Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԸ ՈՒՂԵՆԻՇ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ



ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԸ ՈՒՂԵՆԻՇ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐՎերջերս կայացավ ՀՀ քունգ-ֆուի 8-րդ բաց առաջնությունը, որին մասնակցեցին Արցախից ու ՀՀ տարբեր քաղաքներից ու գյուղերից 7 ֆեդերացիաների ու ակումբների 130 մարզիկներ: Մրցույթը նվիրված էր ֆեդերացիայի՝ 44-օրյա պատերազմում անմահացած մարզիչներ Դավիթ Անանյանի և Սևակ Մնացականյանի, ինչպես նաև մեր բոլոր մյուս զոհված հերոսների հիշատակին:

Դավիթն ու Սևակը երկուսն էլ լսելով պատերազմի բոթը՝ առանց հապաղելու մեկնել են ռազմաճակատ՝ իրենց բաժին կռիվը տալու… Երկուսն էլ զոհվել են հերոսաբար՝ իրենց պաշտպանած դիրքերից մեկ մետր իսկ չընկրկելով, կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի վնաս հասցնելով թշնամուն: Քունգ-ֆուի առաջնության օրը նրանց ոգին էր թևածում այն դահլիճում, որտեղ մարզիկ երեխաները, պատանիները անզիջում մենամարտի էին բռնվում, հաղթանակ տանում կամ… արժանապատվորեն պարտություն կրում: Իսկ անմահացած մարզիչներն իրենց օրինակով, իրենց անմնացորդ նվիրումով ներկա էին ու քաջալերում էին տղաներին: Նրանց մեծադիր պատկերները հիշեցնում էին ներկաներին, որ հայրենիքը այնպես պետք է սիրել, ինչպես իրենք են սիրել…

 

Հայաստանի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը մարզել է Սևակին, Դավիթը նրա մտերիմ ընկերն է եղել:

-Տղաների սխրանքը մեզ պարտավորեցնում է ավելի ամուր կառչել մեր հողին, ավելի մեծ վստահությամբ շարժվել առաջ ու նոր հաղթանակներ կերտել բոլոր ոլորտներում,- ասում է Սարգիս Հարությունյանը: Նա մեկն է այն մարզիչներից, որոնց ժամանակին մարզել են մարտարվեստների լիբանանահայ վարպետ Կարո Քեբաբջյանի պատրաստած մարզիչները՝ Մուրադ Գալֆայանը, որն այժմ Բեյրութում է և Հակոբ Ռուսալյանը, որը Կանադայում է: Նրանց գործը Հայրենիքում շարունակողներից է Սարգիսը։- Մեր նպատակն ու նշանաբանը մեր սաների մեջ Այբ-3՝ «Առողջ մարմին, Արթուն միտք, Ազնիվ հոգի» զարգացնելն է, առողջ, հայրենասեր սերունդ դաստիարակելը: Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր սան չեմպիոն դառնա. մեր նպատակը բանակին պատրաստված, ամուր երիտասարդներ տալն է: Մենք ունենք պատերազմի մասնակից սաներ, որոնցից են՝ Դավիթ Գասպարյանը, Էդվարդ Թադևոսյանը, Մարատ Պետրոսյանը: Վերջինս Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս է, Չինաստանում կայացած մրցումներում բարձր մրցանակային տեղեր է զբաղեցրել: Մարատ Պետրոսյանը 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես սպա:

Դավիթ Անանյանն ու Սևակ Մնացականյանը մարզիչներ էին, նրանց դերը հսկայական է նոր սերնդի դաստիարակության և ֆիզիկական պատրաստության գործում. վստահ եմ, որ նրանց գործը շարունակելու են մեր սաները: Իսկ նրանց վառ հիշատակը ուղենիշ է լինելու բոլորիս համար…

Հերոս մարզիչներից մեկը՝ Սևակ Մնացականյանը, «Շվաք» ազգային մարտարվեստի դպրոցի հիմնադիրն էր: Սևակի ամենամեծ երազանքը հզոր Հայրենիքն էր: Վստահ էր, որ միայն ամուր սերունդ դաստիարակելով է հնարավոր հզոր Հայրենիք, ապահով ապագա կերտել: Եվ, իհարկե, նրա պես մեկը չէր կարող անմասն մնալ նաև երկրին սպառնացող վտանգների դեպքում: Ինչպես վերջին, այնպես էլ 2016 թ. Ապրիլյան պատերազմին կամավորական հիմունքներով մեկնել էր առաջնագիծ: Երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն առավ, «Մեծն Տիգրան» ջոկատի կամավորականներով անմիջապես հավաքվեցին ու սեպտեմբերի 28-ի առավոտյան մեկնեցին Արցախ: Ընկերների մի մասի հետ Սևակն այս պատերազմում զոհվեց՝ նույն այն տղաների, որոնց հետ Ապրիլյան պատերազմում էին կռվել:

ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԸ ՈՒՂԵՆԻՇ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐՍևակ Մնացականյանի եղբայրը՝ Մասիսը, եղբոր զոհվելուց հետո նրա գործն է շարունակում. ղեկավարում է Սևակի հիմնադրած «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիան: Մասիսը փրկարար է. աշխատում է ԱԻՆ-ում: Պատերազմի ընթացքում խնդրել էր, որ իրեն էլ որպես կամավորական թույլ տան մեկնել առաջնագիծ: Հոկտեմբերի10-ին հաջողել էր Արցախ մեկնել:

-Դեռ դպրոցից արդարության մարտիկ էր Սևակը,- եղբոր մասին պատմում է Մասիսը,- իր տեսակով պայքարող մարդ: Բոլոր ոլորտներում էր ակտիվ. թե՛ բնապահպանական հարցերում, թե՛ հասարակական, թե՛ մարդասիրական: Ֆիզկուլտ ինստիտուտն էր ավարտել. մանկավարժ էր: Մեծ հաջողություններ էր գրանցում սպորտում: Երկար տարիներ զբաղվել էր ձյուդոյով: Հայաստանում և միջազգային մրցումներում հաղթանակներ էր գրանցում:

Նրա գերագույն նպատակը,-շարունակում է Մասիսը,- մեր ազգային մարտարվեստի վերականգնումն էր: Ուսումնասիրում էր բոլոր աղբյուրները, մեր ռազմի պատմությունը և մշակում էր ազգային մարզաձևը: Նրա համար սպորտը հայի տեսակը ներկայացնելու, ճանաչելի դարձնելու մի ձև էր: Սա վերջին տարիներին նրա նպատակն ու մեծ ցանկությունն էր: Եվ նրա երազանքների շարունակությունը պետք է ապրեր նրանից հետո… «Շվաք» ազգային մարտարվեստի դպրոցի սաներն այսօր այստեղ ցույց են տալիս իրենց արհեստավարժությունը, մրցում արժանապատվորեն, ինչպես Սևակն էր նրանց սովորեցրել: Նրա սաները մեծ սիրով են հիշում իրենց մարզչին:

44-օրյա պատերազմում Սևակը «Եղնիկներում» էր կռվում «Մեծն Տիգրան» ջոկատի տղաների հետ: Հատուկ գործողություններ էին իրականացնում:

Արեգա սարի գրոհի ժամանակ էր, ստորաբաժանման մի մասով գործողության էին մեկնել: Որոշ ժամանակ անց նրանցից մի քանիսը ետ էին եկել՝ հայտնելով, որ ջոկատի տղաների մի մասը զոհվել են, մի քանիսին էլ, որ վիրավոր են, հետապնդում է թշնամին: Ասել էին՝ «Փախե՛ք, արդեն մոտ են»: Սևակը պատասխանել էր. «Ո՞նց թե՝ փախեք. հենց հիմա գնում ենք վիրավորների ետևից»: Արյունալի մարտերում կարևոր նշանակության այս սարը հաջողվել էր ազատագրել թշնամական ուժերից: Հետագայում, սակայն, ուժերի խիստ անհավասար լինելու պատճառով այն կրկին անցել էր թշնամու վերահսկողության տակ:

… Կռիվների դրամատիկ մի պահի՝ հարաբերական մի դադարի ժամանակ, Սևակը տեսաուղերձ էր պատրաստել ու հղել մարտադաշտից. «Սիրելի՛ հայրենակիցներ, սա մեր ամենակարևոր մարտերից մեկն է, որում մենք իրավունք չունենք պարտվելու: Իրավունք չունենք խնայելու ռեսուրսները, իրավունք չունենք ափսոսալու: Իրավունք չունենք խնայելու որևէ բան՝ ո՛չ ժամանակ, ո՛չ առողջություն, ո՛չ կյանք… Ոչ միայն մեր, այլև՝ մեր հարազատների, որովհետև սրանից է կախված մեր ազգի գոյությունը: Սա մեր գոյամարտի, մեր Հայրենական պատերազմի ամենակարևոր և եզրափակիչ մասը պետք է լինի… Այսօր հայ զինվորն իր արյունով է պահում առաջնագիծը…»:

