Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ` ՆՈՒՅՆ ՕՐԸ…



ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ` ՆՈՒՅՆ ՕՐԸ...Պատերազմն  Արսեն Գրիգորյանի ընտանիքի համար սկսվեց և ավարտվեց նույն օրը. նա հավերժացավ սեպտեմբերի 27-ի գիշերը։ Ու թե որքան վճռական էր տրամադրված, որքան ուժ ուներ հաղթելու համար` իր հետ երկրից դեպի երկինք տարավ…

«Սպորտ շատ էր սիրում: Բանակը վերջացնելուց հետո պետք է բարձրագույն սովորեր, ուզում էր ՆԶՊ-ի ու ֆիզկուլտուրայի մասնագետ դառնալ, բայց նախևառաջ ցանկանում էր շարունակել ծառայությունը։ Ափսոս, եղբորս ճանապարհն ընդհատվեց…Նա չհասավ իր նպատակներին»,- ասում է Արսեն Գրիգորյանի եղբայրը` Արմենը։

Արսենին բոլորը որպես լուսավոր անհատականություն են հիշում։ Անցյալով չեն խոսում, նաև չեն հավատում, որ այլևս չեն տեսնելու նրան, նրա ժպիտը, աչքերը, չեն լսելու նրա ձայնը, կատակները։ Երանի այս ամենը վատ երազ լիներ։ Բոլորս մեզ հույս ենք տալիս, իսկ օրերը ցույց են տալիս, որ ցավին մի այլ ցավ է ավելանում, և ազգն ամբողջովին սգավորի զգեստ է հագել։

Հիշողություններ շատ կան, բայց դրանց մեջ փնտրել Արսենին չի՛ կարելի, որովհետև նա ներկա է ամեն քայլափոխի, ներկա է և ապրում է, այստեղ է… մեր կողքին։ Տան անդամները դառն իրականությանը չեն համակերպվում։ Այն, ինչ ապրելու համար արժեր ունենալ` Արսենն ուներ։ Եթե նվիրվում էր մեկին, եթե շփվում էր մեկի հետ` ապա անկեղծորեն, սրտով, հոգով, ամբողջ էությամբ…

«Խրամատից դեպի հավերժություն տանող ճանապարհին էլ ժպտացիր։ Հպարտ կեցվածքդ անվախ կերպարդ ստեղծեց… Ու հիմա արդեն երկնքում ես նույն կերպարով թևածում, Արսե՛ն…

Հանդիպածս ամենալավագույններից էիր։ Միշտ կարևորում էիր հայրենանվիրությունն ու ազգայինը։ Դու Հայրենիքի համար ծնվեցիր ու հիմա էլ Հայրենիքինն ես … Պատիվ ունեմ». երևի այս  խոսքերս դու  կլսես, մեր հերո՛ս տղա։

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Ճակատագրեր


10/12/2020