Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԱԼՈՒՅՍ



ՄԱՅՐԱԼՈՒՅՍՄԱՅՐԱԼՈՒՅՍ

– Իմ քաջ տղաս, հերոսաբար

Մարտում ընկած իմ որդիս,

Արիաբար կռիվ մտար,

Տիեզերք իմ կարոտիս։

Նվիրումդ մեծ էր, անհուն՝

Հանուն մեր սուրբ Հայրենյաց,

Դու գնացիր դեպի հեռուն,

Տունս դատարկ, լուռ մնաց…

– Մա՜յր, ինձ սպասի՛ր, և ես կգամ

Մեր լեռներից կապտաթույր,

Քեզ կբերեմ խինդը գարնան

Եվ երազներ ծաղկաբույր։

Բախտիս համար մի՜ արտասվիր,

Ե՛ս ընտրեցի իմ ճամփան,

Եվ օրոցքիս դո՜ւ երգեցիր

Առասպելներ հաղթության։

Ների՛ր, որ քեզ չե՜մ ամոքում,

Եվ թողել եմ միայնակ,

Գիտեմ ՝ վիշտդ մե՜ծ է, անհո՜ւն,

Այն խեղդում ես շարունակ։

Ծերացել ես, ցավից կքել,

Դեմքիդ դալուկ է գունատ,

Չե՜մ հեռացել, քեզ չե՜մ լքել,

Մի՜ հեկեկա հուսահատ։

Քայլիր հպա՛րտ, բաց ճակատով,

Լուսապսակ իմ մայրիկ,

Ու մի՜ մնա այդպես խռով,

Դու՝ իմ հրաշք անուշիկ։

Մի՜ հավատա, որ ես չկամ,

Եվ զոհվել եմ մարտերում,

Ինձ իր գիրկը երկինքն առավ,

Ու մնացի լույսերում։

Հիշիր քաղցր օրերը մեր,

Վանիր մտքերը տրտում,

Մխիթարվի՜ր… բազում մայրեր

Միշտ օրհնո՛ւմ են քո որդուն։

Դու դարձել ես հոգու փարոս,

Մայրն ես բոլոր քաջերի,

Եվ նրանք են դառնում հերոս,

Ով քեզ նման մայր ունի…

 

ՀԵՐՈՍՆԵՐԸ

 

Հերոսները չեն մեռնում, այլ գնում են լույսի մեջ,

Երկինքներից են բերում ազատության հուրն անշեջ։

Նաիրական մեր կամքի դյուցազուններն են նրանք,

Որ մեր Հայոց աշխարհին տալիս են սիրտ ու ճախրանք։

Չեն ընկճվում և նույնիսկ անհավասար մարտերում,

Քանզի նրանց հոգու մեջ հայրենիքն է միշտ վերում։

Անձնազոհ ու փառապանծ նախնյաց որդիք են նրանք,

Նրանց հավատքը զորեղ բոցկլտում է շարունակ։

Ամուր կանգնած են հողին՝ արմատներով անսասան,

Նրանցով է սկիզբ առնում հայրենիքը սրբազան։

Նրանք վսեմ են, զորեղ իրենց ոգով հրակեզ,

Մաքրամաքուր, անբասիր՝ Մասիս սարի ձյունի պես։

Արիական մեր արյան զոհաբերումն են նրանք,

Որ մեր երկնում ճառագի արեգակը շարունակ։

Հերոսները չեն մեռնում, այլ գնում են լույսի մեջ՝

Հրդեհելու մեր ոգու հաղթակրակը անշեջ։

 

ՏՂԵՐՔ…

 

Տղե՛րք, լույսի նման տղերք,

Մեր չմարող հույսի նման տղերք,

Չկեռացող, չհեռացող տղերք,

Հեքիաթներից ոսկի խնձոր

Ու հավատամք բերող

Խենթ ու խելառ տղերք,

Մեծ ու փոքր հարգող՝

Սրտներդ բաց տղերք,

Նեղյալներին ոգի

Ու հաց տանող տղերք,

Ձեր մարմինը կամքով,

Արիական ջանքով

Ու տքնանքով

Մարզող տղերք,

Մեր դրոշը

Աշխարհներին

Հպարտությամբ պարզող ,

Ցնծավա՜ռ ու կիզո՜ւն,

Մեր դյուցազուն տղերք,

Մեր երազից ծլած,

Մեր անուրջից ծնված,

Կաղնիացած,

Մեր դաշտերը հերկող,

Մեր ապագան բերքող,

Տիեզերքը պեղող,

Մեր արտերին պապակ

Անձրևի պես տեղող,

Օջախ պահող

Ու շենացնող

Մեր էության տղերք,

Մեր գիտության տղերք…

Տղերք՝ Վահագնաբոց,

Տղերք՝ վեհ ու հուրհեր,

Տղերք՝ կամքով արի,

Մշտազորեղ, բարի,

Գաղափարի տղերք,

Արծըվի պես ճախրող

Եվ սիգապանծ, անանց

Մեր վեհապանծ հուշի

Անդրանիկի ու Չավուշի տղերք,

Մեր հայրենի հողը

Ձեր ավիշով օծող,

Նաիրալույս արյամբ

Երկիր պահող՝

Մեր բալասան տղերք,

Արևածուփ ու բորբ

Մեր սրբազան տղերք,

Մեր գալիքի տղերք,

Հայրենիքի տղերք։

Մեր երկիրը

Աղտ ու կեղտից մաքրող

Ապաքինող,

Հոգու պարտքի

Ու հավատքի տղերք,

Սահմաններին կանգնած,

Մեր պահապան

Ու մեր վահան տղերք,

Մեր զորության տղերք,

Հզորության տղերք,

Մեր մարտերում ընկած

Եվ փառապանծ, անանց,

Մեր լուսաբաց տղերք։

Ես ի՞նչ անեմ արդյոք

Ու ո՞նց անեմ,-

Սիրտս հանեմ,

Ձեր ճամփեքին ցանեմ,

Իմ աղոթքը մանեմ,

Թոն ու թուխպը

Վանե՜մ-տանե՜մ,

Գավիթները հույսի

Խնդությունով բեռնեմ,-

Ես ձեր բազկին մեռնեմ,

Ես ձեր զարկին մեռնեմ՝

Մեր հայրենի հողից

Ոչ մի թիզ չտվող,

Չարին ըմբոստացող,

Չստրկացող

Եվ թշնամյաց ձեռքից

Մասիս սարը բերող,

Միահամուռ ու կուռ

Արևաբույր տղերք,

Լույսի համբույր տղերք,

Մաքրամաքուր տղերք,

Մեր ճշմարիտ տղերք,

Առյուծասիրտ տղերք,

Աստծով լցված տղերք,

Հաղթանակած տղերք…

Խորագիր՝ #09 (1380) 10.03.2021 - 16.03.2021, Հոգևոր-մշակութային


11/03/2021