Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՐԿԵՑ ԻՐ ՍԱՆԻ ՈՒ ՄԱՐՏԸՆԿԵՐՈՋ ԿՅԱՆՔԸ…



ՓՐԿԵՑ ԻՐ ՍԱՆԻ ՈՒ ՄԱՐՏԸՆԿԵՐՈՋ ԿՅԱՆՔԸ...…Ծնողները հպարտ էին իրենց Սուրեն որդով, որն այդ ժամանակ ծառայում էր Հայոց բանակում՝ Արցախի Մարտունու շրջանում, և շուտով պետք է զորացրվեր։ Սուրենը ծնվել է 1974 թ. հունիսի 1-ին, Սոչի քաղաքում։ Ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը, 1996 թ.՝ Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։ Զորացրվելով Հայոց բանակից՝ Սուրենը եկավ Փակահան և դպրոցում աշխատանքի անցավ որպես զինղեկ։ Աշխատում էր նվիրումով՝ իր սաներին հնարավորինս ծանոթացնելով ռազմական արվեստին, զենքին ու բանակի խնդիրներին։Մշտապես մասնակցում էր շրջանային ու համայնքային տարբեր միջոցառումների, աչքի ընկնում իր կազմակերպչական ջիղով։ 2011 թ. փետրվարին Փակահանում ամուսնացավ Ալյոնա Հայրապետյանի հետ։ Ունեցան երկու  զավակ։ Նարեկը սովորում է 4-րդ դասարանում, դուստրը՝ Սվետլանան, 5 տարեկան է։

…Քաշաթաղի շրջանի բնակչությունը մշտապես աջակից էր Հայոց բանակին և՛ խաղաղ ժամանակ, և՛ այն օրերին, երբ թշնամին փորձում էր խաթարել մեր անդորրը։ 2014 թ. օգոստոսին Արցախի հյուսիսային սահմանը վտանգված էր, և հարյուրավոր քաշաթաղցի կամավորականների հետ Մատաղիսում էր նաև Սուրենը։ Այդ օրերին առաջնագծում հանդիպեցի նրան։

Երկու տարի անց սկսվեց Ապրիլյան պատերազմը, և առաջնագիծ մեկնողների մեջ առաջիններից մեկը կրկին Սուրենն էր։ Հայրենիքին նվիրված ծառայելու համար նա արժանացավ պատվոգրի։

…2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը մեզնից խլեց մեր հայրենիքից հատվածներ, որ ազատագրել էինք Արցախյան ազատամարտի տարիներին։ Նույն պատերազմը մեզնից տարավ հազարավոր լույս տղաների՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, աշխարհազորայիններ։ Կամավորներից էր նաև Սուրենը, և նրա մարտական ընկերների շարքում էին իր այն սաները, որոնց հետ ռազմագիտություն էր պարապել։

…Հոկտեմբերի 3-ին դաժան մարտեր էին ընթանում Արցախի հարավային սահմաններում, որտեղ էր Սուրենն իր սաների հետ։ Պատմում են՝ օգնության է հասել մարտական ընկերոջը՝ իր սաներից մեկին, փրկել նրա կյանքը, սակայն և ինքը մահացու վիրավորվել է…

Երևանում՝ «Եռաբլուր» պանթեոնում է հերոսի շիրիմը՝ հարյուրավոր իր նմանների հարևանությամբ։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Ճակատագրեր


15/01/2021