Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ՏՎԵԼ…»



«ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ՏՎԵԼ...»Վաշտի հրամանատար, կապիտան Մարգար Սարիբեկյանը օրերս պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նա Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ընդամենը 25 տարեկան էր, բայց վաշտ է տարել մարտի: Նրա պաշտպանած դիրքը Ադրբեջանի զինանոցում եղած բոլոր զինատեսակներով հարձակման է ենթարկվել պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը, բայց Մարգար Սարիբեկյանի հրամանատարությամբ՝ ստորաբաժանումը ոչ մի թիզ հող չի զիջել թշնամուն և հակառակորդին պատճառելով մարդկային և սպառազինության ծանր կորուստներ՝ մշտապես հետ է շպրտել, մնալով աներեր ու կանգուն: Նրա անձնական արխիվում կան սարսափազդու տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են Մարգար Սարիբեկյանի պաշտպանած դիրքին մոտեցած ադրբեջանցիների հետդարձի ճանապարհը լցրել իրենց զինվորների ու սպաների անշնչացած մարմիններով: 25-ամյա հրամանատարի մասին ադրբեջանցիները առասպելատիպ պատմություններ են հորինել. օրինակ՝ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով Մարգար Սարիբեկյանը ներկայացվել է որպես արաբ վարձկան, որը, հակառակորդի բառերով ասած՝ անխնա կոտորում է ադրբեջանցի զինվորներին: Մարգարի խիզախությունն ու հրամանատարական տաղանդը գնահատել է իր զոհված զինվորների մարմինները մեր հողից հանելու եկած ադրբեջանցի գնդապետը, որը զորքի ներկայությամբ ասել է մեր սպային. «Ձեզ հնարավոր չէր հաղթել…»։

«ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ՏՎԵԼ...»Պատերազմի ընթացքում Մարգար Սարիբեկյանի ծածկանունը մոռացվեց. շտաբի պետը նրան կնքեց Առյուծ անունով: Կապիտան Մարգար Սարիբեկյանն ու իր ստորաբաժանումը հաղթել են բոլոր ճակատամարտերը նվազագույն կորուստներով՝ երեք զոհ, մինչդեռ թշնամու ոչնչացված զրահատեխնիկայի ու մեր հողում թողած դիակների քանակը հարյուրներով էին հաշվվում:

…Մարգար Սարիբեկյանի զինվորների 80 տոկոսը պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով. 17 հոգի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 6 հոգի՝ «Մարտական ծառայության» մեդալով, 7 հոգի՝ «Արիություն» մեդալով և այլն: Նա գիտի հաղթելու բանաձևը ու առանց ավելորդ համեստության ասում է.

– Ես լավ հրամանատար եմ ու կարողացել եմ իմ ղեկավարած վաշտը մարտունակ զորք դարձնել:

-Ինչպե՞ս,– ահա այս հարցով էլ ես սկսում եմ զրույցը հերոս հրամանատարի հետ:

-Պիտի մի քիչ հեռվից սկսեմ: Ես հանգամանքների կամ պատահականության բերումով չեմ դարձել զինվորական: Ինչքան ինձ հիշում եմ՝ զինվորական համազգեստ եմ երազել: Մանկուց իմ դիտած ֆիլմերը, իմ կարդացած գրքերը բանակային կյանքի, զինվորների, պատերազմների մասին էին: Մայրս նույնպես սիրում էր զինվորական գործը և ցանկանում էր, որ ես համազգեստ կրեմ: Ես առաջին անգամ նրանից եմ լսել հայրենասիրություն բառը, նա է արթնացրել Հայոց պատմության հանդեպ իմ սերը, որը ցայտուն դրսևորվեց հատկապես դպրոցական տարիներին, երբ մոլեռանդորեն ուսումնասիրում էի հայոց զորավարների կյանքն ու սխրանքները:

Ես զինվորականի դասական ճանապարհ եմ անցել. սկզբում՝ «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարան, հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ լավ հրամանատար դառնալու մեծ ցանկությամբ, ջանքով ու վճռականությամբ:

«ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ՏՎԵԼ...»-Իսկ ինչո՞ւ ընտրեցիք զինվորականի մասնագիտությունը:

-Ես սիրում եմ խիզախել: Ուղիղ, հարթ ճանապարհները ինձ չեն ներշնչում. ես սիրում եմ քայլել անդունդի եզրով, լսել սրտիս զարկերը, դեմ առ դեմ հանդիպել վտանգին: Ու հաղթել: Սա արդեն նախասիրություն չէ, ես ապրելու ուրիշ ձև չգիտեմ։ Ես պիտի ինձ հզոր զգամ ամեն օր, ամեն պահի:

