Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՔԱՂՑՐ Է»



Զորակոչի օրերին պատահաբար հանդիպեցի Արա Սմբատյանին, որը վերադարձել էր արտասահմանից եւ ներկայացել զինկոմիսարիատ՝ ծառայության մեկնելու։ 23-ամյա երիտասարդն ապրել է կյանքի իր ոդիսականը։ 15 տարեկան է եղել, երբ ծնողների հետ մեկնել են Հայաստանից։ Ռիտա մայրն այնտեղ մահացել է, քույրը՝ Մարինեն, ամուսնացել, հայրը՝ Յուրան, տեղափոխվել է մեկ այլ երկիր։ Բախտի ու ժամանակի քմահաճույքին մնացած տղան օրվա ապրուստի համար նավերում բեռնակրություն է արել, պլանտացիաներում հավաքել բերքը։
«Հաճախ էի մտովի տեղափոխվում Հայաստան, հիշում էի մեր տունը, ընտանիքը, ճիշտ է, այն ժամանակ էլ կային դժվարություններ, բայց ուրիշ էր ընտանեկան հարկը, մայրական ջերմությունը, առավել եւս՝ հայ ընտանիքի։ Դրսում այդպես չէ՝ փող ու միայն փող։ Եղբայրը մոռանում է եղբորը, քրոջը։ Ընկած կյանքի հորձանուտը՝ անկանգ ու անսանձ գնում են։ Տեղի հայերը մեծ ոգեւորությամբ էին պատմում մեր ազատագրական պայքարից, մեր բանակից։ Մայրս երբ մահամերձ էր, ինձ պատվիրեց, որ անպայման վերադառնամ հայրենիք։ Ու երբ մայրիկիս մահից հետո հայտնեցի Հայաստան գալու որոշումս, շատերն ուրախացան, ոմանք տարակուսեցին։ Սակայն իմ որոշումը վերջնական էր՝ միեւնույնն է, բոլոր դրսում գտնվողների ուշքն ու միտքն այստեղ է։ Ի վերջո նրանք մի օր վերադառնալու են։ Մեծերից մեկն ասում է. «Ով իր հայրենիքի հետ չէ նրա դժվարին պահին, ուրախության պահին իրեն ավելորդ, խորթ է զգալու»։ Իմ առաջին, ամենակարեւոր նպատակն է՝ կատարել պարտքս հայրենիքի հանդեպ։ Ծառայությունից հետո կամուսնանամ։ Կամուսնանամ հայ աղջկա հետ ու կփորձեմ իմ մանկության տարիների ջերմությունն ու խաղաղությունը վերապրել իմ հայրենիքում։ Թերեւս կիրագործվի նաեւ իմ նվիրական երազանքը՝ մայրիկիս աճյունը տեղափոխել Հայաստան, որովհետեւ իմ հիշողությունից երբեք չի ջնջվի վերջին պահին ասված նրա խոսքը. «Որդի՛ս, խոստացիր, որ կվերադառնաս հայրենիք։ Կուշտ թե քաղցած, դու այնտեղ կապրես, չես կորչի՝ հայրենիքը քաղցր է»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #49 (864) 15.12.2010 – 22.12.2010, Հոգևոր-մշակութային


24/12/2010