Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՔԻՉ ԺՊԻՏ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՂ ՁՄԵՌՎԱ ՄԵՋ



ՄԻ ՔԻՉ ԺՊԻՏ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՂ ՁՄԵՌՎԱ ՄԵՋԱմանորի նախաշեմին երկու աղջնակ՝ լրագրող Անի Ավետյանն ու միջոցառումների կազմակերպիչ Սյուզի Հովհաննիսյանը, որոշեցին մի քիչ ժպիտ, փոքր-ինչ ջերմություն պարգեւել Արցախում իրենց տունուտեղը կորցրած երեխաներին, մարտերում զոհված, վիրավոր զինվորականների փոքրիկներին։

«Դարձի՛ր Ձմեռ պապ, իրականացրո՛ւ երազանք» ֆեյսբուքյան էջում կիսվելով այդ գաղափարով՝ հավաքեցին արցախցի երեխաների նամակները՝ ուղղված Ձմեռ պապին:

ՄԻ ՔԻՉ ԺՊԻՏ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՂ ՁՄԵՌՎԱ ՄԵՋՅուրաքանչյուր ոք կարող էր դառնալ հրաշագործ Ձմեռ պապ կամ բարի փերի՝ հնարավորության սահմաններում իրականացնելով փոքրիկների մանկական երազանքները:

-Նամակները չէինք էլ հասցնում տեղադրել ֆեյսբուքյան էջում. վայրկյանների ընթացքում մարդիկ արագ արձագանքում էին,- պատմում է նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Սյուզին:- Սկզբում նախատեսել էինք մոտ 100 երեխայի նամակ-երազանք իրագործել, բայց արձագանքը մեծ էր՝ նամակների չդադարող հոսք… Անքուն գիշերներ էինք լուսացնում՝ կազմակերպչական հազար ու մի խնդիր լուծելու համար, բայց, անկեղծ ասած, երբ տեսնում էինք երեխաների աչքերի փայլը, նրանց հրճվանքն ու անպարագրելի ուրախությունը, ամեն հոգնություն ի չիք էր դառնում, լիցքավորվում էինք, նոր ուժ ու եռանդ ստանում:

Դժվար է, իհարկե, այս անասելի ծանր ու տխուր ժամանակներում երեխաներին ուրախացնել, երեխաներ, որ անցել էին պատերազմի միջով, հարազատ-բարեկամ կորցրել, տեղահանվել, բայց փոքրիկների աչքերում ժպիտ էր հայտնվել…

ՄԻ ՔԻՉ ԺՊԻՏ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՂ ՁՄԵՌՎԱ ՄԵՋԱնհնար էր առանց հուզմունքի կարդալ նամակները՝ քաչալ տիկնիկ, հրացան, մայրիկի համար լվացքի մեքենա, տաք հագուստ…, մանկական անմեղ, պարզ ցանկությունների կողքին նաեւ պատերազմի պատճառով ժամանակից շուտ մեծացած-հասունացած, ցավի, դառնության միջով անցած երեխաների խնդրանք-երազանքն էր. նրանցից ոմանք Ձմեռ պապից ոչինչ չէին ուզում, միայն թե՝ իրենց հայրիկը տուն գար, վերադառնար գերությունից, շատերն էլ խնդրում էին, որ Ձմեռ պապիկն իր կախարդական փայտիկով այնպես անի, որ իրենք նորից վերադառնան իրենց ծննդավայր, իրենց ընկերների հետ խաղան, իրենց դպրոցն ու մանկապարտեզը հաճախեն…

Ու կար մի ցանկություն-երազանք, որ բոլոր երեխաների նամակներում առանց բացառության կրկնվում էր. թող այլեւս երբեք պատերազմ չլինի, եւ խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

 

***

Բարեւ, սիրելի Ձմեռ պապ

Ես Գուրգենն եմ Ստեփանակերտից, ունեմ   երկու տարեկան եղբայր՝ Գարեգինը: Այս պատերազմը մեզանից խլեց իմ հայրիկին՝ իմ հերոս պապային…Ես նրան շատ եմ կարոտում, շատ-շատ ու Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ էլ ոչ մի երեխա չմնա առանց հայրիկի….

Թող պատերազմ չլինի, թող ոչ մի մայրիկ չլացի:

Ձմեռ պապ, ինձ զինվորական  համազգեստ բեր, երբ մեծանամ, անպայման զինվոր եմ դառնալու, որ շարունակեմ հայրիկիս կիսատ գործը…

 

***

Բարեւ, Ձմեռ պապիկ: Ես շատ ուրախ եմ, որ դու կաս: Դու իրականացնում ես աշխարհի բոլոր մանուկների երազանքները:

Ձմեռ պապի ջան, ես քեզանից կխնդրեի խաղաղություն եւ հեքիաթային կյանք:

Երազում եմ ունենալ ժամացույց:

 

Արկադի Դավթյան

գ. Կոճողուտ

Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Բանակ և հասարակություն


15/01/2021