Իմ առաջին զինվորական պաշտոնը դասակի հրամանատարն էր: Ռազմական համալսարանը քեզ տալիս է զինվորական գիտելիքներ, տեսական պատկերացումներ բանակի, միջանձնային հարաբերությունների, հրամանատարի ծառայության մասին, բայց պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրը դու հասկանում ես, որ ծառայության ընթացքում ամեն քայլափոխի դու պիտի որոշումներ կայացնես, որ առնչություն չունեն տեսական գիտելիքների հետ, պիտի ստեղծագործես՝ հաշվի առնելով մարդկային հարաբերությունների նրբություններն ու անձի հոգեբանական առանձնահատկությունները։

…Ես ծառայության առաջին օրվանից իմ ղեկավարած ստորաբաժանումը նախապատրաստել եմ պատերազմի…

-Դուք գիտեի՞ք, որ մեկ տարի հետո պատերազմ է սկսվելու:

-Ո՛չ, չգիտեի, բայց բանակը կռվելու համար է, յուրաքանչյուր բանակ: Բացի այդ, Ադրբեջանի կոշտ, ռազմաշունչ հռետորաբանությունը, սպառազինության տարեցտարի ահագնացող վազքը, տարածքային հավակնությունները հուշում էին, որ պատերազմից չենք խուսափելու:

-Դուք ինչպիսի՞ հրամանատար էիք խաղաղության ժամանակ, և ինչպիսի՞ն էիք պատերազմի դաշում:

-Ես խիստ, պահանջկոտ, անզիջում հրամանատար եմ: Միևնույն ժամանակ, գիտեմ իմ զինվորներից յուրաքանչյուրի և՛ ծառայողական խնդիրները, և՛ այն հոգսերը, որոնք բանակից դուրս են: Եվ այդ խնդիրնեը լուծելու, հոգսերը հոգալու պարտքը ես ինձ վրա եմ վերցրել, որովհետև զինվորական կոլեկտիվը ընտանիք է, և հրամանատարը այդ ընտանիքի հայրն է:

-25 տարեկան հայր՝ այն էլ մեծ ընտանիքի, այն էլ այն դեպքում, երբ համարյա իր զավակների՝ զինվորների տարեկիցն է:

-Դժվար է, բայց դա իմ ընտրությունն է: Ես իմ զիվորներին գործով համոզեցի, որ պատրաստ եմ կյանքս տալ իրենցից յուրաքանչյուրի կյանքի փոխարեն, ու նրանք նույն նվիրումով պատասխանեցին ինձ: Մենք միակամ, առանց երկվության ձուլվեցինք հայրենիքի պաշտպանության գաղափարին, անմնացորդ, ինքնազոհ, հերոսաբար: Մենք կարողացանք դառնալ զորք: Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն:

-Ի՞նչ ասել է զորք:

-Հայրենիքի պաշտպանության գաղափարին նվիրված, նույն արժեքներին դավանող, զինակցի կյանքը իր կյանքից գերադասող, քաջ, իր զինվորական մասնագիտությանը լավագույնս տիրապետող, հոգեբանորեն ամենադաժան կռվին պատրաստ զինյալների խումբ: Իմ զինվորները մի զենքը դնում, մյուս զենքն էի վերցնում՝ իրադրությանը համապատասխան:

«ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ՏՎԵԼ...»-Ես մի տեսանյութ նայեցի Ձեր վաշտի մասին, ասում էին, որ թշնամին տասնապատիկ գերազանցել է ձեզ և՛ մարդկային ռեսուսով, և՛ զենքով: Եվ Ձեր հրամանատարական բարձր գիտելիքների շնորհիվ եք դիրքը պահել նվազագույն կորուստներով:

-Ես զոհվելուց չէի վախենում, միայն վախենում էի, որ սխալ հրամանի պատճառով զինվոր կկորցնեմ: Ինձ ամբողջ կյանքում չէի ների: Գիտեք, խառը իրադրության մեջ երբեմն կարող ես վրիպել հրամաններ տալիս, մինչդեռ երկար մտածելու ժամանակ չունես:

-Կպատմե՞ք ամենադժվար ճակատամարտի մասին:

