Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԾԻՎ ՄԵՆՈՒԱՆ



ԱՐԾԻՎ ՄԵՆՈՒԱՆ«Հայ զինվորի» բազմաթիվ ընթերցողներ նամակներ են գրել ինձ՝ խնդրելով պատմել Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի կյանքի ու սխրանքի պատմությունը, նկարել երկնագույն, խորունկ աչքերով մարտիկի հոգու դիմանկարը։ Ես, բնականաբար, դիմեցի Մենուա Հովհաննիսյանի մորը՝ լրագրող Կարին Տոնոյանին։ Ո՞վ, եթե ոչ մայրը կարող է ճանաչել որդու հոգին, տեսնել նրա ներաշխարհի ամենանուրբ գույները, իմանալ նրա թաքուն ու անթաքույց տենչերն ու երազանքները։

 

-Նույն ընտանիքում մեծանում են երկու, երեք տղա՝ տարբեր բնավորությամբ, տարբեր առաքինություններով, տարբեր հակումներով։ Դուք ի՞նչ կարծիքի եք, տիկին Տոնոյան, դա չի՞ նշանակում արդյոք, որ հայրենիքի հանդեպ սերն ու խիզախությունը բնատուր են, Աստված է ընտրում հերոսներին։

-Երբ իմ Մենուան ծնվեց, մեր ընտանիքը Ռուսաստանում էր ապրում։ Նոր էր սկսել խոսել, երբ հարցրեց՝ հայերեն ինչպե՞ս են ասում մամա, պապա, ասացի՝ հայրիկ, մայրիկ։ Այդ օրվանից սկսեց մեզ մայրիկ, հայրիկ կոչել։ Ջանում էր հայերեն խոսել ու բառացի թարգմանում էր ռուսերենից։ Մի անգամ ասաց՝ ուզում եմ դաշնամուր խաղալ, մեկ ուրիշ անգամ էլ թե՝ արի, ծաղիկը նստացնենք հողին։ Ճիշտ եք, հայրենասիրությունը բնատուր առաքինություն է, բայց Մենուայի դեպքում Աստվածատուր շնորհներին գումարվեցին նաև իմ ջանքերը։ Ես Մենուային փոխանցեցի ամբողջ հայրենապաշտությունը, որ ստացել էի պապիցս՝ հայտնի Մանուկ Տոնոյանից, որի մասին բազում գրավոր ու գեղարվեստական վկայություններ կան:

-Ձեզ հանդիպելուց առաջ ես զրուցել եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ճանաչել են Մենուային, ասում են՝ Մենուան բազմաշնորհ էր, ինչին դիպչեր, գեղեցկության էր վերածում:

-Դեռ մանկուց փայլուն նկարում էր: Երկրորդ, թե երրորդ դասարանում էր, երբ Ռուսաստանում բացվեց նրա ցուցահանդեսը:Նա կարող էր պատրաստել փայտից, քարից, կավից…ցանկացած նյութից և՝ այնպիսի վարպետությամբ: Քչերը գիտեն, որ «Հայ ասպետ» դպրոցը Մենուան իր ձեռքերով է կառուցել: Նա կատարում էր իմ բոլոր քմահաճույքները, կատարում էր անտրտունջ: Մի անգամ երևի չափն անցա, ասաց՝ մամա, մեկ-մեկ ես էլ եմ հոգնում: Հասկացա, որ իմ երազանքներով տարված՝ չեմ էլ նկատել, որ ծանրաբեռնել եմ տղայիս: Մենուան նվիրյալ էր: Նա ոչինչ չէր անում մակերեսորեն, ձեռքի հետ, այլ սիրտն ու հոգին դնում էր գործի մեջ, ամբողջ եռանդը, ամբողջ սերը:

-Ճի՞շտ է, որ Մենուան դասարան է «թռել» դպրոցում:

