Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՅԻ ՏՈՒՆ. ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ



«Սպայի տուն» անունը լսելիս շատերը (հատկապես հին երեւանցիները), վստահ եմ, կարոտով ու տաք մի ջերմությամբ կպարուրվեն։ Կհիշեն նաեւ Սպայի տունը` որպես հին Երեւանի մի հրաշք մասնիկ։ Ավելի մեծերը կվերհիշեն, թե ինչպես էին այստեղ գալիս ֆիլմեր դիտելու, քաղաքում հայտնի մի դերձակ կամ վարսավիր հաստատ կպարծենա, որ այսօր իրեն հաց ու ջուր տվող մասնագիտության համար պարտական է Սպայի տանը։ Կպարծենան, կհպարտանան, շնորհակալության ջերմ խոսքերով կհիշեն Սպայի տունը շատերը՝ զինվորականը, երգիչը, պարուսույցը, բուժքույրը, ու կպարզվի, որ Սպայի տունը ոչ միայն սպային ու նրա ընտանիքի անդամներին է ծառայել, այլև` ժողովրդին։

ՑԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ՊՆ Սպայի տան նախկին շենքը նախատեսվել է Երեւանի գավառական ուսումնարանի համար։ Կառուցման աշխատանքները սկսվել են 1839թ.։ Կառուցվել է Նիկոլայ Առաջին ցարի կողմից հաստատված «Անդրկովկասի գավառական ուսումնարանների համար» կազմված նախագծով։ Երեւանի գավառական ուսումնարանում 1843-48թթ., որպես տեսուչ եւ ուսուցիչ է աշխատել Խաչատուր Աբովյանը։

1870թ. սեպտեմբերի 19-22-ը այստեղ տեղի է ունենում Երեւանի նորաստեղծ քաղաքային դումայի դեպուտատների անդրանիկ ընտրությունը, իսկ 1881թ. նոյեմբերի 8-ին բացվում է Երեւանի ուսուցչական սեմինարիան։ Այնուհետեւ շենքում բացվում է Երեւանում առաջին քաղաքային ակումբը։ 1911թ. այն դառնում է կինոթատրոնի շենք՝ «Իլյուզիոն» անունով։ Այս շենքում 1921թ. օգոստոսի 21-23-ը տեղի է ունենում Հայաստանի կոմերիտմիության առաջին համագումարը։ 1923թ. օգոստոսին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ` շենքն ազգայնացվում է եւ հանձնվում կարմիրբանակայիններին` որպես ակումբ։

Մինչեւ 1992թ. եղել է ԽՍՀՄ ԶՈՒ 7-րդ բանակի Երեւանի կայազորի Սպայի տուն։ 1992-ից՝ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ Երեւանի կայազորի Սպայի տուն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի 1993թ. նոյեմբերի 9-ի հրամանով դարձել է ՀՀ ՊՆ Սպայի տուն։ Այսօր Սպայի նախկին տան տեղում վեր է խոյանում ժամանակակից բիզնես-կենտրոն:

1993 թվականից ի վեր ՀՀ ՊՆ Սպայի տան պետերն են եղել Սպարտակ Ղարաբաղցյանը, Արա Մուրադյանը, Վահագն Մուղնեցյանը։

ԲՈԼՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԻՐՎԱԾ ԿՐԹՕՋԱԽԸ

Ներկայումս ՀՀ ՊՆ Սպայի կենտրոնական տունը գտնվում է Մոսկովյան 5 հասցեում։ ՀՀ ՊՆ Սպայի տան պետն այսօր Լվովի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանի մշակույթի ֆակուլտետի շրջանավարտ, նախկին ԽՍՀՄ եւ ՀՀ բազմաթիվ մեդալների, պատվոգրերի, շնորհակալագրերի արժանացած գնդապետ Գուրգեն Խաչատրյանն է։

-Սպայի տները գործել են դեռ ցարական ժամանակներից,- ասում է նա։- Լրացրել են զինվորականության հոգեւոր դաստիարակությունը՝ կրթել են, լուսավորել, զարգացրել ժամանակին համընթաց, եվրոպական առաջադեմ ամեն տարր ներմուծվել է այս օջախ։ Խորհրդային ժամանակաշրջանում ժողկոմիսարիատները նման կառույցներն իրենց շնչով ու ոգով վերաձեւեցին։ Այն, ինչ համարեցին բուրժուական մնացորդ, վերացրին։ Սպայի տները գործել են բոլոր այն վայրերում, որտեղ խորհրդային բանակն էր (նաեւ Գերմանիայում, Լեհաստանում, Մոնղոլիայում)։ Նրանք համարվում էին մշակութային կարեւորագույն կենտրոններ, որտեղ գործում էին ակումբներ, թատերական խմբակներ, երաժշտական դպրոցներ, պարի խմբեր, տարբեր մասնագիտական դասընթացներ եւ հարուստ գրադարաններ։ ԽՍՀՄ հայտնի բոլոր երգիչները հանդես էին գալիս Սպայի տներում։ Նրանցից շատերն իրենց ստեղծագործական ուղին սկսել են հենց Սպայի տնից։

ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ վայրերում այդ կառույցների գործունեությունը դադարեց, սակայն Երեւանում շարունակեց գործել, եւ նախկին բարի ավանդույթները դրվելով ազգային հենքի վրա, Սպայի տունը վերածեցին մշակույթի, ժամանցի կազմակերպման կարեւոր կենտրոնի` թե՛ զինծառայողի եւ նրա ընտանիքի անդամների, և թե՛ քաղաքացիների համար։

ՀՀ ՊՆ Սպայի տունը ուներ երաժշտական դպրոց, գործում էին տարբեր խմբակներ, մասնագիտական տարբեր դասընթացներ (զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաների համար` անվճար)։ Այսօր գործում են «Զորական» երգի (գեղ. ղեկավար՝ Արամ Գալստյան), «Սարդարապատ» պարի (գեղ. ղեկավար՝ Մուրադ Հակոբյան) համույթները, որոնք իրենց հրաշալի կատարումներով հանդես են գալիս տարբեր միջոցառումների ժամանակ, զորամասերում, իրենց ոգեշունչ ելույթներով նոր լիցք հաղորդում սահմանին կանգնած մեր զինվորին։ Մասնակցում են նաեւ միջազգային տարբեր զինվորական փառատոների՝ բերելով միայն գլխավոր մրցանակներ։ Սպայի տան սաներից շատերն այսօր հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմերում։

ՀՀ ՊՆ Սպայի տունն իր գործառույթներն իրագործում է նաև մշակութադաստիարակչական, ռազմամասսայական աշխատանքի, մշակութաժամանցային, արհեստագործական եւ նմանատիպ այլ ոլորտներում։

Ցավոք, այսօր Սպայի տան շենքային պայմանները լիարժեք գործունեություն ծավալելու հնարավորություն չեն ընձեռում։ Նախատեսվում է կառուցել նոր շենքային համալիր, որը կունենա ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ՝ սպայական ժողովների եւ խորհրդակցությունների, կինո-համերգային, զինվորական հանդիսությունների, սպորտային դահլիճներ, համակարգչային ուսուցման կենտրոն, ռազմական փառքի սրահ, գեղարվեստական նկարների եւ քանդակների ցուցահանդեսների սրահ, ռադիոհանգույց, կաբելային հեռուստակենտրոն, գրադարան, լսարաններ, մի խոսքով այն ամենը, ինչ այսօր անհրաժեշտ է Սպայի տանը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ազգային բանակ


23/11/2011