-Թշնամին միանգամից կատաղի գրոհ սկսեց: Մարտակերտը անվերջ ռմբակոծվում էր: Մենք դիրքեր բարձրանալիս ստիպված էինք մի քանի անգամ իջնել մեքենայից, թաքնվել, մինչև կրակը մեղմանա, որ կարողանանք շարունակել ճանապարհը: Առաջին հաղթանակից հետո աներևակայելի բան կատարվեց. իմ յուրաքանչյուր զինվորը, առանց բացառության, առյուծ դարձավ:

-Փաստորեն, Ձեզնից բացի, Ձեր զինվորներն էլ էին առյուծ:

-Դիրքը պաշտպանել է զորքը, թշնամուն հետ է մղել զորքը, հաղթել, հերոսացել է զորքը:

-Ձեր հրամանատարությամբ:

-Պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը՝ ամեն օր թշնամին գրոհել է մեզ վրա՝ տարբեր ուժգնությամբ: Հարվածել է իր ունեցած բոլոր զինատեսակներով, ընդհուպ՝ «Սմերչ»-ով, բայց իմ տղաները չեն ընկրկել: Թշնամին կենդանի ուժով ու զինտեխնիկայով տասնապատիկ գերազանցում էր մեզ, բայց թշնամու կորուստները հարյուրապատիկ ավելին էին: Մենք 30 զինծառայող էինք դիրքում, մերթ ընդ մերթ մեզ նաև կամավորականներ էին միանում: Թշնամին յուրաքանչյուր գրոհի ժամանակ մեզ վրա 200-300 զինվորական էր նետում, ուղղաթիռներ, տանկեր, հրետանին աշխատում էր անդադար:…Երբ ծանր զինատեսակները լռում էին, հասկանում էինք, որ մարտի մեջ է մտնելու հետևակը: Բոլոր հարձակումներից հետո թուրքերը մազապուրծ փախել են՝ թողնելով բազմաթիվ դիակներ:

-Մերձամարտ է՞լ է եղել:

-Այո՛, թուրքերը մեր աչքի առաջ էին՝ 10-20 մետր հեռավորությամբ: Նրանք նույնիսկ նռնակներ են նետել մեզ վրա: Մարտակերտի ամենածանր ուղղությունը մերն էր: Նոյեմբերի 4-ին կրտսեր սերժանտ Արթուր Վերանյանը փոխհրաձգության ժամանակ զոհվեց: Հոկտեմբերի 21-ին ես կորցրի ևս մեկ զինվորի ու մեկ սպայի. ավագ լեյտենանտ Արման Բեքնազարյանը և կրտսեր սերժանտ Կարեն Եսայանը ընկան մարտում արիաբար:

Դիրքը այնպիսի տեղանքում էր, որ հնարավոր չէր մեքենայով մոտենալ: Մենք զոհվածներին ու վիրավորներին հասցնում էինք բժիշկների մոտ, նաև ուտելիք ու զինամթերք էինք բերում այդտեղից:

Բժիշկները հնարավոր ամեն ինչ անում էին, որ վիրավորներին պատշաճ բուժօգնություն ցույց տան, նրանց առողջությունը պահպանեն ամենաբարձր մակարդակով: Չի եղել մի դեպք, որ մենք զինամթերքի կարիք ունենանք: Մարտի ժամանակ ոչ մի վայրկյան մեր կրակը չի դադարել, որովհետև միշտ լրացուցիչ լիցքավորված ավտոմատներ ենք ունեցել: Չի եղել մի դեպք, որ իմ զինվորը դիրքում քաղցի:

Մեզ հետ կռվում էին նաև «Արաբո» ջոկատի, «Արծիվ-30»-ի և այլ ջոկատներից եկած տղաներ: Նրանց մեջ շատ կային նվիրյալ ռազմիկներ, որոնք առանց իրենց կյանքը խնայելու փակում էին թուրքի ճանապարհը:

-Ճի՞շտ է, որ Ձեր հայրն ու եղբայրն էլ են մասնակցել այս պատերազմին:

-Այո՛: Եղբայրս՝ Նորայր Սարիբեկյանը, խաղաղապահ զորքերում է ծառայում: Նրանք Կոսովոյում էին առաքելություն իրականացնում, երբ սկսվեց պատերազմը: Մեր զորախումբը խնդրեց հրամանատարությանը իրեն պատերազմին մասնակցելու, հայրենիքը պաշտպանելու հնարավորություն տալ: Տղաները վերադարձան Հայաստան ու մեկնեցին ճակատ: Իսկ հայրս՝ Հակոբ Սարիբեկյանը, զորամասում է աշխատում: Նա նույնպես Արցախում էր պատերազմի օրերին:

-Ձեր դիրքը պաշտպանող 30 զինվորականներից քանի՞սը վիրավորվեցին:

