Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵՐ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ…
ՍԵՐ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ…

ՍԵՐ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ…Կարինեի նամակներից: Սեպտեմբերի 30.2020թ.. «Ուղիղ 28 տարի առաջ Հրազդան քաղաքում ծնվել են առյուծասիրտ երկվորյակները, որոնք հենց հիմա կենաց-մահու կռիվ են տալիս՝ իրենց հայրենի Արցախի սահմանները պինդ են պահում։ Հետաքրքիր է, որ հենց այսօր, 28 տարի հետո, մենք՝ երկու քաջերի կանայք ու երեխաները, Հրազդան քաղաքում ենք։ Ցերեկը երեխաների մոտ արցունքները զսպելով՝ գիշերը բարձի տակ կամացուկ հեկեկում ենք ու սպասում, որ գոնե մեկից մի նորություն լինի։ Ո՞նց են մեր ամուսինները, չգիտենք։ Չէ՜, զանգել չի կարելի, հարցեր տալ չի կարելի, առաջինը՝ կապ չկա, երկրորդն էլ՝ հետևում են, լսում են… Նորություն չունենք, բայց ամեն վայրկյան հետևում ենք. կարևորը՝ անունները չկան սև ցուցակում։ Շնորհավոր ձեր ծնունդը, Նարեկ ու Արայիկ Հովհաննիսյաններ։ Անչափ սիրում ենք ձեզ, պի՛նդ եղեք… անկոտրո՛ւմ եղեք… զգո՛ւյշ եղեք … Ձեզ շատ սպասողներ կան …»:

Նոյեմբերի 2.2020թ. «…Այսօր լրացավ մեր ամուսնության չորրորդ տարին։ Երբեք էլ այս օրը միասին չենք նշել, դու միշտ դիրքերում ես եղել։ Քո ծառայությունը միշտ գերադասվել է մեր սիրուց։ Բայց դեռ երբեք դիրքերում այսքան արյուն չի եղել, ոչ էլ թիկունքում՝ այսքան արցունք… Արի՛, որ սրբես արցունքներս։ Այսօր քո մեծ սերը Հայրենիքդ է, որի պաշտպանության դիրքերում ես կանգնել ու նույնիսկ ինձ զանգելու ժամանակ չես գտնում՝ քո «մինչպատերազմական մեծ սիրուն»։ Ի՛մ սեր, ի՛մ հպարտություն, իմ ամե՛ն ինչ, քեզ շատ եմ սիրում՝ աշխարհի չափ, ի՛մ հերոս: Երանի շուտ ավարտվի պատերազմը, երանի արդեն քեզ տեսնելու պահը լիներ, որ գրկեի քեզ ու զգայի՝ խաղաղությունն եմ գրկում…»:

…Ընտանեկան լուսանկարներում՝ Կարինեի ջերմություն, երջանկություն ճառագող գեղեցիկ աչքերն ապակու պես սառն են ու անհաղորդ. հայացքն անորոշ թափառում է սենյակում, կանգ է առնում մեզ բաժանող սեղանի վրա, գրչին, թղթին, կարծես նյութեղեն ինչ-որ բան է փնտրում, որից կարողանա կառչել, հենվելով՝ մի փոքր բարձրացնի հոգեկան ցավից կորացած մեջքն ու շարունակի ամենօրյա պայքար-մաքառումը… Միայն մերթընդմերթ հոսող արտասուքի տաք առվակներով են ջերմանում աչքերը, երբ ցավեցնող զգացմունքները թաքցնելու համար հայացքն իջեցնում է հատակին: Նրա սիրտն ուրիշ ոլորտներում է, որտեղ տաքություն չկա, միայն լույսի հսկայական կուրացնող խուրձն  է ու անվերջությունը…