Թշնամու գրոհները անդադար էին: Նրանց «տաքսիները», այս անունն էին տվել հաճախակի տարածքը ռմբահարող ինքնաթիռներին, գալիս էին, հրթիռակոծում ու ետ գնում: Հոկտեմբերի 19-ին թշնամու արձակած հրթիռներից մեկը «գտել էր» Սևակին: Ինքնաթիռը հրթիռակոծել էր այն շինությունը, որի տակ պատսպարվել էին ջոկատի տղաները. բլինդաժը փլվել էր նրանց վրա:

-Նա գիտեր, որ պատերազմը լինելու է,- ասում է Մասիսը:- Դեռ հուլիս ամսին զգում էր, որ ինչ-որ լուրջ բան է սկսվելու: Զգոնության էր կոչում մեր ժողովրդին: Նրա տեսակն էր այդպիսին. չէր կարող մարտի դաշտում չլինել, երբ պատերազմ էր: Իմ եղբոր այդ քայլը երբեք չեմ քննարկի… Միայն մի բան կարող եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր ճանաչել, հարգել ու սիրել են Սևակին, նրա հիշատակը վառ պահելու համար մի կարևոր բան կարող են անել. յուրաքանչյուրն իր ոլորտում, իր ուժերի ներածի չափ թող շարունակի նրա գործը, ջանք թափեն, որ իրականություն դառնա նրա երազանքը՝ հզոր, ամուր Հայրենիքը, Հայաստան ու Արցախ աշխարհները…

Սևակ Մնացականյանն ամուսնացած էր, երկու մանկահասակ երեխա ունի՝ 1,5 տարեկան դուստր ու 3-ամյա որդի…

♦♦♦

ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԸ ՈՒՂԵՆԻՇ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐԴավիթ Անանյանը պահեստազորի սպա էր, տարիներ շարունակ Արցախի Բերձորի շրջանում աշխատել էր որպես մարզիչ:

Դավիթն ու կինը՝ Օգիտան, երկուսն էլ արմատներով մարտակերտցի էին, ապրում էին Երևանում՝ Ջրվեժում գտնվող նույն շենքում, հաճախել էին նույն դպրոցը: Ոստիկանության ակադեմիան ավարտելուց հետո Դավիթը որոշել էր ծառայել Արցախում: Անհունորեն սիրում էր Արցախ աշխարհը: Համոզել էր Օգիտային, և նրանք իրենց համատեղ կյանքը հենց Արցախում սկսեցին:

Դավիթը Արցախում մասնագիտական չլսված հաջողությունների էր հասել. եղել էր քրեական հետախուզության ամենաերիտասարդ պետերից մեկը, զուգահեռաբար մարզել Բերձորի շրջանի երեխաներին: Հետագայում ընտանիքով տեղափոխվել էին Երևան:

Վերջին պատերազմի առաջին իսկ օրվանից 41-ամյա Դավիթը տարբեր զինկոմիսարիատներ էր դիմել՝ կամավորագրվելու համար: Պատասխանել էին, որ որպես ոստիկանության պահեստազորի սպա, պետք է սպասի, մինչև կանչեն: Բայց չէր դիմացել. միացել էր պատերազմ մեկնող ջոկատներից մեկին ու շտապել Արցախ: Նա էլ Սևակի պես Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում էր. չէր հասցրել իր բաժին կռիվը տալ և 44-օրյա պատերազմի սկզբից, չնայած առողջական խնդիրներին, մեկնեց ռազմի դաշտ: Մեկնելուց առաջ կանչել էր ավագ որդուն՝ Մոնթեին և պատգամել. «Դու հիմա տան մեծն ես, տան տղամարդը, լավ կնայես բոլորին, մինչև վերադառնամ»:

Դավիթը երեք ընկերների հետ Կարմիր շուկայի տարածքում էր կռվել, մասնակցել հետախուզական-դիվերսիոն գործողությունների: Նա կռվել է անձնուրաց՝ ամենաանելանելի իրավիճակներում անգամ ոգի ու ուժ տալով մարտական ընկերներին: Նրա կյանքն ընդհատվեց պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, թշնամական ինքնաթիռի հրթիռակոծությունից:

Դավիթ Անանյանը երեք երեխա ունի՝ 18-ամյա դուստր, 12 և 4-ամյա որդիներ…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1394) 16.06.2021 - 22.06.2021, Բանակ և հասարակություն, Մարզաշխարհ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


17/06/2021