Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ, ԵՐԲ ՀԱՂԹԵՆՔ
ՆԱ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ, ԵՐԲ ՀԱՂԹԵՆՔ

ՆԱ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ, ԵՐԲ ՀԱՂԹԵՆՔԱրցախի նախագահը, Պարգեւ Սրբազանը, լեգենդար զորահրամանատար Կարեն Ջալավյանը ու էլի շատ շատերը ասում են, որ Հակոբ Հարությունյանը հերոսաբար ու անձնվեր պաշտպանել է Հայրենիքը, ամենաօրհասական պահին անգամ չի նահանջել, կռվել է մինչեւ վերջին փամփուշտը, սրտի վերջին զարկն ու ընկել է զենքը ձեռքին: Արայիկ Հարությունյանը եկել էր Հայաստան, ավելի ստույգ՝ Մյասնիկյան գյուղ, որը Հակոբ Հարությունյանի ծննդավայրն է, որպեսզի մասնակցի խիզախ կամավորականի հուղարկավորությանը եւ նրան հանձնի «Ոսկե Արծիվ» շքանշանը՝ իր վերջին հանգրվանն ուղեւորվելուց առաջ:

 

-Իմ որդին չէր կարող մնալ Ռուսաստանում, երբ Հայրենիքում պատերազմ էր, ու ես չզարմացա, երբ նա վերադարձավ Հայաստան և կամավորագրվեց Հայրենիքի պաշտպանության բանակին,- ասում է հերոսի մայրը՝ տիկին Կարինեն: Նա փորձում է կուլ տալ արցունքն ու քաջ երևալ, փորձում է կարծրություն խառնել դողացող ձայնին ու ցավը փոխել ուժի, վրեժի և հպարտության:

-Ես մեկ բառով անգամ չփորձեցի հետ պահել իմ զավակին Հայրենիքը զենքով պաշտպանելու պարտքից, որովհետև Հայրենիքը թանկ է ամեն ինչից: Որովհետև իմ որդին միշտ ասել է՝ աշխարհում երկու մեծ սեր կա, առաջինը Հայրենիքն է, երկրորդը՝ Մայրը:

Ես ուզում եմ հարցնել՝ Հայրենիքը որդուդ կյանքի՞ց էլ է թանկ, բայց նայում եմ երիտասարդ կնոջ ճերմակ մազերին, աչքերում ծանրացած ցավին, ու բառերը համրանում են կոկորդիս մեջ:

-Ո՞վ, եթե ոչ իմ որդին,- հարցնում է հերոսի մայրը: Ինձ է հարցնում: Ես գլխով եմ անում: Իսկ նա շարունակում է,- իմ տղան միշտ էլ լավագույնն է եղել, նա բացառիկ էր ծնված օրվանից:

-Ծնված օրվանի՞ց,- կրկնում եմ՝ հուսալով, որ զրույցը կփոխի հունն, ու մենք մի քիչ ժամանակ կշահենք՝ նախքան այն ճակատագրական օրը, երբ Հակոբ Հարությունյանը կամավոր միացավ Շուշիի պաշտպանության խմբին ու  իր կյանքի վերջին ասքը գրեց Քարինտակի մատույցներում:

-Իմ տղան այնքան ընդունակ էր, ժիր ու աշխույժ: Ինն ամսականում քայլեց, մեկ տարեկանում արտասանում էր: Նա անբացատրելի հմայք ուներ ու բոլորի սերն ու ուշադրությունը սևեռում էր իր վրա: Մեր 15 հոգանոց ընտանիքում լիքը երեխաներ կային՝ իմ չորս տղաներն ու աղջիկը, տեգորս երեխաները, բայց Հակոբը յուրահատուկ կարգավիճակ ուներ: Մեծ տատի սիրելին էր, հորեղբայրների ընկերը, բոլորիս ուրախությունը: Իր համառությամբ՝ յոթ տարի կուրծք կերավ: Նրան հնարավոր չէր տարհամոզել: Նա մանկական հեքիաթների փոխարեն մեծ տատից եղեռնի պատմություններն էր լսում, մուլտիկներ նայելու փոխարեն պատմական գրքեր էր կարդում ու հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում: Դպրոցում բացարձակ գերազանցիկ էր, սպորտով էր զբաղվում, ըմբշամարտիկ էր ու ցանկանում էր ֆիզկուլտինստիտուտ ընդունվել, բայց դպրոցն ավարտելուց հետո մեզ համար անսպասելի հայտարարեց, որ գնում է Ռյազան՝ սովորելու զինվորական բարձրագույն ուսումնարանում:

-Հակոբի կենսագրության մեջ գրված էր, որ ուսումը կիսատ է թողել զինվորական ուսումնարանում:

-Տղաս գրեթե չորս տարի գերազանց սովորեց Ռյազանի բարձրագույն զինվորական ուսումնարանում: Չորրորդ կուրսում տաճիկ սպան վեճի ժամանակ տղայիս ասել էր՝ իզուր թուրքերը ցեղասպանության գործը ավարտին չհասցրին, ու տղաս ծեծել էր սպային: Մեկ ուրիշին նույն պահին ուսումնարանից կհեռացնեին, բայց տղայիս ասել էին՝ ներողություն խնդրիր ու շարունակիր ուսումդ: Հակոբը ներողություն խնդրելու փոխարեն լքել էր բուհը:

-Վերադարձա՞վ Հայրենիք:

-Ո՛չ, մենք այդ ժամանակ ընտանիքով Ռյազանում էինք ապրում՝ որդուս մոտ: Հակոբը սկսեց տարբեր գործերով զբաղվել: Նա տաղանդավոր տղա էր, ոչ մի գործ չէր ձախողում: Հետո մենք տեղափոխվեցինք Լուխվիցմա քաղաք, որտեղ ես պարարվեստ էի դասավանդում, պարի խումբ ունեի, ամուսինս կլարնետ էր նվագում մեր խմբում, իսկ տղաս ըմբշամարտ էր պարապում դպրոցականների հետ: Ու սպասում էր հարմար պահի, որ ընդմիշտ հայրենիք վերադառնա: Ասում էր՝ մա՛մ, ես երկատվում եմ քո ու Հայրենիքի արանքում: Հաճախ Հայաստան էր գալիս, իսկ վերջին տարիներին Հայաստանում ավելի շատ էր լինում, քան Ռուսաստանում: Նա մի տուն ուներ այս մոլորակի վրա՝ Մյասնիկյան գյուղի մեր պապենական տունը, որն անսահման սիրում էր, ու մենք Ռուսաստանում տուն կառուցեցինք՝ գյուղի տան նմանությամբ: Սակայն դա էլ չօգնեց, Հակոբը չկտրվեց Հայաստանից: Ռուսաստանում մենք ոչ մի բանի պակաս չունեինք նյութական առումով, բայց տղայիս բոլոր երազանքները Հայաստանի հետ էին կապված. ուզում էր մարզական դպրոց բացել Հայրենիքում, մարզել երեխաներին:…Մի անգամ ասաց՝ մա՛մ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ ես քեզնից շուտ հեռանամ այս աշխարհից, խնդրում եմ՝ ինձ մեր գյուղի հողին կհանձնեք: Ես կատարեցի նրա խնդրանքը՝ մերժելով Եռաբլուր տանելու առաջարկը:

-Պատերազմի օրերի՞ն ասաց:

-Չէ՛, Ռուսաստանում: Նա անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ էր ընկնում, ընդհարվում էր այլազգիների հետ: Վախ չուներ, կար մեկ ճշմարտություն, մեկ արդարություն, որը հաստատելու համար պատրաստ էր ամենավտանգավոր քայլերին: Բայց միշտ անվնաս ու հաղթանակած էր դուրս գալիս: Որքան էլ զարմանալի է, ես մեկ վայրկյան անգամ չեմ մտածել, որ Հակոբս կարող է զոհվել պատերազմում: Ասաց՝ գնում եմ հաղթեմ ու գամ: Ես ավելի շատ եղբորս զինվոր որդու համար էի անհանգիստ, նրա համար էի աղոթում: Ես վստահ էի, որ Հակոբս հաղթելու է ու հետ գա:

-Իսկ հեռախոսով խոսելիս չէ՞ր ասում, թե ինչպես է վիճակը։

-Իմ տղան վստահ էր, որ հաղթելու ենք: Նա այդպես էլ հեռացավ՝ հաղթած: Արցախի հերոս Կարեն Ջալավյանի ջոկատում էր կռվում: Հերոս հրամանատարը մեծարանքով խոսեց որդուս մասին, ասաց, որ տղաս գիտակցված, հոժարակամ կյանքը նվիրաբերել է Արցախի փրկությանը:

Միայն մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ տղայիս ձայնի մեջ ինչ-որ օտար երանգներ զգացի: Տխրություն ասեմ, թախիծ, թե տագնապ…Ասաց՝ կներես, մամ, ինձ հետ շատ դժվար ճանապարհ անցար: Եթե նախկինում մի քանի բառ էր փոխանակում մարտադաշտից, այդ օրը երկար խոսեց: Երբ ասացի՝ սկզբից աղջիկներիդ հետ խոսիր, հետո ինձ հետ, ասաց՝ մա՛մ, ամեն մեկը իր տեղն ունի՝ առաջ Հայրենիքն է, հետո՝ Մայրը, հետո՝ երեխաները: Վերջում ասաց՝ դու ուժեղ մամա ես, ու ես աղջիկներիս քեզ եմ հանձնում:

-Սիրտը վկայել է:

-Պարզապես գիտեր, որ Շուշիի համար մարտում ուժերը խիստ անհավասար են, ու զոհվելու հավանականությունը մեծ է:

-Ե՞րբ Հակոբին բերեցին մարտադաշտից…

-Արցախի հերոս Հակոբ Հարությունյանը չի վերադարձել մարտադաշտից: Նա առաջնագծում է ու շարունակում է կրակել: Նա կվերադառնա, երբ հաղթենք: Նա միայն հաղթանակած կվերադառնա: Եվ իմ, քո, յուրաքանչյուր հայի պարտքն է որդուս տուն վերադարձնել ճակատից: Ամեն օր, երբ պառկում եք քնելու, երբ ավարտվում է ձեր կյանքի հերթական օրը, հիշեք, որ իմ որդին լեռներում է, առաջնագծում, ու դուք՝ ապրողներդ, պիտի ամեն ինչ անեք, որ նա վերադառնա…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