Անբացատրելի մի հիվանդություն, երեխաներին Արցախ՝ իրենց տուն  տեղափոխելուց հետո, Կարինեին ստիպեց Երևան գալ, դիմել բժշկի. տեսողությունը հետզհետե նվազում էր, ու վերջապես աչքի լույսը գրեթե լիակատար կորավ, որի պատճառը նրան զննող բժիշկը միայն երիտասարդ աղջկա կրած սթրեսով կարողացավ բացատրել: Այդուամենայնիվ, վիրահատությունից հետո տեսողությունը մասամբ վերականգնվեց: Շուտով կմեկնի իր վիրավոր ծննդավայրը, անպայման երեխաների հետ կտեղավորվեն Նարեկի ստեղծած ընտանեկան հարմարավետ օջախում:

-Սկզբում դժվարանում էի վերադառնալու վճիռ կայացնել,- որոշակի ճիգ գործադրելուց հետո սկսում է խոսել,- մտածում էի, որ անտանելի ցավոտ կլինի հատկապես Շուշիի կողքով անցնելը: Մարդիկ հիմա  աչքերը փակելով են անցնում այստեղով. սիրտ չեն անում նայել մեր հպարտ բերդաքաղաքի «երեսին»… Ստեփանակերտում է մեր տունը, որ Նարեկն ամբողջությամբ իր ձեռքերով վերանորոգեց: Մեր երկու տարվա չարչարանքն է. ամեն կոպեկ ծախսվում էր այդ ջերմ օջախը ստեղծելու վրա: Վերանորոգման ընթացքում ինձ չէր թողնում գնալ, տեսնել, ասում էր. «Անակնկալ եմ ուզում անել քեզ: Վերջում կտեսնես»: Ասում էի. «Նարե՛կ ջան, ախր, այդպես չեն անում, կինն ինքը պետք է ընտրի գոնե խոհանոցի կահ-կարասին»: «Չէ՛, նույնիսկ խոհանոցի կոնֆետի ամանը ես պիտի դնեմ սեղանին, կոնֆետներն էլ մեջը լցնեմ, նոր կգաս ու ամեն ինչ պատրաստ կտեսնես»: Իրենից թաքուն մի անգամ գնացի, տեսա: Գիտեր, թե ինչ գույներ եմ սիրում. ամեն ինչ իմ սրտով էր, ամեն ինչ… Ռազմի դաշտից զանգում, ասում էր՝ «Չմտածե՛ս, կգամ, կգնանք մեր տունը…»:  Իհարկե, ամուսնուս ձեռքի վերջին գործն է, այդ տանը կապրեմ երեխաներիս հետ: Անորոշ է վիճակը, անհասկանալի, աղոտ է ապագան, բայց հողը ինձ կանչում է. պիտի գնամ: Նարեկը մեր հողի համար իր կյանքը տվեց, ու դրանով այն ավելի թանկացավ…

-Ինչո՞վ էր Նարեկը յուրահատուկ,- հարցնում եմ զգուշորեն՝ փորձելով դուրս բերել  նրան հիշողությունների թմբիրից,-պատմի՛ր նրա մասին:

ՍԵՐ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ…-Ամեն ինչով: Երբ նոր էինք ամուսնացել, ինձ ասաց. «Կա՛ր, չեմ ուզում, որ աշխատես: Ուզում եմ տանը լինես, երեխաների հետ, որ կարողանաս ինչպես հարկն է դաստիարակել, հետևել նրանց»: Բայց երբ մի օր ինձ դպրոցում ուսուցչի աշխատանք առաջարկեցին, փոխվեց.  «Կա՛ր, գիտե՞ս, այնպե՜ս էին փայլում աչքերդ, ոգևորությունդ այնքան մեծ էր… Չվախենաս, ես հարյուր տոկոսով վստահ եմ ուժերիդ»: Այսպես զորամասից զանգով ինձ նախապատրաստեց առաջիկա հարցազրույցիս: «Ի՛մ աղջիկ, անչափ հպարտանում եմ քեզնով…»,- վերջին զանգերից մեկին ասաց գորովանքով: Իրականում, ես իրենով ավելի շատ էի հպարտանում: Հպարտանում էի, որ այդքան շատ է սիրում իր Հայրենիքը…