ԱՐԾԻՎ ՄԵՆՈՒԱՆ-Այո՛: Երբ մենք Ռուսաստանից տեղափոխվեցինք Հայաստան, ուսուցիչները ստուգեցին Մենուայի գիտելիքները, որպեսզի հասկանան, թե ռուսական դպրոց հաճախած երեխան հայկական դպրոցի ո՞ր դասարանում է շարունակելու ուսումը, ու պարզվեց, որ Մենուայի գիտելիքները համապատասխանում են իր տարիքից բարձր դասարանի: Մենուան այնքան բազմակողմանի զարգացած էր, միշտ զարմանում էի՝ երբ է հասցրել այդքան բան իմանալ: Եթե նա գիտեր, ապա գիտեր խորությամբ, եթե ինչ-որ բան էր անում, ապա՝ անթերի: Նրա հետաքրքրությունները սահման չունեին. սիրում էր հին աշխարհի պատմությունը, ուսումնասիրում էր տիեզերքը, փայլուն աշխարհագրություն գիտեր: Մենուան սիրում էր շրջագայել, մասնակցում էր «Հայ ասպետի» բոլոր արշավներին, գիտեր Հայաստանի ամեն մի անկյունը՝ քարը, ծառը, թուփը, հուշարձանների, մշակութային կոթողների պատմությունը:

Նա քուն ու դադար չուներ, անընդհատ ինչ-որ բան էր ձեռնարկում, նրա միտքը լի էր նոր մտահղացումներով, նոր արարումներով: Կարի արտադարամաս հիմնեց, որտեղ հայկական տարազներ էր կարում ու քնապարկեր՝ զինվորների համար: Ե՞րբ կարել սովորեց, չհասակացա: Որտեղից այդքան իմացություն. ապշեցուցիչ էր:

-Իսկ ինչպիսի՞ հայր էր Մենուան, ինչպե՞ս էր դաստիարակում իր երեխաներին:

-Եվ աղջկան, և տղային շատ էր սիրում, բայց որդու հետ անասելի ուժեղ էր կապված: Մանկապարտեզի աստիճանները վազելով էր բարձրանում, որ պահ առաջ տեսնի տղային: Որդու համար անընդհատ զենքեր էր գնում: Մեր ամբողջ տունը լցված է զենքերով: Ինքն ու որդին զինվորական համազգեստ էին հագնում…

-Մարդիկ հատուկ շեշտում են Մենուայի բարեկրթությունը, ասում են՝ ընդգծված ազնվականություն կար նրա պահվածքում:

-Նա այդպիսին էր ծնվել. բարեկրթությունը Մենուային հատուկ էր մանկուց: Բացառիկ ազնվությունը, արդարասիրությունը, պատվախնդրությունը, համարձակությունը արտացոլվում էին նրա կեցվածքում, պահվածքում, ձայնի, շարժուձևի, հայացքի մեջ: Մենուան կատարյալ էր և՛ մեծ գործերում, և՛ մանրուքներում…

-Ի՞նչ մանրուքներ…

-Ասենք՝ մեքենա վարելիս: Մեքենա վարելը արվեստ էր դառնում, երբ ղեկին Մենուան էր: Տեսե՛ք այս գրապահարանը: Մենուան է պատրաստել: Սա Մեծ Հայքի փայտաշեն մակետն է, մակետ-գրապահարան: Մենուայի երևակայությունը սահման չուներ: Նա անվերջ փնտրտուքի մեջ էր. ինչ-որ բան էր որոնում, մի բան, որ իրենն էր լիովին, մի տեղ, ուր իրեն կատարելապես լիարժեք կզգար: Ապրիլյան պատերազմից հետո, երբ վերադարձավ առաջնագծից, ասաց՝ մա՛մ, ես հասկացա, թե ինչ եմ ուզում, թե որտեղ է իմ տեղը: Ես երբեք այսքան ամբողջական ու ավարտուն չեմ եղել: Իմ տեղը բանակում է:

ԱՐԾԻՎ ՄԵՆՈՒԱՆՆա վարակվել էր զինվորական համազգեստ կրելու տենչով ու հայրենիքը պաշտպանելու մղումով: Սպա դառնալու ճանապարհին զանազան խոչընդոտների հանդիպեց, բայց համառորեն գնում էր դեպի իր երազանքը: Ու կրկնում էր՝ ես ծնված զինվորական եմ:

-Այսինքն՝ զինվորական եմ ծնվել:

-Այո՛: Երբ լսեցի պատերազմի լուրը, վաղ առավոտ էր: Մենուան դեռ քնած էր: Արթնացրի, ասացի՝ տղա՛ս, Արցախում կռիվ է: Արագ հագնվեց ու գնաց:

-Արցա՞խ..

