Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՄՆ-ԵՎՐՈՊԱ

08.07.2021, «Կրասնայա վեսնա» ռուսաստանյան լրատվական գործակալություն։ Բուլղարիայի ԶՈՒ բրիգադային գեներալ ՎԱԼԵՆՏԻՆ ՑԱՆԿՈՎ.

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները Սև ծովում քաղաքական և ռազմական-ռազմավարական առումով շատ են հիշեցնում 1939-1941 թթ., երբ Գերմանիան և ԽՍՀՄ-ն ունեին ընդհանուր սահման, այսինքն՝ անմիջական շփման մեջ էին։ Դա պատերազմ սանձազերծելու ամենապարզ ձևն է։ Այս տարի ՆԱՏՕ-ի զորավարժություններում մշակվում են փոխգործողություններ իրական պատերազմի պայմաններում։ Անցել են ժամանակները, երբ մշակվում էին գործողություններ հիմնականում խաղաղապահական, մարդասիրական և փրկարարական օպերացիաներում։

 

06.07.2021, «Defense News» ամերիկյան հանդես.

ԱՄՆ ՌՕՈՒ-ը նախնական 2 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել «Raytheon» ընկերության հետ, ըստ որի՝ վերջինս մինչև 2027 թ. արտադրելու և փորձարկելու է միջուկային մարտագլխիկներ կրելու համար նախատեսված «LRSO» (Long Range Standoff) օդային բազավորմամբ 1000 միավոր նոր թևավոր հրթիռներ, որոնց հեռահարությունը 2500 կմ է (ընդհանուր ծախսերը գնահատվում են 10 մլրդ դոլար)։ Ծրագրվում է մինչև 2030 թ. հրթիռներով զինել «B-52H Stratofortress» և ներկայումս արտադրության մեջ եղող «B-21» նոր ծանր ռազմավարական ռմբակոծիչները։

 

ՉԻՆԱՍՏԱՆ

04.07.2021, «Կրասնայա վեսնա» ռուսաստանյան լրատվական գործակալություն։ Հուլիսի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ Չինաստանի նախագահ ՍԻ ԾԻՆՊԻՆԻ ելույթից.

Չին ժողովրդի համար շարունակում է ցավոտ մնալ 1840 թ. օփիումային պատերազմներում կրած ծանր պարտության պատմական փորձը, որը Չինաստանի ներքաղաքական բոլոր ուժերի համաձայնությունն ապահովող շաղախի տարրերից է։ Օփիումային պատերազմից հետո Չինաստանն աստիճանաբար վերածվեց կիսագաղութային և կիսաֆեոդալական պետության։ Չինաստանը հայտնվեց ստորացուցիչ վիճակում, իսկ նրա ժողովուրդը կրեց ծանր վշտեր։ Չինական քաղաքակրթությունը զրկվեց զարգացման հնարավորությունից, չին ժողովուրդը տեսավ նախկինում չտեսնված աղետներ։ Այդ ժամանակից ի վեր չին ժողովրդի մեծ վերածնունդը դարձավ նրա ամենամեծ երազանքը։ Ընդ որում, 19-րդ դարից հետո այդ վերածնունդն այդպես էլ չի եղել. թեպետ Չինաստանն արդեն աշխարհում երկրորդն է իր տնտեսությամբ, սակայն վերածննդի խնդիրները դեռ ամբողջովին լուծված չեն։ Չինաստանի կոմկուսն ակնկալում է երկիրը վերածննդի հասցնել 2049 թ.։

 

ԹՈՒՐՔԻԱ

02.07.2021, «Զերկալո» ադրբեջանական օրաթերթ։ Լրագրող ՅՈՒՐԻ ՌԱՅԽԵԼ.

Թեպետ վերջերս ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում նրա թուրք գործընկեր Մ. Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում կողմերը լավատեսություն էին «ճառագում», իրականում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում կուտակվել են մի շարք սուր խնդիրներ։ Նշենք մի քանիսը.