Ավագ լեյտենանտ էր, հետախույզ: Սկզբում Մատաղիսում էր ծառայում, այնուհետև՝ «Եղնիկներում»: Շատ քիչ էր տանը լինում: Ծառայության մասին ոչ մի բան չէր պատմում. երբ տան շեմքից ներս էր մտնում, բոլորովին որիշ մարդ էր. մեր առօրյա հոգսերով, ուրախություններով, երեխաներով էր ապրում:  Նա պատերազմի ծնունդ էր. երբ մայրը զույգով հղի էր՝ 1992-ին, այնպիսի ծանր իրավիճակ էր Արցախում, որ ստիպված էր ծննդաբերելու համար Հայաստան գալ: Այստեղ էլ ծնվեցին եղբայրները: Հրազդան քաղաքում հինգ ամիս մնալուց հետո կրկին կրակե հնոց՝ հայրենի Արցախ… Միշտ ասում էր. ուզում եմ երեխաներիս այն մանկությունը տալ, որը ես չեմ ունեցել պատերազմի պատճառով: Ամեն ինչ էր տալիս երեխաներին՝ սեր, ջերմություն, ուրախություն. երբ տանն էր՝ անվերջ խոսում էր նրանց հետ: Բայց միշտ էլ քիչ էր ժամանակը. ուշ էր գալիս, շատ վաղ գնում: Իսկ գիշերները անգամ տանը չէր հանգստանում. քնի մեջ էլի դիրքերում էր,  խոսում էր. «Տղե՛րք, զենքերը մաքրե՛ք, դիրքերը կարգի՛ բերեք…»:

Ամիսներ շարունակ կարող է իրար չտեսնեին, բայց դրանից նրանց սերը միայն ավելի էր բոցավառվում…

-Անցած ձմեռ էր,- պատմում է Կարինեն: Ջերմ քնքշանք կա ձայնի մեջ,- Իվանյանում՝ մորս տանն էի մնում. Նարեկը, ինչպես միշտ, դիրքերում էր:  Երկրորդ հարկում էինք, դուռը գիշերը կողպել ու քնել էի: Մեկ էլ ուշ մի ժամի արջի պես մեկը պատշգամբիս դուռը բացեց ու ծանր քայլերով մտավ ներս: Վախից քարացա: Մթան միջից դուրս եկավ Նարեկն ու պինդ գրկեց ինձ: Հետո ձեռքիցս բռնեց, տարավ պատշգամբ. «Նայի, նայի՜, այ էսպես է լինում սերը: Ես գիտեմ, որ թուրքի ձեռքից կպրծնեմ, կգամ, քո շենքի տակ կմեռնեմ…»: Հարևանի վառարանի ծխնելույզով բարձրացել էր վեր, մտել ներս: Երեխայի պես ծիծաղում, ուրախանում էր իր հնարամտության վրա:

ՍԵՐ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ……Ամուսնությունից մեկ ամիս էր անցել: Որոշել էինք զագսով ամրագրել մեր միությունը: Օրը եկել էր, Նարեկը չկա. պայմանավորված օրը չէր կարողացել ծառայավայրից դուրս գալ: Եթե չգնայինք, խոսակցություններ էին լինելու: Նարեկը հեռվից հեռու «լիազորեց» իր զույգ եղբորը՝ Արայիկին, ու իր փաստաթղթերով նրա հետ ներկայացանք զագս: Արարողությունից հետո աշխատողները, որ ճանաչում էին մորս, ասել էին. «Արմինե՛ ջան, էդ ի՜նչ սառն էին նորապսակները, իրար ձեռք էլ չբռնեցին»,- արցունքների միջից ժպտում է Կարինեն:

Երբ պատերազմը սկսվեց, Նարեկը «Եղնիկներում» էր: Կարինեի մորաքրոջ որդին՝ Հարութը, հարազատ եղբայրը՝ Կարենը, ու Նարեկի եղբայրը՝ Արայիկը, անմիջապես շտապել էին նրա մոտ: 21 օր նրանցից ոչ մի լուր չկար: Հետո զանգեց Արայիկը. պարզվեց՝ թշնամու թիկունքում հատուկ գործողություն կատարելիս շրջափակման մեջ էին հայտնվել, կատարել առաջադրանքը, հրաշքով փրկվել շրջափակումից: Մարտերը շարունակվում էին: Որոշ ժամանակ անց լսելով, որ թշնամին Նարեկի ու Արայիկի հայրենի՝ Ավետարանոց և Մոշխումհատ գյուղերին է հասել, վճռել էին տեղափոխվել այդ ճակատ՝ գյուղերի պաշտպանությանը մասնակցելու: Մինչև տեղ կհասնեին, թշնամին արդեն Քարինտակի մատույցներում էր: Նարեկը նշանակվեց Քարինտակի ջոկատի հրամանատար: Մարտեր մեկը մյուսի հետևից. ծանր ու կորուստներով լի մարտեր, որոնց մասին Կարինեն այժմ էլ շատ մանրամասներ չգիտի. չի ասել, խնայել է: Կարինեն Նարեկին կատակախառն խանդով ասում էր. «Ես քո մինչպատերազմական սերն եմ»: Ապրիլյան պատերազմին էլ էր մասնակցել երիտասարդ սպան: Մասամբ էլ նրա քաջագործությունների մասին պատմություններն էին աղջկան սիրահարեցրել կյանքում ամեն ինչի սեփական ուժերով հասնող, կամային երիտասարդին. «Ասում եմ՝ ինչ լավ է, որ Ապրիլյանի ժամանակ դեռ ամուսնացած չէինք. սարսափելի բան է, երբ սիրելիդ կռվի դաշտում է…»:

Առաջնագծից մի օր տեսագրություն էր ուղարկել. խաղաղ մի պահի մեծ բավականությամբ կոնֆետ էր ուտում: Իրենից անկախ բացականչել էր. «Վա՜յ, ես քո կերած կոնֆետին մատաղ»:  «Իրենց կռվող տղերքից մեկն է պատմել. չէր կարողանում կարդալ իմ նամակները: Պատմում էր, թե ինչպես երկու տող կարդալուց հետո ձայնը դողում էր. արցունքները խեղդում էին»: Ոչնչից չընկճվող, հզոր մարտիկին կարոտն էր խեղդում …

Կարինեի հայրը՝ Արթուր Շահնազարյանը, Բաքվում է ծնվել: 1992 թ. ջարդերից հետո տեղափոխվել էին Թաղավարդ գյուղը, հետո՝ Ստեփանակերտ: Այժմ արդեն Թաղավարդն էլ թշնամու ձեռքում է: Կարինեի տատիկը միշտ ասում էր. «Մարդ երկու անգամ տուն կառուցի, երկուսն էլ տա թուրքին ու հեռանա՞…»: Կարինեի հայրը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին: Մականունը «Մալիշ» էր. 18 տարեկան տղան իրենց ջոկատի ամենաերիտասարդ մարտիկն էր: «Պապաս Մոնթեի հետ է կռվել՝ Մարտունի-Քարվաճառի հատվածում, մասնակցել է Շուշիի ազատագրմանը… Ամուր, շատ ուժեղ, կամային մարդ է»: Կարինեի հայրն ու մայրը պատերազմի ընթացքում են ծանոթացել: Վիրավորվել էր Արթուրը, հոսպիտալում պառկած էր, երբ հեռավոր ծանոթները՝ Կարինեի մայրն իր մոր հետ, տեսակցելու եկան երիտասարդին: Տեսել էր աղջկան ու…սեր առաջին հայացքից:

Նարեկն էլ Կարինեին համալսարանում էր տեսել. աղջիկը այն ժամանակ ուսխորհրդի նախագահն էր: Գործնական հանդիպում էր, որի ժամանակ Նարեկի սիրտը կպավ խելացի, շեկլիկ, խաժաչք գեղեցկուհուն: Հետո արդեն հաճախակի գալիս էր համալսարան, հեռվից նայում, իսկ Կարինեն չէր էլ նկատել, որ իրեն հետևում են: Իր սիրո մասին խոստովանեց Կարինեի եղբոր՝  իր ընկեր Հարութի հարսանիքին: Պատերազմի օրերին երեքով՝ Նարեկը, Հարութն ու Նարեկի երկվորյակ եղբայրը՝  Արայիկը, ուս ուսի կռվելու էին… Ի դեպ, Հարութ Մնացականյանը պատերազմի ընթացքում իր անկեղծ ու հուզիչ տեսագրություն-ուղերձով հայտնի դարձած երիտասարդն է. ուղերձն արագ տարածվեց համացանցով մեկ ու շատերի սրտերը շարժեց…

