Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է



Փոխգնդապետ Ռ.Բեգլարյանի հրամանատարությամբ հանրապետության հարավային դարպասի պահպանությունը հուսալիորեն իրականացնող զորամասն այս տարվա ամառային եւ ձմեռային ուսումնական փուլում երկու անակնկալ ստուգումների է ենթարկվել. նախ՝ գլխավոր ռազմական տեսչության, ապա գլխավոր շտաբի հանձնաժողովի կողմից՝ երկու դեպքում էլ արժանանալով «բավարար» գնահատականի։ Ընդ որում, այն վաշտը, որի հրամանատարը ավագ լեյտենանտ Ջ.Մկրտչյանն է, գլխավոր ռազմական տեսչության կողմից գնահատվել է «լավ»։ Այս երկու ստուգումների արդյունքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները զորամասի հրամանատարությունը սահմանված ժամկետում շտկել է, իսկ զորամիավորման վարչակազմը` ձեռնամուխ է եղել այդ ստուգումների արդյունքում ի հայտ եկած թերությունների եւ բացթողումների վերացման աշխատանքների հսկմանը։

Անցնող տարին մարտական կարեւորագույն առաջադրանք կատարող այս զորամասը ամփոփել է շոշափելի ձեռքբերումներով ինչպես մարտական ու մասնագիտական պատրաստության, այնպես էլ զորանոցաշինության, ծառայության պայմանների բարելավման ոլորտներում։ Անշուշտ այս ձեռքբերումները վերջին երկու տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են, երբ զորամասի հրամանատարի պաշտոնին նշանակվեց փոխգնդապետ Ռ. Բեգլարյանը։

Զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Վ. Քոչարյանը անակնկալ ստուգայց կատարեց մարտական հենակետերից մեկը եւ տարբեր ներմուծականներով ստուգեց դիրքապահ զինվորների գիտելիքները։

-Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր է։ Ներմուծականները ստանալիս նրանք գործում են հստակ, անկաշկանդ եւ, ամենակարեւորը, գիտեն իրենց խնդիրները։ Յուրաքանչյուրը, մարտական հաշվարկի համաձայն, զբաղեցնում է իր տեղը,- մեզ հետ զրույցում ասաց գնդապետ Վ. Քոչարյանը, որը շարքային Ա. Քարամյանին դիտորդի պարտականությունների գերազանց իմացության, մարտական խնդիրը հստակ զեկուցելու համար խրախուսեց տասնօրյա արձակուրդով։

Սահմանի հուսալի պահպանությունը զորամասին առաջադրված հիմնական խնդիրն է, ինչը կատարվում է բարձր պատասխանատվությամբ։ Մարտական հերթապահությունն իրականացվում է ինչպես ժամկետային զինծառայողների, այնպես էլ պայմանագրայինների ուժերով։ Զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում ծովի մակերեւույթից 2000-2800 մ բարձրության վրա՝ լեռնային եւ բարձրլեռնային անչափ բարդ ու դժվարին պայմաններում։

Զորամասն իր առջեւ նպատակ է դրել դառնալու լավագույնը զինված ուժերում։

-Անչափ դժվար, սակայն իրագործելի խնդիր ենք մեր առջեւ դրել եւ միահամուռ ուժերով, նախանձախնդրորեն հասնելու ենք մեր նպատակին,- վստահեցրեց զորամասի հրամանատարը։

Զորամասում մեծ ուշադրություն է դարձվում ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրներին։ Ամենօրյա քրտնաջան պարապմունքներով ստուգվում են ստորաբաժանումների գործնական հնարավորությունները։ Մեծ ծավալի ինժեներական եւ ամրաշինական աշխատանքներ են կատարվել առաջնագծում։ Կառուցվել է մեկ մարտական հենակետ, որի մասին կպատմենք ստորև։

ՀԵՐԹԱՓՈԽ

Վաղ առավոտյան զորամասի հերթափոխի մեկնող ստորաբաժանումները շարվեցին տողանի, գնդի հրամանատարի հրամանով սկսվեց մարտական հերթապահության ստանձնման արարողակարգը։ Թմբուկի զարկերի ներքո ստորաբաժանումների հրամանատարները, հենակետերի ավագները դուրս եկան իրենց ստորաբաժանումների շարքերի կենտրոն, շարվեցին սահմանված կարգով։ Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Ադամյանն ընթերցեց ուխտագիրը, որին հաջորդեց զորամասի հոգեւոր սպասավորի աղոթքը։ Այնուհետեւ կատարվեցին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախատեսված մյուս բոլոր միջոցառումները։ Պաշտպանական շրջանի պատասխանատուներին հերթափոխից առաջ անձամբ հրահանգավորեց զորամասի հրամանատարը։ Ի դեպ, այդ օրը կատարվեց զորացրում. ծառայությունն ավարտած 20 հայորդիներ զորացրվելուց առաջ խրախուսվեցին զորամասի հրամանատարի կողմից եւ համապատասխան հրահանգավորում ստանալուց հետո մեկնեցին տուն։

«ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ» ՀԵՆԱԿԵՏԸ

Տեղացած առատ ձյան պատճառով հենակետ տանող անտառամիջյան ճանապարհը դարձել էր դժվար հաղթահարելի, որը զինվորական մարդատար «Ուրալը» անցավ մեկ ժամից ավելի։ Պայմանագրային զինծառայող վարորդ Սամվել Հովհաննիսյանը զորամասի հմուտ ու փորձառու վարորդներից մեկն է, նրա համար չկան դժվարություններ, ցանկացած ճանապարհային արգելք Սամվելի վարած մեքենան հաղթահարում է անվտանգ։ Երբ հենակետ հասանք, անմիջապես մոտեցա եւ շնորհակալություն հայտնեցի նրան մեքենան հմուտ ղեկավարելու եւ անձնակազմին բարեհաջող տեղ հասցնելու համար։

-Սակրավորի նման վարորդն էլ սխալվելու իրավունք չունի։ Քսան տարին քիչ ժամանակ չէ փորձառություն ձեռք բերելու համար։ Մեքենա վարելն էլ ու անձնակազմին բարեհաջող տեղ հասցնելն էլ մտնում է իմ սուրբ պարտականությունների մեջ,- ասաց Սամվելը՝ շտապելով օգնել հերթափոխի եկած ծառայակիցներին բեռնաթափել մեքենան։

Այս մարտական հենակետը դեռ մեկ տարեկան էլ չկա։

-Սկզբում զինվորներն ապրել են վրանի տակ, ապա` տեղադրված վագոն-տնակներում։ Իսկ գարնանը հիմնովին կառուցվել ու վերանորոգվել է գետնատնակը։ Բանն այն է, որ տարիներ շարունակ մոտակա գյուղերում անասնագողության դեպքեր են կատարվել։ Տարի չկար, որ այս բնակավայրերից տասնյակ անասուններ չհայտնվեին սահմանի այն կողմում։ Այս հենակետը կառուցելուց հետո անասնագողությունն իսպառ վերացել է։ Սահմանի անվտանգության տեսանկյունից սա մի մեծ, անգնահատելի ձեռքբերում է, եւ մարտական հենակետը այս պահի դրությամբ իշխող դիրք ունի հակառակորդի հենակետերի նկատմամբ,- ասաց հրամանատարը, որի աչալուրջ հսկողության ներքո իրականացվեց հերթափոխը։

Ի դեպ, հերթափոխի մեկնող բոլոր ստորաբաժանումներն ուղեկցում էին գնդի հրամանատարն ու նրա տեղակալները։ Աշտարակցի Միհրան եւ Սամվել Խաչատրյանները հարազատ եղբայրներ են, երկուսն էլ վաշտի հրամանատար։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ եղբայրները ծառայության մեջ հասցրել են աչքի ընկնել բարձր կարգապահությամբ եւ հրամանատարին բնորոշ կազմակերպչական ջիղով։

-Իմ եւ եղբորս վաշտերը փոխնիփոխ հերթապահում են։ Այս պահին Սամվելն արձակուրդում է,- ասաց Միհրանը։

Ինստիտուտն ավարտելուց հետո նրանք ծառայության են նշանակվել մեկ այլ զորամասում, իսկ վերջերս էլ ծառայության են նշանակվել փոխգնդապետ Ռ. Բեգլարյանի հրամանատարությամբ գործող զորամաս։

-Անկեղծ ասած, մեր հոր հորդորով ենք ընտրել զինվորականի մասնագիտությունը։ Հայրս մի օր կանչեց մեզ եւ ասաց. «Շատ կուզեի, որ երկուսդ էլ ընտրեք զինվորականի մասնագիտությունը, դառնաք հայրենիքի պաշտպաններ»։ Անսալով մեր հայրիկի խորհրդին՝ ընտրեցինք այս ճանապարհը եւ պատվով ենք անցնում այն։

Պաշտպանության այս հատվածի պատասխանատուն մայոր Եղիշե Ջանվելյանն է։ Նա ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը։ Մայոր Ջանվելյանի ուղեկցությամբ եղանք առաջնագծում, զրուցեցինք մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Դիտորդներ` սերժանտ Ռաֆիկ Սարգսյանը եւ շարքային Սուրեն Ադամյանը մեր այցի պահին դիտարկում էին կատարում եւ արդյունքները զեկուցեցին գումարտակի հրամանատարին։