-Պատերազմի վերջում միայն 7 զինվոր ունեի, որոնք չէին վիրավորվել: Դա չի նշանակում, որ բոլոր վիրավորվածները չեն շարունակել կռիվը ու գնացել են տուն: Նրանք, ովքեր ի վիճակի են եղել զենք բռնելու, վերադարձել են դիրք բուժվելուց հետո, ոմանք նույնիսկ հրաժարվել են մայրական խնամքից ու եկել են ճակատ: Սա, եթե կուզեք, դիրքը անառիկ պահելուց ավելի մեծ ձեռքբերում է:

-Իսկ Դուք վիրավորվե՞լ եք:

-Բազմաթիվ բեկորային վիրավորումներ ունեմ, բայց երբեք չեմ իջել դիրքերից:

-Ես լսել եմ կարծիք, որ ժամանակակից պատերազմներում զինվորի ոգին էական նշանակություն չունի: Ասում էին՝ ոգով «Բայրաքթար» չես խոցի:

-Անհեթեթություն: Պատերազմում հաղթում է առաջին հերթին խիզախ ու նվիրումով կռվող զինվորը։ Եվ իր զինվորներին մեր տարածքից հանելու համար եկած ադրբեջանցի գնդապետի խոսքը, թե՝ ձեզ հնարավոր չէր հաղթել, վերաբերում էր հենց մեր զինվորների ոգուն, քաջությանն ու հայրենասիրությանը, քանի որ սպառազինությամբ թույլ էինք հակառակորդից:

-Ես գիտեմ, որ Դուք եք ղեկավարել մարտը, որ Ձեր վաստակը չափազանց մեծ է, որ Դուք եք ուժ ու ոգի ներշնչել Ձեր զինվորներին, խիզախության, լավատեսության ու հաղթելու օրինակ ցույց տվել, բայց անընդհատ Ձեր զինվորներին եք գովում…

-Հրամանատարի ամենամեծ ձեռքբերումը ոչ թե իր հերոսությունն է, այլ զորքը հերոսական դարձնելու կարողությունը: Մենք երգելով էինք կռվում: Մենք երգով խլացնում էինք զենքերի աղմուկը: Դուք երևի ֆիլմերում տեսել եք. դա այն հոգեբանական պահն է, երբ դու բառացիորեն պատրաստ ես մեռնել քո հողի համար՝ առանց մի կաթիլ կասկածի, առանց ափսոսանքի: Երբ ամբողջովին ձերբազատվել ես վախից: Երբ ինքդ քեզ գերմարդ ես զգում: Պատահել է՝ դիտարկել ենք. ուղիղ 20 րոպե թշնամու զորք է եկել մեզ վրա: Բայց ուժերի այդ մեծ տարբերությունը չի ընկճել իմ զորքին:

-Քսան րոպե եկող զորքը քանի՞ հոգի էր ընդգրկում։

-200-ից 300: Առաջին զոհից հետո տղաները մի պահ երերացին: Բայց դա կարճ տվեց: Ես անդադար խոսում էի, ոգևորում, որ ցավը դառնա վրեժ, ոչ թե թուլություն:

-Իսկ ինչո՞ւ էին թուրքերը կարծում, որ Դուք արաբ վարձկան եք: Նրանք Ձեր նկարը ցույց տվեցին իրենց հեռուսաալիքներով և ասացին, որ հայերի կողմից կռվող արաբ վարձկանը ոչնչացնում է ադրբեջանցի զինվորներին:

-Չգիտեմ: Գուցե ուզում էին իրենց զինվորներին համոզել, որ ես արաբ եմ, հայ չեմ, քանի որ խիզախությունը, թափը հայկական բանակին հատուկ չեն:

-Պարոն կապիտան, չգիտեմ՝ ինչ բառերով ավարտեմ այս զրույցը… Ես պատերազմի օրերին անդադար զրուցել եմ զինվորների, սպաների ու կամավորականների հետ… Ու եկել եմ այն համոզման, որ մեր պարտությունը ժամանակավոր է: Այս անօրինակ ուժը, հերոսականությունը, հայրենասիրությունը պատից կախված զենք է, որ կրակելու է մի օր, ահարկու ական է մեր հողերը զավթած թշնամու ոտքերի տակ:

-Եթե Դուք սա գիտեք, գիտի նաև թշնամին, որը իր մաշկի վրա է զգացել այդ ուժը:

Եվ մենք մեր վերջին զարկը դեռ չենք տվել…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/07/2021