-Նեղացած եմ Նարեկից,- Կարինեն հայացքը կրկին իջեցրել է. մանկական մի ըմբոստություն կա կերպարանքում,- խնդրում էի. «Գոնե մի անգամ արի՛, քեզ տեսնեմ, էլի գնա՛»: «Չեմ կարող դիրքս թողնել»,- պատասխանում էր: Ասում էի՝ «Գոնե ես գամ»: «Նույնիսկ չմտածես այդ մասին»: Շատ խառը զգացումներ են իմ մեջ հիմա: Գիտեմ, որ էլ չի գալու, բայց… բայց…սպասում եմ, կսպասեմ…:

Նարեկը մինչև վերջ չհեռացավ իր դիրքից: Շուշիի համար մղվող վերջին, ճակատագրական մարտերն էին: Երբ հրաման եկավ նահանջելու, իր ստորաբաժանման ողջ մնացած տղաների մի մասին հետ ուղարկեց, ինքը հրաժարվեց թողնել դիրքը… Նոյեմբերի 7-ն էր: Նախորդ օրը զանգել էր Կարինեին, ասել. «Կա՛ր, երեխաներին լավ կնայես…»: Երիտասարդ կինն ամեն ինչ հասկացել էր, հրաժարվել էր հավատալ… Մի քանի օր անց գտան աննկուն մարտիկի անշունչ մարմինը:

Նոյեմբերի 20-ին հուղարկավորությունն էր՝ «Եռաբլուրում»: Հիշում եմ Կարինեի հետ մեր առաջին զրույցը հեռախոսով: Նա վերացած էր, ձայնը խուլ, ասածիս անհաղորդ. հետո պետք է իմանայի, որ հենց այդ օրը՝ մահվանից օրեր անց, Նարեկի մարմինը տուն էին բերել: «Հոգեհանգստի գիշերը Նարեկը երազիս եկավ, ասաց. «Ինձ խայտառակ չանես, Կա՛ր, չլացե՛ս հանկարծ»: Այդ օրն այնքան հյուծված էի, չէի հավատում, որ նա չկա, գրկեցի սառած մարմինն ու քնեցի: Երևի, սովորության համաձայն, իր մոտ ինձ հանգիստ էի զգում: Այդ օրը երկար բաժանումից հետո քնեցի նրա գրկում… Կողքից մի պահ մտածել էին, որ նորից ուշագնաց եմ եղել: Հիշում եմ միայն, որ ինչ-որ մեկը շշնջաց. «Չէ՛, քնած է, թողե՛ք՝ քնի, հանգստանա: Միայն քիչ հեռու բերեք՝ չսառչի»:

Կարինեն նորից փոքրացել, մի բուռ է դարձել: Աչքերը՝ հատակին, ձեռքերի մեջ պինդ սեղմել է արցունքներից խոնավացած անձեռոցիկը, ամբողջ հոգով զգում եմ նրա հոգին պարուրող կտրող ցուրտը: Անկախ ինձնից ուզում եմ տաքացնել նրան, գրկում եմ: Անընդգրկելի ցավ կա այս փոքրիկ մարմնում. մի պահ ինձ թվում է՝ վիրավոր Արցախն եմ գրկել: Բայց այդ ցավի մեջ որքան կամք կա նաև, որքան ուժ ու կորով…

Երկու օրից Կարինեն կմեկնի Արցախ՝ Նարեկի մասին ամենավառ ու կենդանի հիշողություն՝ իր «երկու զույգ փայլող աչուկների»՝ մանկահասակ դստեր ու որդու մոտ, կշարունակի իր պայքար-մաքառումը՝ հանուն երեխաների, հանուն ապագայի, հանուն Արցախի անպարտ ոգու…

