոտը, լուցկին չխկացրեց, բայց չկարողացավ կպցնել. ձեռքերը դողում էին: Մի քանի անգամ ծուխը ներս քաշեց, ծխուկը գցեց գետնին, տրորեց, վերադարձավ միջանցք…

 

….-Լսի՛ր, իսկ էդ ո՞վ է մեջքիդ: Քրիստո՞սը,- հարցրեց Վերոնիկան:

-Չէ՛…Միքայել հրեշտակապետը: Ինչի՞:

-Հենց էնպես…Ես նրանով քեզ ճանաչեցի:

-Ճանաչեցի՞ր,- զարմացավ Արթուրը:

-Հա՛…Քեզ մի երկու ամիս առաջ քարշ տալով տանում էին միջանցքով, մենք էլ բաղնիքից էինք գալիս:

-Ինչ-որ չեմ հիշում:

-Դեռ հիշեի՜ր… Դու էն ժամանակ լրի՛վ անջատված էիր…

Մոտեցող քայլերի ձայն լսվեց:

-Է՛յ, զոլավո՛ր: -Արթուրի դիմաց կանգնած էր Ստարլեյը:

Զեկը անհամբեր նայեց նրան:

-Տու՛ր չերվոնեցդ: Էդպես էլ կանենք՝ կթողնեմ նրա մոտ: Հի՛նգ րոպեով…

Վերջին բառերից Արթուրի ուրախությունը սառեց, բայց ոչ երկար: Նա ձեռքը թափ տվեց, գրպանից հանեց տասանոցը: Սպան արդեն բանալիներն էր զնգզնգացնում: Չերվոնեցն առնելով՝ կրկնեց.

-Հի՛նգ րոպեով:

Ու նրան տարավ հարևան «եռյակ»…

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԱյնտեղ արդեն սպասում էին նրան: Վերոնիկան խցի կիսամթում ճոճվում էր վագոնի հետ: Շրթունքը դողում էր: Աչքերը փայլում էին: Լուսաստվերը խաղում էր ձվաձև գունատ դեմքին. ճաղավանդակի շեղանկյունիկները կտրտում էին դեմքը:

Վանդակը բացվեց: Աղջիկը ճանապարհ տվեց, Արթուրը ներս մտավ: Նա բաճկոնը չէր հագել, և ճաղավանդակը, իր տեղը դառնալով, գորշ ձողերով բծավորեց հրեշտակապետի դեմքը:

Տղա ու աղջիկ: Տղամարդ և Կին: Դեմդիմաց կանգնած, անշարժ, առանց մերձեցման որևէ փորձի:

Վագոնը թեթևակի ցնցվում էր. Արթուրը հենվեց որմնադարակին, որ չընկնի:

Նա կանգնած էր մեջքով դեպի լույսը, կիսամութը ստվերում էր նրա դեմքը, միայն դարակին հենած դաստակն էր լուսավորվում իր տխուր պատկերի մեջ:

Վերոնիկայի մուգ նրբերանգներով դեմքը լրիվ փոխվել էր: Դասական գրգռիչ գեղեցկությունը չքացել էր: Դիմագծերը հարթվել, ավելի կանացի էին դարձել: Նրա խոնավ հայացքը տղայի դեմքի վրայով սահեց, փարվեց ջարդված ձեռքին:

Զգույշ, որ չցավեցնի, Վերոնիկան այտուցված ձեռքն առավ ափերի մեջ, հպեց դեմքին, համբույրներով ծածկեց վիրավոր մատները:

Արթուրը սարսռաց, ազատ թևի մեջ առավ աղջկան ու դեմքը թաղեց նրա մազերի մեջ…

Ստարլեյի դեմքին մի ակնթարթում արտացոլվեցին նրա հոգեվիճակի բոլոր մետամորֆոզները: Տեսարանից ունեցած ակնկալիքը փոխարինվեց խոր հիասթափությամբ, արհամարհանքի աստիճան ահագնացավ ու, ի վերջո, վերածվեց ատելության: Ժամացույցին նայեց, շրջվեց միջանցքում շարված զինվորների կողմն ու գլխով արեց «եռյակի» կողմը:

Ճաղավանդակը սահուն կողմ քաշվեց: Արթուրը դեռ փաթաթված էր Վերոնիկային, երբ զույգ ձեռքերը ճանկեցին նրա ուսերը ու դուրս քաշեցին միջանցք: Աղջիկը փորձում էր նրան «եռյակի» խորքը ձգել, բայց վերջին պահին մեկը հրեց նրան, ու ճաղավանդակը շխկոցով փակվեց:

Արթուրը շփոթված շուրջը նայեց: Չորս կողմը զինվորներ էին: Ստարլեյը, կանգնած նրանց հետևում, եղունգով թկթկացրեց ժամացույցի ապակուն ու ժպտալով, ասես ոչինչ չէր եղել, ասաց.

