Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ



ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄԵՂԻՇԵ  ԱՌԱՔՅԱԼԻ ՎԱՆՔ

Գտնվում է Արցախում, Մատաղիս գյուղի մոտ

Երբ թագավորությունը ձանձրացնում է Վաչագան թագավորին, նա իր գահը հանձնում է Վահրամ որդուն և հասարակ մարդու շորեր հագած գնում է աշխարհ տեսնելու։ Անցնում են տասնյակ տարիներ, իսկ Վաչագանը տուն չի դառնում։ Վահրամը գնում է հոր հետևից: Մատաղիս գյուղի մոտ նա հանդիպում է հորը՝ Վաչագանին ցնցոտիների մեջ, տիկով ջուր կրելիս: Վահրամն իսկույն ձիուց ցած է իջնում և ուզում է վերցնել հոր ձեռքից տիկը, սակայն Վաչագանը չի տալիս։ Երկար քաշքշուկից տիկը պատռվում է, և ջուրը թափվում է գետնին։ Այդ տեղից իսկույն աղբյուր է բխում: Եղիշե Առաքյալի վանքը կառուցելու համար Վաչագանը այնուհետև ջուր է կրում ոչ թե հեռավոր գետակից, այլ նոր բխած աղբյուրից։

Ենթադրվում է, որ վանական համալիրը Եղիշե Առաքյալի վանք անվանումն ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխվել քրիստոնեական կարևոր դեմքերից մեկի՝ Եղիշե Առաքյալի մասունքները։ Վանքի տարածքում է նաև Վաչագան Բարեպաշտ թագավորի  դամբարանը, ինչպես նաև 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը։

 

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄԿՈՒՍԱՆԱՆՑ ԱՆԱՊԱՏ

Գտնվում է Արցախում, Թարթառ գետի աջ ափին

Այստեղ ժամանակին կույսեր են ապրել, դրա համար էլ կոչվում է Կուսանանց Անապատ։ Երբ Աղա-Մահմեդ շահի սարվազները (զինվորները) գալիս են այս կողմերը, կույսերը թողնում են վանքը և փախչում են մոտակա անտառը։ Վանքում մնում է նրանցից միայն մեկը (կիսատ մնացած աղոթքն ավարտելու համար): Երբ նա վերջացնում է աղոթքը և ուզում է դուրս գալ վանքից, հանկարծ գլխին շողում է պարսիկ սարվազի թուրը։ Մի կերպ խույս տալով՝ կույսը վազում է դեպի մոտակա  բլրի գագաթը և իրեն այնտեղից նետում է ձորը։ Աներևույթ զորությամբ նա անփորձանք իջնում է ցած և թաքնվում  անտառում։

 

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Գտնվում է Արցախում, Քաշաթաղի շրջանում

Հոչազ գյուղի մելիք Թումանը շարունակ նեղացնում է գյուղի քահանային։ Մելիքից ազատվելու համար սա մի անեծքաթուղթ է գրում, գցում նրա սենյակն ու փախչում։ Այդ թղթի ուժով մելիքը կորցնում է կնոջը, որդիներին և ամբողջ հարստությունը։ Հասկանալով, որ բոլոր դժբախտությունների պատճառը քահանայի անեծքն է, մելիքը գնում է նրանից թողություն խնդրելու։ Անցնելով շատ քաղաքներ՝ մելիքը հասնում է Հռոմ և իմանում, որ քահանան արդեն վախճանվել է։ Հուսահատված մնում է Հռոմի վանքերից մեկում իբրև լուսարար և միշտ աղոթում իր հոգու փրկության համար։ Որոշ ժամանակ անց մելիքը կծելով Պետրոս Առաքյալի ճկույթը (ծիծեռնը) պահում է բերանում։ Դրանից վանքի սրբապատկերները գետնին են թափվում, քահանաները ուզում են հանել մելիքի բերանից մասունքը և իրեն էլ սպանել։ Սակայն վանքի սուրբ խորանից մի ձայն ասում է. «Մի մերձենաք մելիքին»։ Դրանից հետո մելիքը անվտանգ գալիս է հայրենի երկիրը։ Պաշտամունքի  առարկա դարձած մի ծառի տեղում մելիքը վանք է կառուցում, ուր և ամփոփում է Պետրոս Առաքյալի ճկույթը (ծիծեռնը): Այդ օրվանից վանքը կոչվում է Ծիծեռնավանք։

 

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄՀՈՎՎԻ ՍԱՐ

Գտնվում է ԱՐՑԱԽՈՒՄ, Տիգրանակերտի մոտ

Աղքատը հովվից ոչխարի կաթ է խնդրում և մերժում է ստանում: Չոքում է գետնին և դիմելով Աստծուն ասում է. «Աստված, եթե մի հոտ ոչխար տաս ինձ, ամեն խնդրողի կաթ կտամ»: Շրջապատի բոլոր սպիտակ քարերը անմիջապես ոչխար են դառնում: Աղքատը ուրախացած սարն է քշում ոչխարներին:

Քրիստոսը ծերունու կերպարանքով մոտենում է հարստացած աղքատին և կաթ է խնդրում նրանից: Աղքատը մերժում է: Քրիստոսը խաչակնքում է, և վերջինս իր ոչխարների հետ քար է դառնում: Այդ օրվանից  սարը կոչվում է Հովվի սար:

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Հոգևոր-մշակութային


21/01/2021