Կարինեի նամակներից. նոյեմբերի 19.2020 թ. «Բոլոր հնարավոր ու անհնար ձևերով կապեցիր ինձ քեզ, «ստիպեցիր» զգալ աշխարհի ամենաուժեղ, ամենամաքուր, ամենասիրուն զգացմունքը, իսկ հետո սկսեցիր օրերով լքել ինձ՝ հանուն քեզ համար ամենաթանկի՝ Հայրենիքի… Քեզ քո Ամենայից հետ չպահեցին անգամ մեր սիրո շարունակություն երկու զույգ փայլող աչուկները։ Դու ամեն անգամ ասում էիր, որ աշխարհում ամենաշատը մեզ ես սիրում, բայց, այնուամենայնիվ, գնում, կենդանի վահան դառնում Հայրենիքի քեզ վստահված սահմանին… Հետո սկսվեց պատերազմը, Հայրենիքդ ավելի մեծ ուժով կապեց քեզ իրեն, իսկ մեզ ուղարկեց պանդխտության, որ հանկարծ չկանգնենք քո և իր միջեւ.. Հետո սկսեցի քո մասին լսել ուրիշներից, դու չէիր զանգում, օրեր անց պարզվեց՝ էլի մահվան աչքերին ես նայել, բայց հայացքիցդ վախեցած՝ փախել էր էս աշխարհի ամենահզորը թվացող Մահը։ Դրանից հետո քեզ թվաց՝ անմահ ես, քեզ թվաց՝ բոլոր ընկեր-քաջերդ են անմահ։ Բայց երբ գնացիք Շուշին պահելու, մահը շատ էր փոխվել, առաջվա միամիտը չէր, որ հետդ արդար մարտի դուրս գար… Իսկ դու սովոր չէիր էդ տեսակ մարտերի, քո պայքարը պարզճակատ էր… ուստի պարտվեցիր, իմ ՍԵՐ։ Էդպես մնացի անտուն ու անտեր։ Մնացի մղկտացող սրտիս հետ մեն-մենակ…

Բայց եւ ստիպեցիր, որ ուժեղ լինեմ, ստիպեցիր ինքնուրույն դառնալ։ Նամակը, որ ուղարկել էի քեզ, քաջերիդ պատմելով՝ մի քանի տողից ավելի չէիր կարողացել կարդալ. արցունքներդ խեղդում էին։ Դու, որ ժայռից էլ կարծր ոգու տեր էիր, մի սովորական նամակից ինչո՞ւ էիր արցունքոտվում։ Գուցե, որովհետեւ հայրենիքդ մեր ընտանիքն էր, բայց դու գնացիր լեռներում ու կիրճերում, հարթավայրերում ու անտառներում այն փնտրելու՝ զենքով ու կամքով, քո արիությամբ… Նամակս դրեցիր կրծքիդ մոտ՝ գուցե հավատով, որ կպաշտպանի քեզ, իսկ այսօր եղբայրդ այն վերադարձրեց ինձ արյունոտված…

Ինձ մի ամբողջ կյանք թարմ ու փարթամ ծաղկեփնջեր մնացիր պարտք. այսուհետ ես դրանք կբերեմ քեզ՝ «Եռաբլուր», որտեղ քեզ պես խիզախների հետ վաղվանից կննջես խաղաղությամբ… Հպարտությունս անսահման է, ԻՄ ՀԵՐՈՍ, վիշտս՝ քառակի…»:

Շուշիի մատույցներում, Շուշին պաշտպանելու մեկնելու առաջին օրը Կարինեի մորաքրոջ որդին՝ Գուրգենը զոհվեց՝ Հարութի հարազատ եղբայրը, իսկ վերջին օրը՝ Նարեկը: «Չե՛նք տա Շուշին մենք ուրիշին…», երգը շուրթերին էին գիտակցված մահվան գնում…

Նրանք՝ մեր հերոս տղաները, չմահացան, նրանք լուսե ճրագներ դարձան մեր ճանապարհին, ուղեցույց, պահանջ ու արժանապատվություն՝ բառիս ամենավեհ իմաստով…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