Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՈՒՄ  ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԵՎ ՀԻՊՈԿՐԱՏԻՆ



ԵՐԴՈՒՄ  ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԵՎ ՀԻՊՈԿՐԱՏԻՆԵրևանի պետական բժշկական համալսարան մտնելիս Ռոման Օհանյանի առաջին կանգառը պարտադիր համալսարանական և պատերազմում զոհված իր գործընկերներին նվիրված ցուցանակի առջև է. ողջունում է, մեկ րոպե լռությամբ հարգում նրանց անմար հիշատակը։

Ռոմանը ծնունդով Ճամբարակից է. մանկուց երազել է լավ մասնագետ դառնալ, և  ավելի հասուն տարիքում նրա ընտրությունը կանգ է առել բժշկության վրա.

-Ե՛վ լավ մասնագետ լինելը, և՛ պիտանի լինելը, կարծում եմ, բժշկությամբ կարող եմ արդարացնել: Բացի այդ, մենք՝ բժիշկներս, երկու երդում ենք տվել՝ Հայրենիքին և Հիպոկրատին,- ասում է Ռոմանը:

Նրա սպասումներն արդարանում են. նա ընդունվում է բժշկական համալսարան, ի դեպ՝ անվճար, սովորում գերազանց, իսկ պարտադիր զինծառայության մեկնելիս էլ 2+1 ծրագրով մեկ տարի ինտերնատուրայում սովորելուց հետո տեղափոխվում է արդեն զորամասային օղակ՝ որպես բուժծառայության լեյտենանտ։

Երիտասարդ բժիշկը սեպտեմբերին գործուղվում է Արցախ և ընդամենը 27 օր է հասցնում ծառայել…  Սկսվում է պատերազմը, ինչպես ինքն է ասում՝ իսկական մղձավանջը։

-Առավոտյան ուժեղ պայթյուններ լսվեցին: Զորամասից կանչ եղավ, և առավոտ շուտ գնացի։

Ռոմանն ու զորամասի բուժծառայության պետը գնում են առաջնագիծ: Կարճ ժամանակ անց նրանց են միանում այլ բժիշկներ ևս։

-Երբ առաջին վիրավորին հանեցինք կռվի դաշտից, էդ տղան շատ զարմացած էր, չէր հասկանում՝ իր հետ ինչ է տեղի ունենում, հարցրեց՝ «Բժի՛շկ, կապրե՞մ»։ «Իհարկե, կապրես». մի տեսակ շփոթված հուսադրեցի նրան:

Հետո շոկային իրավիճակին փոխարինում են սառնասրտությունն ու սթափությունը, և երիտասարդ բժիշկների համար երկնքից թափվող հրթիռների տակ աշխատելը դառնում է սովորական։ Այսպես, շարունակ Ռոմանն ու իր գործընկերներն Իվանյանից Աղդամ՝ պատերազմական թեժ հատվածում,  գիշերուզօր վիրավոր զինվորների կյանքեր են փրկում…

-Գիշեր էր: Սովորաբար մենք մեքենաները վարում էինք լուսարձակներն անջատած, որպեսզի  հակառակորդի կողմից չդիտարկվենք: Արագության տակ գնում էինք, մեկ էլ ուժգին պայթյուն լսվեց, ու մեր  մեքենան անսպասելի  կողաշրջվեց: Մեքենայում երեքով էինք՝ ես, բուժծառայության մայոր Նարեկ Մեսրոպյանն  ու վարորդը։

Նարեկ Մեսրոպյանին, ցավոք, փրկել չի հաջողվում, իսկ Ռոմանն ազդրի և ձեռքի բազմաբեկոր վնասվածքներով ու կոտրվածքներով տեղափոխվում է հոսպիտալ։

-Պատերազմից հետո, նաև որպես հիվանդ, ես հասկացա, որ ճիշտ ու պիտանի մասնագիտություն  եմ ընտրել: Պատերազմի օրերին բազմաթիվ հերոսների եմ հանդիպել. այդ 18-20 տարեկան տղաները ոչ մի վայրկյան չէին ընկճվում։ Երբեմն էլ նրանք էին մեզ ուժ տալիս, քաջալերում: Մեր տղաներն իրոք հերոսներ են: Նրանք ունեն հոգու ու կամքի մեծ ուժ.   նրանք պայքարում էին ամեն մի թիզ հողի համար։

Այժմ Ռոմանի կյանքում վերականգնողական շրջան է, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես. պատերազմում ստացած վիրավորումից հետո արդեն պահեստազորում հաշվառված լեյտենանտ Օհանյանը հարկադրաբար է զորացրվել.

-Քանի որ ծառայությանը պիտանի են առողջ մարդիկ, որոնք լիարժեքորեն կարող են կատարել իրենց պարտականությունները, իսկ ես, բնականաբար, չէի ցանկանում այս վիճակով ծառայել։ Իմ վերականգնողական շրջանը երկար է տևելու:

Ապագայի համար ծրագրեր արդեն կազմել է։ Իսկ  ամենապիտանի մասնագիտության մեջ դեռ շատ պետք է հմտանա.

-Ուսումս կշարունակեմ կլինիկական օրդինատուրայում՝ որպես սրտաբան, և կաշխատեմ զուգընթաց։

Մենք պետք է դասեր քաղենք, կրթենք մեր երիտասարդությանը, ինչպես նաև օգնենք, որ տնտեսությունը զարգանա, և կարողանանք ձեռք բերել այն, ինչ կորցրել ենք։ Ինձ համար զինվորական համազգեստն անչափ պարտավորեցնող է. սպիտակ խալաթից անպայման մի օր անցնելու եմ զինվորականի համազգեստի: Սակայն, մինչ այդ, պետք է առողջանալ և ամրանալ։

Զինվորական համազգեստից ես չեմ հրաժարվել: Ցանկացած պարագայում, երբ Հայրենիքը կարիքս զգա, վայրկյան անգամ չեմ տատանվի,- ասում է Ռոման Օհանյանը:

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Բանակ և հասարակություն


25/03/2021