Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԳՆԵՑԻՆ, ՈՐ ՕԳՆԵՆՔ



Օրը մեկ ծնվող հասարակական բարեգործական կազմակերպություններով ոչ մեկին չես զարմացնի, ուրիշ բան է, եթե դրանք աշխատանքով ու գործունեությամբ կարողանան արդարացնել իրենց գոյությունը ժողովրդի աչքում։

«Երաշխավոր» հայրենասեր այրիների» հասարակական կազմակերպությունը, որը հիմնականում կազմված է ծառայական պարտականությունների ժամանակ զոհված, մահացած զինծառայողների այրիներից եւ նրանց ընտանիքի անդամներից, մեն ու միակ մի նպատակ ունի՝ շարունակել մեր հարազատների գործը, շարունակել նրանց առաքելությունը եւ լինել հայոց բանակի, հայ զինվորի կողքին։

Գործունեության նման ուղղվածություն ունեցող կազմակերպություն ստեղծելու միտքը ես հղացա, երբ կորցրի ամուսնուս՝ գնդապետ Արտաշես Հոբակյանին։ Նա զինվորականի երկար ու դժվարին ուղի էր անցել, ծառայել էր ԽՍՀՄ զինված ուժերի ռազմածովային նավատորմում, այնուհետեւ մինչեւ իր կյանքի վերջին օրը հայոց բանակում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

Թեեւ «Երաշխավորը» ընդամենը երեք տարվա կենսագրություն ունի, բայց արդեն հասցրել է իր հայրենանվեր գործունեության համար գնահատանքի եւ պատվոգրերի արժանանալ։ Ինձ համար հատկապես թանկ է այն պատվոգիրը, որը մեր կազմակերպությանը շնորհեց ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Արդեն երկու տարի է, ինչ հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ մեր կազմակերպության ուժերով եւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ անընդմեջ կազմակերպվում է «Հիշատակի տուրքի արարողություն» հուշ-ծրագիրը՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Համերգային այս ծրագիրը կյանքի կոչելուն իր աջակցությունն է բերել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Այս տարի ՀՀ ՊՆ աջակցությամբ համերգային ծրագրերով մեկնեցինք Արցախ։ Մեզ հետ համագործակցում էր «Քեթրին» ՀԲԿ-ն (տնօրեն՝ Ս. Մխիթարյան)։ Հագեցած օրեր անցկացրինք Արցախում։ Պանթեոնում ծաղկեպսակ դնելուց հետո մենք անակնկալ այցելեցինք Ստեփանակերտի ծննդատուն եւ նվերներ մատուցեցինք նորածինների մայրերին։ Եղանք նաեւ մանկական հիվանդանոցում։ Նրանց համար մանկական սնունդ եւ բուժպարագաներ էինք տարել։ Բուժպարագաներ նվիրեցինք նաեւ կենտրոնական զինվորական հոսպիտալին։ Այստեղ կուզեի հիշատակել, որ արդեն երկրորդ տարին մեր կազմակերպությանը, բուժպարագաներ տրամադրելով, աջակցում է «Քարավան-88» հասարակական բարեգործական կազմակերպությունը (նախագահ՝ Զոյա Ջուլհակյան)։

Հատկապես անմոռանալի էր մեր հանդիպումը Ասկերանի զորամասի զինվորների հետ։ Հայ մարտիկները, ի շնորհակալություն, մեր մեծաթիվ պատվիրակության անդամներին թարմ, իրենց իսկ ձեռքերով աճեցրած վարդեր նվիրեցին։ Իսկ մենք պարգեւներ տվեցինք ծառայության մեջ աչքի ընկած, կարգապահ, արտերկրից ծառայության եկած զինվորներին։

Մեզ նույնպիսի ուրախությամբ դիմավորեցին Մարտակերտի զորամասում (հրամանատար Նորայր Ասլանյան)։ Այստեղ արդեն մեզ էր անակնկալ սպասում։ Պարզվեց, որ ոչ թե մենք ենք գնացել նրանց ուրախացնելու, այլ զինվորները՝ մեզ։ Չէինք հավատում, ասես ոչ թե մարտական հզոր զորամասում էինք, այլ երաժշտական զորամասում։ Զինվորները նվագում էին երաժշտական գործիքներով եւ ուրախ պարում էին ու երգում։ Մենք բոլորս զգացված էինք։ Զինվորների ուրախությունը վարակիչ էր եւ հուսադրող։ Զորամաս մեր այցելությունը հովանավորել էին «Արցախբանկը» (Կարո Ներսիսյան) եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը։

Ես ուզում եմ շնորհակալական խոսքեր ասել ԼՂՀ ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կապերի վարչության պետ գնդապետ Շահեն Այդինյանին, փոխգնդապետ Կարո Համբարձումյանին, լեյտենանտ Դավիթ Օհանյանին եւ բոլոր նրանց, ովքեր Արցախում գտնվելու օրերին օգնեցին ու աջակցեցին մեզ։ Շնորհակալական խոսք եմ ուզում ասել նաեւ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊՆ բարձր հրամանատարությանը։

ՆՎԱՐԴ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Երաշխավոր» հայրենասեր այրիների» ՀԿ նախագահ

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Բանակ և հասարակություն


23/11/2011