Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԱՁԵՎԸ»` ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ



Բոլորովին վերջերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էր ամերիկյան հանրահայտ CNN ընկերության նկարահանող խումբը, որը, չգիտես ինչու, որոշել էր Ադրբեջանի մասին ռեպորտաժների շարք նկարահանել` «միջազգային հանրության համար Ադրբեջանի նվաճումները բացահայտելու և բարձրաձայնելու նպատակով»:

Բնական է, որ առավելագույնը մեկ շաբաթ ժամկետով Ադրբեջանում գտնվող օտարերկրացիներին (խոսքը չի վերաբերում հայերի կամ հայկական արմատներ ունեցող անձանց, քանզի վերջիններիս մուտքը Ադրբեջան խստիվ արգելված է), էլ չասած հեղինակավոր հեռուստատեսությունների նկարահանող խմբերին Ադրբեջանի տոտալիտար իշխանությունները Բաքուն ներկայացնում են որպես «ժամանակակից, զարգացող և հյուրընկալ պետության մայրաքաղաք»: Բացի դրանից, Բաքու եկած հյուրին անմիջապես ցուցադրում են «ադրբեջանական կարպետները» և, իհարկե, պատմում են «հայկական ագրեսիայի և բռնագրաված Ղարաբաղը օրը մի քանի անգամ երազում տեսնելու մասին հեքիաթները»:

Ոչ ոք չէր էլ կասկածում, որ ադրբեջանական քարոզչական մեքենան չի կորցնի աշխարհի ամենամեծ հեռուստաընկերություններից մեկի միջոցով գոնե անուղղակի Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալու իր հնարավորությունը: Ուստի զարմանալի չէր, որ ռեպորտաժներից մեկը նվիրվեց ղարաբաղյան նժույգներին, որում խոսվում էր հայերի` Լեռնային Ղարաբաղն «օկուպացնելու» պատճառով նժույգների գլխաքանակի կրճատման մասին:

Ադրբեջանցիները, սակայն, ադրբեջանցի չէին լինի, եթե այս անգամ ևս գողոն հանդիսացող իրենց «ազգային հարստությանը» չավելացնեին նոր, ևս մեկ «ազգային արժեք»: Մտածեցին, մտածեցին և հիշեցին, թե ինչ է պակասում միջազգային հանրության առջև որպես լիարժեք ժողովուրդ ներկայանալու համար. հազարամյա պատմություն ունեցող մեծն ադրբեջանական ժողովուրդը չունի որևէ ազգային մարզաձեւ: Ուստի ռեպորտաժներից մեկի թեման ադրբեջանական «ազգային» սպորտն էր` շախմատը: Խոսվում էր ադրբեջանական երիտասարդության` շախմատով ապրելու մասին, հիշեցին նաեւ Բաքվի շախմատային դպրոցի ամենահանրահայտ սանին` Գարի Կասպարովին:

Բաքվում լավ հասկանում են, որ այսօր անհնար է որևէ կերպ, նույնիսկ իրենց հատուկ մեթոդներով ապացուցել շախմատի` թյուրքական ծագում ունենալու փաստը: Սակայն զարմանալի չի լինի, եթե շուտով ադրբեջանցի «գիտնականները» սկսեն շախմատի ակունքներում թյուրքական արմատներ փնտրել և հավանաբար «կգտնեն»: Նկատի ունենալով կարպետների օրինակը` կարելի է սպասել, որ Բաքվում կկառուցվի «Շախմատի թանգարան», որտեղ տեղ կգնեն «Շախմատային Ադրբեջանի շախմատային արժեքները»:

Կասկածից վեր է, որ հնարավորության դեպքում ադրբեջանցիները կթրքացնեն նաև հայկական ծագում ունեցող շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ծնունդով բաքվեցի Գարի Կասպարովին, որը, ի դեպ, իր ընտանիքի հետ 1990 թվականին հայկական ջարդերից մազապուրծ կարողացել է դուրս պրծնել Բաքվից միայն հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ:

Բաքվին հավանաբար հանգիստ չի տալիս այն փաստը, որ Հայաստանը Շախմատի աշխարհի գործող չեմպիոն է, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող և վերջին տարիների աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը: Կարելի է վստահաբար ասել, որ ամեն ինչում Հայաստանին կապկելու մոլուցքը տվյալ դեպքում իր արտահայտությունն է գտել նաեւ շախմատը ադրբեջանական «ազգային սպորտաձև» հռչակելու մեջ:

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ռազմաքաղաքական


07/12/2011