Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՉՍՊԱՍԵՑՐԵՑ



Հակատանկային «Ֆագոտ» մարտկոցի հրամանատարը կապիտան Հակոբ Գրիգորյանն է։ Ապարանցի 29-ամյա խոստումնալից սպան Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանից հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ արդեն ութ տարի բարեխղճորեն ծառայում է առաջնագծի այս զորամասում։

-Ես մարտկոցի հրամանատար եմ նշանակվել այս տարվա ձմեռային-գարնանային ուսումնական փուլի վերջում։ Մարտկոցը փուլն ավարտել է «բավարար» գնահատականով, ինչն այնքան էլ չէր գոհացնում զորամասի հրամանատարությանը, մանավանդ որ մարտկոցի տրամադրության տակ կա մասնագիտացված լսարան, վարժասարք, որն անընդհատ կատարելագործվելու հնարավորություն է տալիս։ Ամառային-աշնանային ուսումնական փուլի առաջին ստուգարքներից պարզ դարձավ, որ առաջընթացն զգալի է։ Այն զինվորները, որոնք մի կերպ «բավարար» գնահատականներ էին ստանում, արդեն սկսեցին «լավ» ու «գերազանց» արդյունքներ ցույց տալ։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվեց ճամբարային հավաք, այնուհետեւ մասնակցեցինք զորամասի կազմով անցկացված մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում հաջողությամբ կատարեցինք մեզ տրված առաջադրանքները։ Այժմ մարտկոցը նախապատրաստվում է տարեվերջյան ամփոփիչ քննություններին։ Պարապմունքների ընթացքում բարձր արդյունքներ ենք արձանագրում կրակային պատրաստությունից, մարտավարամասնագիտականից, ՀՊՊ-ից։ Շարային եւ ֆիզպատրաստությունից դեռեւս անելիքներ կան,- ասաց կապիտան Հ. Գրիգորյանը։

Ներկայացնելով իր հրամանատարությամբ գործող զինվորականներին` նա ավելացրեց.

-Ես շատ եմ կարեւորում բարոյահոգեբանական, կարգապահության խնդիրները։ Մարտկոցը մի ընտանիքի պես է, եթե այդ ընտանիքի անդամները միմյանց հետ համերաշխ չլինեն, իրար չսիրեն, առաջընթաց չի լինի։ Ծառայության կազմակերպման գործում իրենց պարտականությունները հաջողությամբ են կատարում դասակի հրամանատար լեյտենանտ Կարեն Ավետիսյանը, դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր սերժանտ Ռազմիկ Մանուկյանը, ի դեպ, շատ գոհ եմ վերջինիս հրամանատարությամբ գործող ջոկից, որը շատ լավ գործեց զորավարժության ժամանակ, իսկ շարքային Սուրեն Ղուկասյանի գործողությունները արժանի էին «գերազանց» գնահատականի։ Նույնպիսի բարձր արդյունք ցույց տվեց նաեւ ռադիոհեռախոսավար շարքային Ընձակ Մանուկյանը եւ պարգեւատրվեց «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։ Հրաշալի զինվորներ են շարքայիններ Արմեն Ալեքսանյանը եւ Հովհաննես Մկոյանը։ Վերջինս մեր երկրի անկախության քսանամյա տարելիցին նվիրված զորահանդեսի մասնակից է։ Զորահանդեսին մասնակցել է նաեւ ուսումնականից մեզ մոտ տեղափոխված կրտսեր սերժանտ Մանուկ Սարիբեկյանը։ Լավ տղաներ են, գիտակից, հասկացող։ Եթե մենք նրանց հետ ճիշտ աշխատենք, ոչ մի խնդիր չենք ունենա, մարտկոցը միշտ կլինի մարտունակ եւ հաջողությամբ կկատարի հնարավոր ամենաբարդ առաջադրանքները։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

«Հակատանկային կառավարվող հրթիռային համալիրի հրաձգությունը՝ վարժասարքով, շարժվող եւ անշարժ նշանակետերի վրա», ահա այս թեմայով էին պարապում զինվորները մասնագիտական պատրաստության ժամին։

Կրտսեր սերժանտ Վահան Սերգոյանը վարժասարքի օպերատորն է։ Նա սովորում է Հայկական պետական ճարտարագիտական համալսարանում։ Նրան խնդրում ենք պարզաբանել` կա՞ արդյոք էական տարբերություն վարժասարքից եւ մարտական զենքից կատարած հրաձգությունների միջեւ։

-Իրականում, պարապելու համար վարժասարքը լիովին փոխարինում է մարտական զենքին՝ ֆագոտին։ Եթե զինվորը վարժասարքով կրակելիս միշտ խոցում է թիրախները, անհնար է, որ զենքից կրակելիս էական վրիպում թույլ տա,- պարզաբանեց կրտսեր սերժանտը։

Ավագ օպերատոր կրտսեր սերժանտ Մհեր Շաբոյանը ներկայացրեց հրթիռի տեխնիկական բնութագիրը, շարքայիններ Արտուշ Սայադյանն ու Հովհաննես Մկոյանն էլ ցույց տվեցին, թե ինչպես են զենքը տեղափոխում, հրթիռը տեղադրում եւ հրաձգություն կատարում։ Մեզ համար վարժասարքով իրենց հմտությունները ցուցադրեցին շարքայիններ Վաղարշակ Շահգելդյանը, Հակոբ Խաչատրյանը, Տիրայր Վահանյանը եւ կրտսեր սերժանտ Արսեն Մովսիսյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ազգային բանակ


07/12/2011