  1. Թուրքիայի և Ադրբեջանի ստորագրած «Շուշիի հռչակագիրը»։ Լավրովը հասկացնել տվեց, որ թեպետ Մոսկվային դուր չի գալիս հռչակագրի ստորագրումը և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը, նա ստիպված է մի կողմ քաշվել շատ պարզ պատճառով. Կրեմլը ոչինչ չի կարող անել։
  2. Սև ծովից դեպի Մարմարե ծով ձգվող՝ Բոսֆորի նեղուցին զուգահեռ «Ստամբուլ» ջրանցքի կառուցումը, որի սկիզբն ազդարարեց նախագահ Էրդողանը հունիսի 26-ին։ Մոսկվան շատ է լարվել ապրիլին Էրդողանի այն հայտարարությունից, թե «Ստամբուլ» ջրանցքի վրա չի տարածվելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցների մասին 1936 թ. Մոնտրյոյի կոնվենցիան (շվեյցարական քաղաքի անունից)։ Այդ կոնվենցիայի համաձայն՝ Սև ծովի ափին չգտնվող երկրները չեն կարող Միջերկրական ծովից նեղուցներով Սև ծով անցկացնել 30 հազար տոննա ջրատարողությունից ավելի մեծ ռազմանավեր (մասնավորապես՝ ավիակիրներ), իսկ ավելի փոքր ռազմանավերը Սև ծովում կարող են գտնվել 21 օրից ոչ ավելի։ Մոսկվային մտահոգում է «Ստամբուլ» ջրանցքով իր հակառակորդների ռազմանավերի՝ Սև ծովում հայտնվելու հեռանկարը։ Ձևականորեն «Ստամբուլ» ջրանցքի կառուցումը դեռ չի նշանակում կոնվենցիայից դուրս գալ, որովհետև Միջերկրական ծովից եկող նավերը ջրանցքով անցնելուց առաջ պետք է անցնեն Դարդանելի նեղուցով, որի վրա նույնպես տարածվում է Մոնտրյոյի կոնվենցիան։ Սակայն այն բանից հետո, երբ կառուցվի 45 կմ-անոց «Ստամբուլ» ջրանցքը, դժվար չի լինի Գալիպոլի թերակղզու թուրքական մասով կառուցել Դարդանելի նեղուցին զուգահեռ մի ջրանցք ևս, մանավանդ, որ դրա երկարությունը կկազմի ընդամենը 5 կմ։ Այսօր այդ հարցը չի քննարկվում, համենայն դեպս՝ բացահայտ, սակայն բոլոր կողմերը՝ ինչպես սևծովյան երկրները, այնպես էլ մյուսները, հնարավոր են համարում այդ տարբերակը։ Ճիշտ է, Լավրովի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարեց, որ Մոնտրյոյի կոնվենցիան կիրառվելու է առանց փոփոխությունների, բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի Թուրքիայի դիրքորոշումը 6 տարի հետո, երբ ավարտվի ջրանցքի կառուցումը։
  3. Ղրիմի պատկանելիության հարցը և Ուկրաինայի ու Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը։ Լավրովը մարտ ամսին Եգիպտոս կատարած այցի ժամանակ Կահիրեում զգուշացրել էր Թուրքիային Ուկրաինայի իշխանությունների ռազմատենչ տրամադրությունները սնուցելու համար։ Սակայն դատելով այն բանից, որ Անթալիայում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ոչ մի խոսք չասվեց և հարց էլ չհնչեց, Լավրովն այդ հարցում ոչ մի արդյունքի չի հասել։ Ավելին՝ Լավրովի այցի նախօրեին հաղորդվեց, որ թուրքական և ուկրաինական կողմերը պայմանավորվել են, որ թուրքական նոր գերծանր «Ակինչի» ԱԹՍ-ների համար շարժիչներ արտադրի Ուկրաինան։ Մոսկվային նյարդայնացնում է հատկապես այն, որ Դոնբասում ուկրաինացի զինվորականները կիրառում են «Բայրաքթար ՏԲ2» թուրքական ԱԹՍ-ներ, որոնք այնքան լավ իրենց դրսևորեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Այժմ Մոսկվան հրաժարվել է Անկարայի հետ սպառնալից տոնով խոսելուց, սակայն դա կարող է լինել սոսկ տարաշարժ, քանի որ Կրեմլի համար շատ կարևոր է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի հարցում։

Տվյալ փուլում Մոսկվան և Անկարան կենտրոնացել են այն հարցերի վրա, որոնց շուրջ կարող են համաձայնության հասնել։ Հարաբերություններում սուր անկյունները առայժմ որոշել են շրջանցել։ Արդյոք դա երկար կտևի՞։

 

05.07.2021, «In.gr» հունական լրատվական հարթակ, «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալություն։ Դիվանագետ, պրոֆեսոր Պ. ԻՈԱԿԻՄԻԴԻՍ.