-Հինգ րոպեն անցա՛վ:

Շփոթմունքն Արթուրի դեմքին ատելության փոխվեց: Նա պոկվեց ուղեկցորդ-հսկիչների ձեռքից, հարձակվեց սպայի վրա, վզից քաշեց ու գցեց գետնին: Ապուշ կտրած զինվորները սթափվեցին ու հասան պետին օգնելու:

Պետը շնչահեղձ էր լինում: Կաս-կարմիր կտրած դեմքն արդեն համարյա կապտում էր: Նա փորձեց ձեռքը ատրճանակին տանել, բայց Արթուրը ծնկով հատակին սեղմեց նրա դաստակը: Զեկի ճակատի երակները ցցվեցին: Ստարլեյից պակաս կարմրատակած չէր և նա: Աչքերն ուր որ է՝ դուրս կթռչեին բներից:  Թպրտում էին լարված ջլերը…

Սպային մի կերպ փրկեցին: Հսկիչն առջևից հարձակվեց, ոտքով տակից խփեց Արթուրի ծնոտին: Հարվածն ուժեղ էր, զեկը հետ շպրտվեց՝ Ստարլեյին թողնելով: Սա, հազիվ շնչելով, սողալով՝ մի կողմ քաշվեց: Արթուրն արդեն ուշագնաց էր, բայց հսկիչները մոլեգին մեքենայությամբ շարունակում էին խփել: Հետո, թևերից բռնած, քարշ տվեցին բաց «եռյակի» կողմը, ոտքի վրա կանգնեցրին ու բաց թողեցին: Անգամ չթողեցին, որ ինքնիրեն ընկներ: Լոնդի սերժանտը կողային ցատկի մեջ սապոգի քթով դեմքին հասցրած հարվածով նրան նետեց «եռյակի» պատին: Զեկը սահեց գետնին ու գլուխն անբնական ձևով հետ գցած՝ անշարժացավ: Ճաղավանդակը նրան շռնդյունով տրոհեց շեղանկյունների…

Իսկ Վերոնիկան անհավասար պայքարի մեջ էր մտել զինվորների հետ, դիմադրում էր նրանց, ճչում, կծում էր՝ թույլ չտալով, որ իրեն միջանցք հանեն: Բայց զինվորները «եռյակից» դուրս քաշեցին նրան: Աղջիկը հսկիչների ձեռքերի մեջ կեռումեռ էր անում և երբ թքեց մեկի երեսին, զինվորը նրա մազերը բռնեց, փաթաթեց ձեռքին ու, ինչպես ոչխարին մորթելու են տանում, քարշ տվեց ստոլիպինի երկայնքով:

Իրարանցումից արթնացած ուղևորները սպառնալից ցնցում էին ճաղերը: Զինվորները բոլոր կարելի-անկարելի մեթոդներով  փորձում էին կարգի հրավիրել նրանց, բանալիների խրձով շրխկացնում յուրօրինակ համերաշխության ցույցի խանդավառ նվիրյալների՝ ճաղավանդակին կեռված մատներին:

Վերոնիկային քարշ տալով տարան կանանց «կուպե» ու գցեցին ներս: Աղջիկը հետ մղվեց, որ դուրս գա, բայց ճաղավանդակը շրխկոցով փակվեց նրա դեմքին:

-Արթո՛ւր, Արթո՛ւր,- գոռում էր նա ու ցնցում վանդակը: Բանալիների խուրձն իջավ ուղիղ դեմքին: Նա ճչաց, ցավից կուչուձիգ՝ ընկավ կանանցից մեկի գիրկն ու սկսեց ցնցվել սրտակեղեք հեծկլտոցից…

Պահակախումբը, գործն ավարտած համարելով, կորավ պահականոցի խորքում: Մնաց միայն ժամապահը, որ ուղեսյանը տեղավորվելով՝ գրպանից հանեց ծխելիքն ու սկսեց երանագին բքել…

Նույն կիսապառկած դիրքով հատակին ընկած, ինչպես մնացել էր հսկիչներից հետո, Արթուրը օրորվում էր վագոնին համընթաց՝ այդպես էլ գիտակցության չգալով…