Մառախուղ էր, տեսանելիությունը՝ վատ, ուստի գումարտակի հրամանատարը նրանց հորդորեց զգոնությունը չկորցնել։ Ռաֆիկն ու Սուրենը ծնունդով Կապանից են, երկրորդ տարին է, ինչ անցել են պայմանագրային ծառայության։ Ռաֆիկը ջոկի գնդացրորդն է։

-Ազգային բանակում ծառայությունս ավարտեցի հրետանավորի մասնագիտությամբ։ Զորացրվելուց հետո դիմեցի Կապանի զինկոմիսարիատ` պայմանագրային ծառայության անցնելու խնդրանքով։ Խնդրանքս բավարարվեց, եւ այժմ ծառայում եմ որպես ջոկի հրամանատար։ Ծառայությունս կատարում եմ պատվով, եթե մեր՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը մի քիչ էլ բարձրացնեին, շատ լավ կլիներ:

Սերժանտ Գագիկ Գրիգորյանը, շարքայիններ Գարիկ Գաբրիելյանն ու Մովսես Մովսիսյանը նույնպես ընդգրկված են մարտական հերթապահություն իրականացնող ջոկի կազմում։

-Այս հերթափոխը ինձ համար վեցերորդն է,- ասաց Գարիկը։

-Հաջորդ հերթափոխը համընկնում է Ամանորյա տոներին։ Այնպես որ, Նոր տարին մենք անցկացնելու ենք մարտական հենակետում։ Կխնդրեի, որ Ամանորի սեղանի շուրջ բաժակ բարձրացնելիս չմոռանաք բոլոր նրանց, ովքեր տարեմուտը անցկացնելու են մարտական հենակետում,- ասաց շարքային Մովսես Մովսիսյանը։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Զորամասի հրամանատար փոխգնդապետ Ռ. Բեգլարյանը մարտական ուղի անցած սպա է, եւ մինչեւ ազգային բանակի շարքերն անցնելը իր ծննդավայրի ինքնապաշտպանական ջոկատի կազմում, որի հրամանատարը եղել է լեգենդար Սանոն, մասնակցել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտերի, վիրավորվել է։ Բազմաթիվ գերատեսչական մեդալների հետ մեկտեղ նրա կուրծքը զարդարում է նաեւ հանրապետության նախագահից ստացած պարգեւը՝ «Մարտական ծառայության» մեդալը։ Հերթափոխից հետո մի քանի հարց ուղղեցի զորամասի հրամանատարին։

-Մի՞շտ եք անձամբ մասնակցում հերթափոխին։

-Միշտ։ Ես եւ իմ տեղակալները, ինչպես նկատեցիք, տարբեր ուղղություններով մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանումներին ուղեկցում ենք, անձամբ հսկում հերթափոխի ընթացքը, նոր միայն վերադառնում զորամաս։

-Ինչպիսի՞ն է կարգապահության վիճակը զորամասում։

-Կարգապահական խախտումները այս՝ ձմեռային փուլում, նախորդի համեմատ, զգալիորեն նվազել են։ Կարգապահության ոլորտում զորամասը զգալի ձեռքբերումներ ունի։ Զորամասում գործում է սպայական պատվի դատարան։ Հիմնական ձեռքբերումներից կուզեի նշել նաեւ մարտական պատրաստականության բարձրացումը, ինչը հնարավորություն է տալիս մեզ մարտական առաջադրանքը կատարել լիարժեք, իսկ ծառայությունն էլ դարձնել անվտանգ։

ՎԵՐՋԱԲԱՆ

Փոխգնդապետ Ռ. Բեգլարյանի հրամանատարությամբ գործող զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում մեր հայրենիքի հարավային սահմանի բացառիկ բարդ ու դժվարին հատվածում։ Լինելով հենակետերում՝ զրուցեցինք զինվորների հետ, եւ պետք է նշել, որ հիացած ենք նրանց քաջությամբ ու տոկունությամբ։ Նրանց այդպիսին է դարձրել սահմանային դժվարին ծառայությունը։ Տարվա այս եղանակին կատարվող հերթափոխին (որը շատ հատվածներում իրականացվում է հետիոտն) ականատես եղած ոչ մի մարդ չի կարող հիացմունքից չգրկել ու չհամբուրել նրանց։ Հենց այս տղաների` հայոց մարտական ոգու կրողների հետ հանդիպելու ցանկությունն է, որ ինձ միշտ տանում է սահման։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/12/2011