Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԶԱՆԻՑ ՏԱՐԱՎ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ



ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԶԱՆԻՑ ՏԱՐԱՎ ԱՄԵՆԱԹԱՆԿԸԱրցախում պատերազմական գործողությունների առաջին օրը զոհվեց Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագ 18-ամյա Հենրիկ Հակոբյանը: Նա օգոստոսին էր զորակոչվել բանակ: Ծառայությունն անցնում էր Մարտակերտում: Ծառայում էր որպես ականանետորդ: Պատանի Հենրիկը հոր՝ ջրագնդակի հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանի  հորդորով զբաղվել է ջրագնդակով, ընդգրկվել հավաքականում, նվիրվել սպորտին, մարզվել եւ աշխատել հոր հետ՝ որպես ջրագնդակի մարզիչ:

– Ինձ բոլորը ընկեր Համիկ են ասում: Որդիս էլ էր սիրում ընկեր Համիկ ասել: Հենրիկի կյանքն անցել է սպորտում: Նվիրվեց սպորտին, ապրեց սպորտով: 5-6 տարեկանից սկսել է զբաղվել տարբեր մարզաձեւերով։ Քանի որ ես ջրագնդակի մարզիչ էի եւ իմ մասնագիտությամբ սկսել էի խորությամբ զբաղվել, որդուս վերցրի ինձ մոտ: Մարզաձեւի նկատմամբ սերը կար, նվիրված էր շատ: Վերջին տարիներին արդեն դարձել էր Հայաստանի հավաքականի անդամ: Սիրված ու հարգված էր ինչպես դպրոցում, այնպես էլ հավաքականում,- պատմում է հայրը:

-Հենրիկը մեր միակ զավակն էր, մեր տան միակ ճրագը: Երևի նաև այդ էր պատճառը, որ նա միշտ մեր ուշադրության կենտրոնում էր: Հատկապես ինձ հետ շատ կապված էր. միշտ ինձ հետ է եղել, իմ աչքի առաջ՝ մարզումներին, աշխատանքում, տանը: Իրենով շատ ենք զբաղվել: Այնքան էր մեծացել, որ  նույնիսկ խորհուրդներ էր տալիս: Վերջին տարիներին առանց նրա որեւէ որոշում մեր ընտանիքում չի կայացվել: Երկար ժամանակ չեմ հավատացել նրա զոհվելուն: Զոհվելուց 15 օր անց նոր գտել ենք նրա այրված մարմինը, այն էլ ԴՆԹ-ի շնորհիվ,- հուզմունքը մի կերպ զսպելով հիշում է հայրը:

Դեռ մանկուց ծնողները նրան սովորեցրել են, որ կյանքում խիղճն ու բարի կամքը պետք է առաջնահերթ լինեն, որ թույլերին պետք է օգնել, աղջիկներին պաշտպանել: Այդ ոգով էլ մեծացել, հասակ է առել ականանետորդ Հենրիկ Հակոբյանը:

Հենրիկը դպրոցում լավ է սովորել: Ծնողական ժողովներից մայրը միշտ հպարտ էր գալիս տուն: Միշտ օրինակ էին բերում Հենրիկին թե՛ սովորելու տեսակետից, թե՛ մարդկային արժանիքների:

-Օրերս մոմավառություն էր Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139  միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է Հենրիկը: Չեք պատկերացնում, թե  աղջիկներն ինչպես էին սգում: Ասում էին՝ աննկարագրելի լավ մարդ էր ու կարեկից ընկեր, բոլորին օգնող, բոլորին հասնող,- ասում է հայրը:

Հայտնի ճշմարտություն է. զավակի դաստիարակության գործում անուրանալի մեծ է  ծնողի դերակատարումը: Սակայն տղամարդուն դաստիարակում է նաեւ սպորտը, մասնավորապես՝ մեր մարզաձեւը՝ ջրագնդակը:

Հենրիկը մինչեւ վերջ նվիրվեց սպորտին, մարզվեց մինչեւ վերջին օրը՝ բանակ գնալուց առաջ: Թիմային մարզաձեւ, կոլեկտիվի զգացողություն, ընկերոջը, խաղընկերոջը հասկանալու, հասնելու զգացողություն. այս ամենը սպորտն է կրթում եւ դաստիարակում տղամարդուն: Բարդ մարզաձեւ է, ջրում մաքրությունն է միայն խոսում մեր մարզաձեւում: Ով սկսում է զբաղվել, սիրել ջրագնդակը, հիվանդանում է այս մարզաձեւով: Հենրիկը «հիվանդացել էր» ջրագնդակով. առանց մարզումների, առանց պայքարի, առանց իր թիմի, թիմային ընկերների նա իր կյանքը այլեւս չէր պատկերացնում: Պատահական չէ, որ իր ամենամոտ ընկերներին ձեռք բերեց հենց սպորտում:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԶԱՆԻՑ ՏԱՐԱՎ ԱՄԵՆԱԹԱՆԿԸՀենրիկը Հայաստանի հավաքականի ավագն էր: Բացի մարզվելուց, նաեւ մարզում էր:

-Թիմում նա ինձ համար մարզիկ էր բոլորի պես: Կարողանում էր թիմին համախմբել, կենտրոնացնել մարզումների վրա,- անկեղծանում է մարզիչ հայրը:

Հենրիկ Հակոբյանը, բացի սպորտից, կյանքում կարեւորել է նաեւ բարձրագույն կրթությունը: Երազել է տնտեսագետի մասնագիտության մասին եւ նախքան զորակոչվելն ընդունվեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ:

-Քանի որ Հայաստանում ջրագնդակը 18 տարեկանից հետո հեռանկար չունի, Հենրիկը շատ լավ գիտակցում եւ հասկանում էր մարզաձեւում առկա խնդիրները ու որոշեց, որ պետք է սովորի: Բանակ գնալուց առաջ ընդունվեց Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Շատ լավ մաթեմատիկա գիտեր ու ուզում էր տնտեսագետ դառնալ: Բարձր միավորներով ընդունվեց համալսարան, բայց չհասցրեց ապրել ուսանողական կյանքով ու գնաց բանակ:

Օգոստոսի 13-ին զորակոչվեց բանակ: Գնաց բարձր գիտակցությամբ եւ ուրախ: Ամեն օր զանգում էր, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է: Պահանջկոտ չէր, ոչինչ չէր ուզում ծառայության ընթացքում, 1,5 ամիս ծառայեց, բայց այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էր մեծ հեղինակություն վայելել զորամասում,- մանրամասնում է հայրը:

Շատ երազանքներ ուներ, որոնց մասին կիսվել է ընկերների հետ: Ասել էր՝ «Իմ ամենամեծ երազանքն այն է, որ հորս ու մորս լավ ապրելուց տեսնեմ»: Միշտ ասում էր, որ պետք է լավ սովորի, լավ մասնագետ դառնա ու լավ գործ ունենա, որպեսզի շատ փող աշխատի: Եվս մեկ մեծ երազանք ուներ. մեծ ծերանոց էր ուզում կառուցել:

-Հիմա այնպիսի ցավի մեջ ենք, որ աննկարագրելի է, բայց Հենրիկով, նրա կյանքով ու կյանքի պատմությունով հպարտ եմ եղել ու միշտ կլինեմ: Շատ ծրագրեր ունեմ դեռ իրականացնելու, որ Հենրիկի պատիվը, հիշատակը վառ պահեմ: Կյանքում եւ սպորտում ես դեռ շատ անելիքներ ունեմ Հենրիկի համար, հանուն Հենրիկի,- խոստովանում է մարզիչ հայրը:

-Պատերազմը մեզանից տարավ ամենաթանկը: Ու այդպես հազարավոր երեխաների: Ես կորցրի իմ միակ երեխային… Այժմ իմ սփոփանքն իմ սաներն են: Շարունակելու եմ աշխատել երեխաների, հավաքականի հետ: Եթե յուրաքանչյուրի մեջ մի փոքր Հենրիկ տեսնեմ, ինձ համար մեծ ձեռքբերում կլինի,- ասում է ընկեր Համիկը:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ

News.am

Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ճակատագրեր


17/12/2020