-Այո՛:

-Հիմա արդեն հասկանում եմ, թե որտեղից էր նրան կորցնելու անբացատրելի վախը: Ես միշտ տագնապում էի, երբ նա կողքիս չէր: Երբ մորուք էր պահում, նմանվում էր սրբապատկերի՝ իր խոհուն, կապույտ աչքերով, նուրբ դիմագծերով…

-Իրոք, շատ գեղեցիկ էր Մենուան:

-Երբ դարձավ 33 տարեկան, իմ հոգում տագնապն ահագնացավ: Նրա երկրային կյանքը այդքան էլ տևեց՝ 33 տարի:

…Մենուան բարձունք էր սիրում: Մորս ծննդավայր Քարաշամբ գյուղում մի բլուր կա՝ վրան փոքրիկ հողակտոր: Մենուան ասում էր՝ բլուրի վրա տուն եմ կառուցելու: Նա հողի սիրահար էր: Սեփական մեծ այգի ունենալը ու վրան տուն կառուցելը Մենուայի մեծ երազանքն էր: Իսկ ամենամեծ երազանքը, որ նա փայփայում էր իր հոգում ու գծում էր թղթի վրա, այն Հայաստանն էր, որի սահմանները ձգվում էին մինչև Քուռ…Նա վարակված էր հայրենիքի սիրով մինչև արյան ու հոգու վերջին բջիջը:

-Դուք ի՞նչ գիտեք Մենուայի վերջին սխրանքի մասին:

-Կցկտուր տեղեկություններ: Մենուան հրամանատար էր ու կրակն իր վրա է վերցրել, որ փրկի իր զինվորների կյանքը: Ասում են՝ կռվել է կատաղի, կռվել է մինչև վերջին շունչը՝ հնարավորություն տալով զինակիցներին փրկվել:

… Երեկ զոհվածների մարմիններ են փոխանակվել, ու Մենուան արդեն հայրենիքում է…

Մի անգամ ասաց՝ մա՛մ, Գայլ Վահան՝ ինչ հերոսական ու սիրուն է հնչում: Ասացի՝ Աշոտ Երկաթն էլ է հնչեղ: Գայլ Վահանը փառահեղ է՝ պատասխանեց: Մենուան արծիվ էր սիրում: Երևան-Սևան մայրուղով անցնելիս անպայման մեքենայի ազդանշանով ողջունում էր հուշարձան արծվին: Մենուայի զոհվելու լուրը լսելուց հետո, երբ գիտակցության եկա, գնացի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում աղոթելու, խնդրելու Աստծուն, որ վերադարձնի որդուս: Հենց եկեղեցուց դուրս եկանք, մի թևատարած արծիվ եկավ ու սկսեց սավառնել մեր գլխավերևում: …Դուք հավատո՞ւմ եք հոգու անմահությանը:

-Հավատում եմ:

-Այդ արծիվը Մենուան էր:

-Մենուայի արծվենի վերադարձը կձգվի դարեր: Ամեն նոր սերունդ կբարձրանա նրա հետ, կարիանա, կճախրի: Արծիվ Մենուան ու նրա նման քաջերը մեզ թույլ չեն տա պարտվել:

 

Երբ Մենուան վերադառնում էր ռազմական վարժանքներից, աչքերը փայլում էին: Իմ տղան երջանիկ էր՝ զենքը ձեռքին: Դա նրա Խաչն էր: Երբ բոթը լսելուց օրեր անց կարողացա խոսել, առաջին նախադասությունը, որ ասացի, սա էր՝ Մենուան հասավ իր երազանքին…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


10/12/2020