Թեպետ Ռուսաստանն արդարացիորեն հույս էր փայփայում, որ կարող է Թուրքիային «հեռացնել» Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից և նրան դարձնել իր դե ֆակտո դաշնակիցը, այժմ նա հասկանում է, որ չկա ոչ մի խոշոր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային հարց, որի վերաբերյալ իրենք տարբեր ճամբարներում չլինեն։ Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղ, Ուկրաինա՝ բոլոր այս տարածաշրջանային և այլ հակամարտություններում Թուրքիան և Ռուսաստանը հակադիր կողմերում են (և ավելանում են նորերը՝ Ստամբուլի ջրանցք և այլն)։ Մոտ 2 տարի առաջ Պուտինն ու Էրդողանը ենթադրում էին, որ Դոնալդ Տրամպի համբերության և նույնիսկ լռելյայն համաձայնության պայմաններում կարող են հաստատել նոր աշխարհաքաղաքական իրավիճակ գոնե ծայրամասերում (յուրաքանչյուրն իր ազդեցության ոլորտներով)։ Այդ իրավիճակում Թուրքիան կխաղար քվազիկամրջի արտոնյալ դեր՝ միևնույն ժամանակ լինելով ՆԱՏՕ-ի անդամ։ Դա համապատասխանում էր Էրդողանի տրամաբանությանը։ Բայց պլանը փաստորեն խափանվեց Ջո Բայդենի իշխանության գալով. միջազգային ասպարեզ Ամերիկայի «վերադարձով», «Արևմուտքի վերստեղծումով», ինչը Ռուսաստանի ընկալմամբ ուղղված է այն բանին, որ լռեցվի ցանկացած անկախ ձայն (օրինակ՝ թուրքականը), որը չի ենթարկվում հաստատված կարգին։ Բնականաբար՝ նոր իրականությունը Էրդողանին կանգնեցրեց երկընտրանքի առաջ. նա կա՛մ Արևմուտքի հետ է և դադարեցնում է իր աշխարհաքաղաքական մաքիավելական խաղերը, կա՛մ էլ Արևմուտքն իր օգտին այնպես կփոխի արևելյան հարցի կոորդինատները, որ Թուրքիան ցավոտ կերպով կպատժվի։ Ըստ երևույթին, Էրդողանը կատարել է իր ընտրությունը. նա Արևմուտքի հետ է։ Մասնավորապես՝ Եվրամիության հետ, թեկուզև ինքնավարության որոշակի պաշարով՝ տարածաշրջանում իր դերի և Ռուսաստանի հետ ֆունկցիոնալ հարաբերությունների պահպանման համար։ Այսպիսով՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Արևմուտքի համար Ռուսաստանը հիմնականում կլինի մրցակից առանցքային և գործընկեր երկրորդական  հարցերում։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

01.07.2021, «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիե» ռուսաստանյան շաբաթաթերթ։ Գրող, պատմաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՈԿՈԳՐԱԴ.

Ենթադրենք, ռազմական և քաղաքացիական բեռնափոխադրումների համար Բաքվին անհրաժեշտ է Շուշի տանող մայրուղի։ Բայց ի՞նչ կարիք կա Շուշիում կառուցելու «միջազգային օդանավակայան»։ Դա դեռ քիչ է, Ղարաբաղի գրավված մասում ևս 2 «միջազգային օդանավակայան» է կառուցվում։ Ֆիզուլիում աշխատում են գիշեր-ցերեկ։ Բետոնե թռիչքուղու երկարությունը 3 կմ-ից ավելի է։ Կառամատույցը նախատեսված է միաժամանակ 8 օդանավի բեռնաթափման համար։ Ծրագրում են թռիչքները սկսել սեպտեմբերին։ Ինչո՞վ Նյու Վասյուկի չէ։ Ֆիզուլին միշտ եղել է փոքր քաղաք, 1991 թ. այնտեղ բնակվում էր 17.5 հազար մարդ։ Իսկ հիմա Ֆիզուլիում են միայն շինարարներն ու զինվորականները։ Այնտեղից մինչև Գյանջայի օդանավակայան ավտոբուսի ընդամենը 3 ժամվա ճանապարհ է։ Բայց Էրդողանն ու Ալիևը ավելի լուրջ ծրագրեր ունեն, քան Օստապ Բենդերը։ Ռուս խաղաղապահների քթի տակ կառուցվում է մեծ ռազմաօդային բազա, որը կարող է ընդունել և՛ «Բոինգ-747», և՛ «B-52»։

 

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #27 (1398) 14.07.2021 - 20.07.2021, Ռազմաքաղաքական


15/07/2021